
Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։
–Պարոն Այվազյան, վերջին օրերին նախ Նախիջեւանում, ապա՝ երեկ էլ Արդբեջանում տեղի ունեցան այսպես կոչված «փառատոններ», որոնց հիմքում Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներն ու նկրտումներն են։ Ինչպե՞ս պետք է պետական մակարդակով հակազդել Ադրբեջանի այս վտանգավոր քաղաքականությանը։
-Նախ մենք պետք է արձանագրենք հետեւյալը՝ Ադրբեջանի ղեկավարությունը արդեն երկար ժամանակ է՝ սարսափի մեջ է գտնվում։ Նրանք գիտեն, որ ոչ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը եւ ոչ էլ արցախահայության նկատմամբ վերջերս կատաված ցեղասպանական ակտը չեն մարսելու։ Իրենք լավ գիտեն, որ դրանք իրենց հողերը չեն, ոչ էլ Նախիջեւանն է իրենց հողը։ Այո, ավելի ճիշտ կլինի ներկայիս Ադրբեջանը անվանել հյուսիս-արեւելյան Հայաստան, քան Ադրբեջան։ Եվ, այո, նրանք գիտենք, որ արցախցիներն անպայման կվերադառնան, նրանք կպարտադրեն իրենց այդ իրավունքի իրագործումը։ Ավելի լավ կլինի Ալիեւը չբարբաջի այսպես կոչված «արեւմտայն Ադրբեջանի» մասին, այլ իր հասարակությանը թող պատրաստի, որ ավելի քան 3 մլն հայությունը պետք վերադառնան իրենց նախկին բնակավայրերը՝ եւ Բաքու, եւ Սումգայիթ, եւ Գանձակ, եւ Գարդմանք։ Դրանից են իրենք վախենում եւ փորձում նախահարձակ լինել ու ագրեսիվ քաղաքականություն վարել։ Եվ փոխանակ փորձեն իրենց գործած հանցանքի տակից դուրս գալ, փորձում են դեռ հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Անշուշտ, գործող ադրբեջանական ռեժիմը ոչ մի խաղաղության օրակարգ չունի։ Իրենք անում են ամեն ինչ, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանում՝ օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ շուրջբոլորն իրավիճակն անկայուն է։ Նկատենք, թե ովքեր էին Ադրբեջանում այդ «փառատոնների», իսկ իրականում սադրանքների կազմակերպիչները եւ մասնակիցները․ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարն իշխող կուսակցության պատգամավոր է, նաեւ Ադրբեջանի կրթության նախարարն էր մասնակցում եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Դա չի կարելի դիտարկել հասարակական նախաձեռնություն, դա պետական քաղաքականություն է։ Հետեւելով իրադարձություններին՝ ես արձանագրել եմ, որ իրենք իրենց հայատյացությունը, պատերազմի ու ռեւանշիզմի քարոզը մեկ աստիճանով անգամ չեն իջեցրել։ Իրենք լավ գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը ոչ մի Սահմանադրություն չի փոխելու, դրա համար անընդհատ բանագնացներ են գալիս Հայաստան։ Վերջերս Ալիեւի օգնական Հաջիեւը եկավ Հայաստան, նրանից առաջ Շահին Մուստաֆաեւն էր եկել։ Իրենք կոնկրետ փորձում են սպառնալ Հայաստանին՝ սրելով նաեւ «անկլավների» հարցը։ Բայց փաստ է, որ իրենք իրավունք չունեն ոչ իրավական, ոչ էլ պատմական հավակնություններ ներկայացնելու Հայաստանի որեւէ տարածքի նկատմամբ։
Այնպես որ, մենք պետք է հասկանանք, որ նրանք իրենց համար պատերազմը չեն դադարեցրել, լսեք վերջերս Շուշիում Ալիեւի արած հայտարարությունները։
Ամենակարեւորն այն է, որ մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք եւ հասկանանք, որ Ադրբեջանը երբեք իր ծրագրերից չի հրաժարվելու։ Բայց մենք ոչ թե պատասխանողի դերում պետք է լինենք, այլ պահանջողի եւ նախաձեռնողի դերում։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ Արցախի հարցը չի փակվել եւ ոչ էլ երբեւիցե կփակվի։ Իսկ եթե ուզում են վերադարձի հարցը բարձրացնել, ապա պետք է իրենց ժողովրդին ուղղակի հաշտեցնեն այն մտքի հետ, որ 3 մլն հայերը եւ նրանց ժառանգները պետք է վերադառնան իրենց պատմական հողերը՝ լինի տանկերով, թե ավտոմեքենաներով։ Այսինքն՝ երբ նրանք այսպիսի «փառատոններ» են անցկացնում, մենք պետք է հիշեցնենք մոտ 3 մլն ադրբեջանահայության մասին, Արցախի հայերի վերադարձի մասին եւ այդ երկիրը չկոչենք Ադրբեջան, այլ՝ հյուսիս-արեւելյան Հայաստան։
–Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քանի դեռ Հայաստանի խորհրդարանում կան Արցախի դրոշներ, քանի դեռ խոսում ենք արցախցիների վերադարձի մասին, Ադրբեջանն էլ տարածքային պահանջներ է ներկայացնելու Հայաստանին, եւ լինելու է պատերազմի վտանգ։ Որքանո՞վ է այս թեզը իրական, արդյոք սա միանիպուլյացիա չէ։
-Ժամանակին Ադրբեջանը խաղարկում էր Արցախի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» պատմությունը, նաեւ զուգահեռ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեման էր շրջանառում։ Մասնագետների համար գաղտնիք չէ, որ ամբողջ 30 տարիների ընթացքում նրանք սերունդներ են մեծացրել նացիստական գաղափարախոսության վրա։ Այսինքն՝ իրենց մոտ դա նոր չի սկսվել, ոչ էլ դա պատասխան է մեր կողմից հնչեցվող հայտարարությունների։ Այստեղ հայտարարություններ հնչեցնենք, թե չհնչեցնենք, իրավիճակը չի փոխվելու, նրանք 30 տարիների ընթացքում ռեւանշիստական ծրագրերը փայփայում էին եւ նախապատրաստվում էին այդ նենգ հարձակմանը։
Բայց նրանք ամբողջությամբ չեն հասել իրենց նպատակին՝ իրենց ամբողջական նպատակը հայկական պետականության բնաջնջումն է։ Միեւնույն է, իրենք ինչ-որ պատճառաբանություն կգտնեն, տարբեր անհեթեթ պահանջներ կներկայացնեն, որպեսզի ստեղծեն կազուս բելլի եւ հարձակվեն Հայաստանի վրա։ Կլինի դա «անկլավների» հարցը, հետո «անկլավների» համար նաեւ արտատարածքային միջանցքներ պահանջելը, հետո ոստիկանություն կփորձեն տեղադրել Հայաստանի տարածքում։ Այսինքն՝ հայկական պետականության ոչնչացումը թուրքերի ծրագրից երբեք դուրս չի եկել։ Հետեւաբար, մենք ինչ էլ անենք կամ չանենք, իրենք իրենց նպատակն ունեն, մեր պետությունը ոչնչացնելու իրենց ծրագրերը չեն փոխվելու։ Տարիների ընթացքում նրանց համար կայուն ծրագիր է դարձել հայկական պետականության իսպառ վերացումը տարածաշրջանից։
Մեր միակ փրկությունը հիմա այն է, որ առնվազն պահպանենք այն, ինչ ունենք, միշտ խփենք իրենց համար խոցելի տեղերին, միայն դա կարող է ագրեսորին որոշ չափով զսպել։ Ոչ թե Ացրախի եւ ադրբեջանահայության մասին խոսելն է վտանգավոր, այլ ընդհակառակը, վտանգավոր է այդ մասին չխոսելը։ Մենք եւ Արցախի, եւ ադրբեջանահայության հարցերն իրականում բավականաչափ մակարդակի վրա չենք էլ պահել այս 30 տարիների ընթացքում, բայց արդյոք դա կանգնեցրե՞ց Ադրբեջանին։
Այնպես որ, եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։ Եվ ամենակարեւորը, չպետք է ներքաղաքական լարումը տանել դեպի քաղաքացիական պատերազմի, ինչն Ադրբեջանի համար շատ ձեռնտու կլինի։ Մենք չպետք է տուրք տանք Ադրբեջանի գործողություններին, այլ պետք է անենք այն, ինչ համարում ենք ճիշտ մեր պետականության եւ ազգի համար։ Մենք պետք է փորձենք համարժեք հակադարձել ու չեզոքացնել վտանգները։
Ռոզա Հովհաննիսյան