
Հայաստանում շարունակվում են 2020 թվականի պատերազմի դրվագների հետաքննությունները, այդ թվում՝ հազարավոր դեպքեր, որոնք դասակարգվել են որպես «դասալքություն», ինչպես նաև զինծառայողների մահվան հանգեցրած միջադեպերի հետ կապված դեպքերը։ Նման գործերում թեկուզ դժվար է, բայց հնարավոր է գտնել հանցագործության տարրեր։ Այնուամենայնիվ, կան մի շարք դեպքեր, երբ դժվար է որոշել, թե ով է մեղավոր և արդյոք հանցագործություն է կատարվել։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է «ձախողված» ռազմական գործողություններին կամ տարածքների հանձնմանը, ինչպիսին է, օրինակ, Արցախի նախկին պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գործը, որը “մեղադրվում է” Շուշիի մոտ բարձունքները հանձնելու մեջ։ Նրա նախորդողը՝ Ջալալ Հարությունյանը, «մեղադրվում է» «Լելե Թեփե» անունով հայտնի գործողությունը խափանելու մեջ։
Պաշտոնապես, Հայաստանի կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերին “ճանաչել է” Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ «համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»։ Այս ֆոնին «դասալքության» կամ «հողերի հանձնման» վերաբերյալ շարունակվող դատական հետաքննությունները, մեղմ ասած, տարօրինակ են թվում։ Առավել ևս, որ հետաքննության նպատակը ոչ թե պարզելն է, թե ով է տվել առաջխաղացման կամ նահանջի ընդհանուր հրամանները, այլ պարզել ստորին կամ միջին էշելոններում «մեղավորներին»։
Երեկ CivilNet-ը հրապարակեց ռեպորտաժ դատարանի դահլիճից, որտեղ ընթանում է «Լելե Թեփե» գործողության դատավարությունը։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած գործողությունը ձախողվել է, ինչը, ըստ ընդունված կարծիքի, հանգեցրել է ադրբեջանական ուժերի ճեղքմանը դեպի Հադրութ, ապա Շուշի։ Գործողությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել. հրապարակայնորեն այդպես էլ չի պարզաբանվել, թե ով է տվել գործողության հրամանը, թե՞ դա ինչ-որ մեկի ինքնուրույն որոշումն էր։
Նիստի ժամանակ Արթուր Օհանյանը հայտնեց, որ 2020-ի մայիսի վերջին և հունիսի սկզբին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ստացվել էր պաշտոնական գրություն, որով արգելվում էր տեխնիկայի շահագործումն ու ուսումնական գործընթացը, քանի դեռ Ռուսաստանից ներկրված անորակ յուղերը չեն փոխարինվել որակյալով։ Խնդիրը, ըստ նրա, համատարած էր թե՛ ՀՀ ՊՆ-ում, թե՛ Պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներում։
Եվ 2020 թ․ հոկտեմբերի 7-ի երկարատև երթի ժամանակ անորակ յուղն է դարձել տանկերի շարքից դուրս գալու պատճառներից մեկը, ասում է նա։ Ըստ տվյալների, Աղդամից դեպի Ջրական 6 կիլոմետրանոց երթից հետո 20 տանկից միայն 9-ն է հասել տեղ։
Ըստ մեղադրանքի՝ «Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակում, ինչից հետո փաստացի հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքը։
2020-ի Ղարաբաղյան պատերազմում հարավային ուղղությամբ տապալված գործողության՝ «Լելե Թեփեի» գործով վկա, տանկի հրամանատար Էդգար Խանամիրյանը բացառում է, որ զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը կամ գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը կարող էին դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարել, որ տանկերը տեղ չհասնեին կամ օպերացիան ձախողվեր։
Դատաքննության ընթացքում վկա Շահեն Շահինյանը հայտնեց, որ հոկտեմբերի 7-ի օպերացիայից հետո տարածք է ժամանել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը և հրամայել 30 րոպեի ընթացքում տեխնիկայով դուրս գալ այդ տեղանքից:
44-օրյա պատերազմի դրվագների ուսումնասիրությունը կարող է տարիներ շարունակվել, և միայն արդյունքը կլինի այն, որ ցածր և միջին մակարդակի դաշտային հրամանատարները տարիներով կմնան քննության, շատ դեպքերում՝ խափանման միջոցի տակ։ Նրանք անընդատ կփորձեն վերլուծել կատարվածը, սեփական որոշումները, կտառապեն վյետնամական սինդրոմից, սակայն նորից ու նորից կհանգեն հարցին՝ պատերազմում պարտությունը “պայմանավորվա՞ծ” էր, թե՞ հնարավոր էր չպարտվել։ Այս հարցի պատասխանը կլինի միայն այն դեպքում, երբ ՀՀ ներկայիս Կառավարությունը կլինի ոչ թե դատողի դերում, այլ զինվորների կողքին նստած կլինի ամբաստանյալների աթոռին։
Լուսանկարը՝ ՍիվիլՆեթ-ի