Մինչև 2023 թ․ Հայաստանում արցախցիների նկատմամբ վերաբերմունքը իրավական չէր՝ քաղաքական էր

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

-Տիկին Բեժանյան, հավանաբար գիտեք, որ արցախցիները դժգոհ են իրենց քաղաքացիության հարցի շուրջ գործընթացներից։ Նրանք իրենց ՀՀ քաղաքացի են համարել, քանի որ ստացել են ՀՀ անձնագրեր, եւ հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարությունն իրենց ստիպում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Եթե այլ տարբերակ չկար, արդյոք հնարավո՞ր չէր ՀՀ կառավարության մեկ որոշմամբ արցախցիներին ճանաչել  ՀՀ քաղաքացի։

– Սկսեմ այնտեղից, որ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության կողմից երբևէ իրավական տեսանկյունից չի դիտարկվել, այն մեզ համար միշտ եղել է քաղաքական հարց։ Եվ Արցախի կարգավիճակի, Արցախի բնակչության քաղաքացիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը որևէ իրավական լուծում չի ընդունել։ Երբ 1999 թվականից Արցախի բնակիչներին սկսեցին ՀՀ անձնագրեր տրամադրվել, համաձայնագիր կնքվեց Հայաստանի եւ չճանաչված Արցախի Հանրապետության միջև, որտեղ նշվեց, որ այդ անձնագրերը տրվում են ոչ թե ճանաչելով նրանց քաղաքացիությունը, այլ որպես հարմարավետ անձնագրեր՝ միայն ճամփորդելու համար։

Ի դեպ՝ աշխարհում բավականին ընդունված փորձառություն է դա, երբ որևէ պետություն չճանաչված մեկ այլ պետության քաղաքացիների տալիս է իր անձնագրերը ճամփորդելու նպատակով։ Այսպես վերջերս վարվեց, օրինակ, Հորդանանը պաղստինցիների նկատմամբ կամ Լիբանանը, որոնք հայտարարեցին, որ իրենք իրենց անձնագրերը տալիս են Պաղեստինի բնակիչներին, որպեսզի իսրայելական հարձակումների ժամանակ փրկվեն և կարողանան դուրս գալ Պաղեստինից։ Այսինքն՝ մարդկանց կյանքը փրկելու համար, որպես ՄԱԿ-ի կողմից սահմանված հարմարավետ անձնագիր, իրենք իրենց անձնագրերը տվեցին, որ այդ մարդիկ կարողանան պատերազմական գոտուց դուրս գալ և ճամփորդել։

Այդ նույն սկզբունքով Հայաստանի Հանրապետությունը արցախցիներին տվել է իր անձնագիրը, որպեսզի իրենք կարողանան ճամփորդել։ Եվ եթե դուք բացեք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատական գործը, որով ՄԻԵԴ-ը վճիռը կայացրել է 2015 թվականին, Չիրագովը Հայաստանի Հանրապետությանը «մեղադրում էր, որ Արցախում բնակվում են ՀՀ քաղաքացիներ, և Արցախը փաստացի օկուպացված է»։ Նշվում էր, որ չնայած ասում են՝ չճանաչված պետություն է, բայց իրականում այն կարծես թե Հայաստանի Հանրապետության մաս է, և այնտեղ ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ Չիրագովին «թույլ չեն տալիս, որ ինքը կարողանա իրացնել իր սեփականության իրավունքը Լաչինում գտնված իր տան նկատմամբ»։

Դրան ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը հղում է արել 1999 թվականին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված այդ համաձայնագրին, որտեղ այդ հատվածը բավականին մանրամասն ներկայացված է, թե ինչպես է ստացվել, որ Արցախում ապրողներն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, բայց չունեն քաղաքացիություն։ Դրանով տալիս են պատասխան, թե այդ անձնագրերն ինչպես են հայտնվել արցախցիների մոտ։

Կան նաեւ բավականին թվով արցախցիներ, որոնք երբևէ չեն էլ ստացել այդ անձնագրերը եւ, օրինակ, սովետական անձնագրերով են եկել Հայաստանի Հանրապետության։ Այսինքն՝ իրենք այդ անձնագրերը հիմնականում ստանում էին այն դեպքում, եթե պետք է դուրս գային Արցախի տարածքից կամ գնային հանգստանալու, սովորելու։

2020 թվականի պատերազմից հետո հիմնականում սկսեցին դիմել, որովհետեւ սկսեցին հասկանալ, որ 2020 թվականին սկսված պատերազմը բավականին խնդիրներ կառաջացնի, եթե մարդիկ որևէ անձը հաստատող փաստաթուղթ չունենան և չունենան հնարավորություն արագ լքելու պատերազմական գոտին։ Այսինքն՝ այս առումով իրավական տեսանկյունից որքան էլ մենք փորձել ենք այս հարցը շատ սուր չներկայացնել, չդիտարկել, չքննարկել, ամեն դեպքում պետությունն ինչ-որ ձևով լուծում տվել է՝ պարզապես 1999 թվականի այդ համաձայնագիրը կնքելով, որ ինչ-որ կերպ ձևակերպի, թե ինչպես ստացվեց, որ մարդիկ ունեն այդ անձնագիրը և կարողանում են ճամփորդել այդ անձնագրով։

Սա այն հարցի պատասխանը, թե ինչպես եղավ, որ իրենք ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն։ Այլ հարց է, որ արցախցիներից ոմանք, այնուամենայնիվ, այդ անձնագրով իրացրել են ՀՀ քաղաքացու իրավունքներ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այո, այդ հարցը շատ է հնչում՝ ինչպե՞ս էր ստացվում, որ այդ անձնագրերով մարդիկ ՀՀ պետական համակագում աշխատանքի էին անցնում կամ իրացնում էին ՀՀ քաղաքացու մյուս իրավունքները։

-Այո, դա մինչև 2023 թվականն է եղել։ Արցախին վերաբերող շատ հարցրեի վրա մենք աչք ենք փակել եւ երբևէ իրավական ոչ գնահատական, ոչ կարգավիճակ չենք տվել։ Էլ չասեմ, որ Արցախից նախագահ ենք ունեցել, եղել են արցախցիներ, որոնք եկել են եւ տարբեր ընտրությունների են մասնակցել Հայաստանում։ Անգամ մարդիկ են եղել, որ հողի սեփականաշնորհումից են օգտվել, չնայած այդ իրավունքները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն են եղել, և արցախցիները հենց սկզբից այդ անձնագրով իրավունք չեն ունեցել նման գործարքներ կատարելու ՀՀ տարածքում։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանում շատ հարցեր լուծվել են այլ ձևով, և այդ հարցն էլ այդպես է լուծվել։

Իրականում արցախցիների կարգավիճակի հետ կապված հարցը մեր առջեւ ծառացավ միայն 2023 թվականի տեղահանությունից հետո։ Այսինքն՝ երբ սկսեց տեղահանությունը, մեր առաջ հստակ խնդիր դրվեց՝ պաշտպանել և Հայաստանի Հանրապետությունը, և այնպիսի կարգավիճակ տալ տեղահանված արցախցիներին, որ իրենք և միջազգային իրավունքի տեսանկյունից, և մեր օրենքների տեսանկյունից, և հետագային վերաբերող հարցերում մաքսիմալ չտուժեն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ եթե 2023 թվականին պետությունը սահմանին ասեր՝ նրանք բոլորը իմ քաղաքացիներն էին, արցախցիները հետագայում շատ լուրջ խնդիրներ կունենային թե վերադարձի հետ կապված հարցերը բարձրացնելիս, թե այնտեղ եղած գույքի նկատմամբ իրենց իրավունքները քննարկելիս, թե այլ հարցերում։ Այսինքն՝ իրենք կհաստատեին մի փաստ, որ Հայաստանի Հանրապետությունն իրապես «օկուպացրել էր այդ տարածքը», և իր քաղաքացիներն այնտեղ ապրում էին, էլ ի՞նչ փոխհատուցում, էլ ի՞նչ կարգավիճակ։ Այդ դեպքում նրանք ոչ փախստական կլինեին, ոչ էլ կֆիքսվեր, որ իրենց բռնի տեղահանել են իրենց պատմական հայրենիքից։

-Այսինքն՝ այդ հիմնավորմա՞մբ է մեկ որոշմամբ արցախցիներին տրվել ժամանակավոր պաշտապնության տակ գտնվողի կարգավիճակ։

-Այո, հավատացեք՝ բավականին երկար քննարկումներ են գնացել, թե ի՞նչ որոշում կայացվի, որ մաքսիմալ չվնասվեն արցախցիները։ Եվ եթե դուք կառավարության 1864-Ն կորոշումը կարդաք, պրեամբուլայում գրված է․ «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր մշտական բնակության երկրից՝ հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, նկատի ունենալով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակաբար զրկված են իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու հնարավորությունից, հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում թիրախավորվել են նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը, նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության բացահայտ ագրեսիան և լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրել են տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, Ադրբեջանի Հանրապետության հայատյաց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն չունեն ներկայումս վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ ժողովրդի անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների բացակայությունը, ելնելով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից․․․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։

Այսինքն՝ կառավարության այս որոշման մեջ հստակ նշված է, որ տեղի է ունեցել բռնի տեղահանություն, և արցախցիներին հանել են իրենց երկրից։ Հայաստանի Հանրապետությունը, չնայած որ դա չճանաչված պետություն է, այդ մարդկանց տվել է ժամանակավոր պաշտպանություն և փախստականի կարգավիճակ՝ ֆիքսելով նրանց բռնի տեղահանված լինելը։ Մենք ուրիշ բան չէինք կարող անել, մենք Արցախը չենք ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածք, որ նրանց համարեինք ներքին տեղահանվածներ։ Մենք չենք կարող ասել, որ այնտեղ ապրում էին ՀՀ քաղաքացիներ, այդ դեպքում մեր պետությունը «օկուպանտ պետություն» էր դառնում։ Արցախն էլ անկախ պետություն էր իրեն հռչակել, հիմա մենք կողմ ենք, թե դժգոհ ենք, որ Արցախը չէր միացել Հայաստանին, դա այլ հարց է։ Տվյալ պահին խոսքը 2023 թվականի սեպտեմբերի մասին է։ Երբ տեղի ունեցավ այդ տեղահանությունը, ես ձեզ հավատացնում եմ, միակ ճիշտ որոշումը դա էր՝ ֆիքսել տեղահանությունը, տալ ժամանակավոր պաշտպանություն՝ փախստականի կարգավիճակ։

Մյուս կողմից, հաշվի առնենք, որ Արցախն ինքնուրույն էր վարում իր փաստաթղթային բազաները։ Օրինակ՝ ՔԳԱԿ մարմինների արխիվները մեր ՔԳԱԿ մարմիններին միացած չէր, սոցապը մեր սոցապին միացած չէր։ Հետևաբար, փաստաթղթերի այդ բազաները ոչ ամբողջությամբ են հասել Հայաստանի Հանրապետություն, եւ անհրաժեշտություն կար փաստաթղթերը ճշտելու։ Ես միշտ արցախցիներին ասում եմ՝ դուք փոքրիկ Արցախում էիք ապրում, բոլորդ իրար ճանաչում էիք, և եթե ձեր անձնագրային կամ ՔԳԱԿ մարմնի աշխատողն անգամ դեմքով գիտեր, թե դու ում որդին ես եւ քեզանից կարող էր փաստաթուղթ չպահանջել, ինչը, ցավոք սրտի, հաճախ արել են, Հայաստանի Հանրապետությունում դա չի կարող լինել։

Չեք պատկերացնում, թե փաստաթղթերի մեջ ինչքան շատ սխալներ կան՝ մեկ անձը 4-5 փատսաթուղթ ունի, բոլոր տեղերում անուն-ազգանունը տարբեր է գրված։ Անձի ատեստատը չի համապատասխանում ծննդյան վկայականին, ծննդյան վկայականը չի համապատասխանում անձնագրին, և նույնականացման խնդիր կա։ Դրա համար ես միշտ ասում եմ՝ մի բողոքեք, ժողովուրդ ջան, հենց սկզբից մաքրեք ձեր փաստաթղթերը, նույնականացվեք, սա բավականին լավ շանս է, որովհետև դուք վաղը մյուս օր գնում եք արտերկիր, էլի խնդիր է ծագում։

Այդպիսի խնդիր ունենք, երբ մարդը գնացել է Ռուսաստանի Դաշնություն, այստեղ ունի փախստականի կարգավիճակ, չի ուզում քաղաքացիություն ստանալ, ուզում է ՌԴ քաղաքացիություն ստանալ, իր իրավունքն է, բայց գնացել է այնտեղ եւ փաստաթղթերի նույնականացման խնդիր ունի։ Այդ մարդը ստիպված նորից վերադարձել է Հայաստան, փոխել է փաստաթղթերը, որպեսզի ինքը կարողանա իր հետագա գործողությունները անել։ Այսինքն՝ իրենք թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս խնդիր են ունենալու, քանի դեռ իրենց փաստաթղթային բազան չեն շտկել։

Բայց այստեղ ուրիշ հարց էլ է առաջ գալիս, որին մենք ամեն օր առնչվում ենք, եւ այդ հարցը դեռ լուծում չի ստացել։ Այդ հարցը վերաբերում է հատկապես տարիքով մեծ մարդկանց փաստաթղթերին, որոնք, օրինակ, չեն բերել իրենց ծննդյան վկայականը, իսկ այդ ծննդյան վկայականը որևէ արխիվում չկա։ Եվ չնայած պետություն ասում է՝ ես այդ մարդկանց համար երկու միջոց եմ տվել, առաջինը՝ դատարանով փաստի ճանաչում, երկրորդը՝ նոտարներին իրավունք է տրվել փաստի ճանաչում անել, բայց ցավով պետք է նշեմ, որ երկու ծառայություններն էլ բավականին թանկ ծառայություններ են։ Անգամ նոտարական այդ փաստի ճանաչումը 60,70 մինչև 110 հազար դրամի է հասնում, և ոչ բոլոր նոտարներն են հանձն առնում այդ ծառայությունը մատուցել։ Իսկ նոտարները անհատներ են, պետական կառույց չեն, որ պետությունը մի որոշումով ասի՝ գիտեք, այսուհետև դուք անվճար եք մատուցելու այդ ծառայությունը։

Բայց այդ հարցը պետք է լուծել, այո, այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Եթե մենք որոշել ենք, որ արցախցիներին տվել ենք իրավական կարգավիճակ, պետք է փաստաթղթերը նույնականացվեն, ինչը ողջունելի է, մարդկանց ավելորդ քաշքշուկի մեջ չպետք է գցենք։ Ուստի, պետք է ընդառաջ գնալ՝ հաշվի առնելով տեղահանության հանգամանքը և այն, որ իրենք չեն կարողացել և չեն ունեցել հնարավորություն բոլոր փաստաթղթերը բերելու։ Այս անցումը պետք է կատարվի մաքսիմալ անցնցում, այս մարդիկ վճարունակ չեն, սոցիալական նպաստներով ապրող մարդիկ են, այսինքն՝ 4 անդամ ունեցող ընտանիքի ամսական բյուջեն չեն կարող հատկացնել միայն մեկ անձի փաստաթուղթը մեկ նոտարով վավերացնելու համար։

-Հատկապես ընտրություններից առաջ արցախցիներից դժգոհություններ կային, որ իրենց քաղաքացիություն տալու գործընթացը ձգձգվում է։ Նրանք դա կապում էին ընտրությունների հետ, դուք ի՞նչ եք նկատել, դիտավորություն կա՞ր այդ գործընթացում։

-Ես երկու տարի շարունակ արցախցիներին համոզում էի, ասում էի՝ բերեք ձեր փաստաթղթերը, ինչը վերականգնելու է, վերականգնենք, մասնակցեք բնակապահովման ծրագրին և այլն։ Մարդիկ ասում էին՝ չէ, մենք չենք ուզում, որ մեր երեխաները Հայաստանում ծառայեն, մենք չենք ուզում Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, ասում էին՝ դուք ուզում եք՝ մենք մնանք այստեղ, չեք ուզում, որ հետ գնանք Արցախ։ Եվ մեկ էլ հոպ, ընտրություններից երկու ամիս առաջ շատ մեծ թվով մարդից որոշեցին քաղաքացիություն ձեռք բերել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան էլ օնլայն լիներ և ինչքան էլ հենց արցախցիների համար ժամկետը կրճատեցին (90 աշխատանքային օրը 30-60 աշխատանքային օր դարձրեցին), դիմումներն այն ծավալի էին, որ, հավատացեք, աշխատողները չէին բավականացնում այդքան փաստաթուղթը ստուգելու և ուղարկելու։ Պետք է հաշվի առնել նաև այդ կառույցի հնարավորությունը, ճիշտ է, այդ կառույցը փորձեց հարցը լուծել, իրենք հայտարարեցին եւ արտահաստիքային նոր աշխատողներ ընդունեցին, պայմանագիր կնքեցին, որ փորձագետներ ներգրավեն, բայց նորից եմ ասում՝ մարդու փաստաթղթի հետ գործ ունենք, ամեն սխալ տառի ներբեռնումը համակարգ ամբողջ կյանքում այդ մարդու ճակատագրի վրա ազդում է, հետո պիտի փաստաթուղթ փոխի։ Այսինքն՝ շատ գերուշադիր աշխատանք պետք է տանել փաստաթղթերին վերաբերվող հարցերում, այդ գերուշադիր լինելու հետ մեկտեղ մենք ունենք այսպիսի մեծ խոսք, և, բնականաբար, ծավալը սկսեց գերազանցել եղած հնարավորությունը։

Արցախցիները դժգոհում էին, որովհետև իրենց համար որոշ դեպքերում սկսեցին կիրառել նախատեսված 90 աշխատանքային օրը, որովհետեւ անհնար էր այդ ծավալի մեջ իրենց համար արտակարգ ռեժիմը կիրառել։ Ես դիտարկել եմ մի քանի տասնյակ մարդու փաստաթուղթ, երբ իրենք ունեցել են տարբեր անուն-ազգանուններով ծննդյան վկայական և անձնագիր, բայց նկարը նույն մարդունն է։ Ասում է՝ գնացինք Ռուսաստան, մուտքի արգելք դրին, եկանք, մեր այսինչին ասացինք՝ մեզ նոր ծննդյան վկայական տվեք ու այդ հիմքով անձնագիր։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի՞ հետ գործ ունենք։ Ամեն անգամ ես իրենց բացատրում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, դա նաև ձեզ է օգուտ, որ փաստաթուղթը հստակեցվի, հիմա դուք մեզ մոտ եկել եք երկու ծննդականով ու երկու անձնագրով, ես ո՞նց իմանամ՝ դու ով ես, քեզ չեմ ճանաչում։

-Դուք ասացիք, որ արցախցիներին մեկ որոշմամբ ՀՀ քաղաքացիություն չտվեցին նաեւ այն պատճառով, որ մարդկանց սեփականության իրավունքը պահպանվեր։ Բայց հավանաբար տեղյակ եք, որ արցախցիների մի մասը հիմա խուսափում են դիմել ու ՀՀ քաղաքացիություն ստանալ գլխավորապես հենց այն պատճառով, որ մտավախություն ունեն Արցախում թողած իրենց գույքային ու սեփականության իրավունքների հարցով։ Ասում են՝ սրանով կչեզոքանան իրենց իրավունքները, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ես դրա համար ասացի՝ եթե դուք կառավարության 1864-Ն որոշումը կարդաք, ինքը հենց կանխարգելել է նաև այդ հանգամանքը։ Այսինքն՝ այդ որոշմամբ հենց տեղահանության պահին ֆիքսվել է կարգավիճակը՝ տեղահանված, փախստական։ Դրանից հետո ի՞նչ կարգավիճակ էլ ինքը ձեռք բերի՝ ՀՀ քաղաքացիություն, ՌՌ քաղաքացիություն, թե Ուրուգվայի կամ Մոզամբբիկի, 2023 դրությամբ ֆիքսված է իր տեղահանված փախստական լինելու հանգամանքը։ Ինքը միշտ ունի հնարավորություն իր գույքի համար բողոքարկելու։ Եվ հարյուրավոր, հազարավոր արցախցիներ գույքային սեփականությանը վերաբերող հայցեր են ներկայացնում ՄԻԵԴ։ Իրենք քաղաքացի դառնալը հետադարձ ուժ չունի 2023 թվականին իրենց տեղահանված լինելու հանգամանքի վրա։ Ես հիմա կարող եմ մի փաստի մասին ասել, որը կարող է ձեզ զարմացնել, դրա մասին չի խոսվում, բայց իրականում գոյություն ունի։ Դուք գիտե՞ք, որ Ցեղասպանությունից ավելի քանի 100 քանի տարի անց էլ Ցեղասպանության զոհերի չորրորդ սերունդն այսօր դատի են տալիս Թուրքիայի կառավարությանը եւ փոխհատուցում են տանում իրենց նախնիների գույքի համար՝ ապացուցելով այդ գիծը, որ իրենք նրա ուղիղ ժառանգն են։ Այսինքն՝ այդ իրավունքը չորրորդ, հինգերերդ սերունդը չի կորցրել։ Եվ ճիշտ չէ այն պնդումը, թե արցախցիները կկորցնեն այդ իրավունքը, եթե ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն։

Պարզապես, ցավոք սրտի, կան նաև շատ խելոք մարդիկ, ովքեր այս հարցը մանիպուլացնում են։ Արցախցիները չեն ունեցել ՀՀ քաղաքացիություն, չնայած, նորից եմ ասում, նրանցից շատերը, քաղաքական որոշ հանգամանքներից ելնելով, իրացրել են ՀՀ քաղաքացու իրավունքները։ Եվ անգամ կառավարության 1864-Ն որոշման մեջ նշված է, որ այն մարդիկ, ովքեր իրացրել են ՀՀ քաղաքացու իրավունքը՝ չհանդիսանալով ՀՀ քաղաքացի, իրենց չի տրվում փախստականի կարգավիճակ, որպեսզի իրենց իրավունքները չդադարեն։ Որպեսզի, օրինակ, չասեն՝ դու չունես հողի սեփականությունից օգտվել իրավունք, այդ հողը քեզնից հիմա կվերցնենք, եւ էլի շատ օրինակներ։ Այսինքն՝ այս հարցում էլ են ընդառաջել, չնայած իրավական տեսանկյունից իրավունք չունեին նման բան անելու։

Ռոզա Հովհաննիսյան