Արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքը ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից. զեկույց

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» շարունակել է նախընտրական շրջանում մշտադիտարկել արցախցիների դեմ ատելության խոսքը և հերթական զեկույցն է հրապարակել։ Մայիսի իրադարձություններին վերաբերող զեկույցը տարբերվում է մարտ և ապրիլ ամսվա զեկույցներից նրանով, որ հիմնականում ընդգրկում է պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը։ Այս մասին Հայկ Խանումյանը գրում է ՍիվիլՆեթ-ում։

Դրա հիմնական գեներացնողները դարձան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, իսկ արցախցիների դեմ ուղղված հռետորաբանության գլխավոր դերակատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ասված է հոդվածի մեջ։

Մայիսի 18-ին Երևանի Արաբկիր թաղամասում ընթացող քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց կասկածելի ծագմամբ մի տեսանյութ, որտեղ արցախյան բարբառով խոսող դիմակավոր անձինք սպառնալիքներ էին հնչեցնում իր հասցեին։

Տեսանյութի կոնկրետ անձանց թիրախավորելուց բացի, վարչապետը իր խոսքը տարածեց ողջ արցախցիների վրա՝ ծաղրելով «Ղարաբաղի ակցենտը» և հնչեցնելով հավաքական մեղադրանքներ, թե վերջիններս «ֆերարիներով փախած, մեր երեխեքին խրամատներում մենակ թողած» լակոտներ են։

Նույն օրը ավելի աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ արցախցի քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի մասնակցությամբ։ Երբ վերջինս մոտեցավ վարչապետին և մեղադրեց Արցախի կոռումպացված պաշտոնյաներին հովանավորելու մեջ, Փաշինյանը հունից դուրս եկավ. «Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը… Դու խի՞ ես կենդանի, այ տականք, ինչի՞ ես կենդանի»։

Հոդվածում մեջվեևվում են ևս մի քանի դրվագներ և եզրակացություն արվում։

Մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքը կրում է համակարգված բնույթ և ղեկավարվում է երկրի բարձրագույն իշխանության կողմից։ Պետական հանրային միջոցներով տրամադրվող աջակցությունը ներկայացվում է որպես կուսակցական ողորմություն, իսկ ցանկացած քննադատություն լռեցվում է հավաքական մեղքի ու դասալքության քարոզչական պատումներով։ Այս ամենի ֆոնին ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են բացարձակ անգործություն ցուցաբերել։

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։