
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով զիջումների մասին հարցին, հայտարարել է. «Եթե նկատի ունեն Ղարաբաղը, ապա ես հպարտ եմ, որ Հայաստանը և հայ ժողովրդին դուրս եմ բերել այդ թակարդից»։
Դրանից հետո անցել է Տիգրանաշենի հարցին, կրկին այն անվանելով Քյարքի և պնդելով, որ այն չի մտնում “Ռեալ Հայաստանի տարածքի” մեջ։ Այսինքն, շուտով նա պատրաստվում է հպարտանակ, որ Հայաստանը ազատել է նաև “Քյարքիի” թակարդից։
Փաշինյանն ասել է, որ անկլավների վերադարձի մասին ընդհանրապես չի խոսել, այլ միայն արձանագրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակում 3 անկլավների բացակայությունը և Արծվաշենի առկայությունը։ Նրա խոսքով՝ դա չճանաչելը նշանակում է անուղղակիորեն պատերազմ հայտարարել Ադրբեջանին։
Փաշինյանը հավաստիացրել է, որ ամենևին մազոխիստ չէ և այդպես վարվում է բացառապես սպառնալիքը չեզոքացնելու համար, քանի որ կան արտաքին և ներքին ուժեր, որոնք ցանկանում են քանդել հաստատված խաղաղությունը։ Անկլավների թեման, շարունակել է Փաշինյանը, խաղաղության տապալման «նյարդ» պարունակող վերջին թեման էր, և ինքը հեռացրել է այդ «նյարդը»։
«Եթե չասենք Քյարքի, կստացվի, որ կհրաժարվենք Ջերմուկի տարածքներից։ Այդ դեպքում կգործի այն տրամաբանությունը, թե ով ինչ գրավել է, դա էլ իրենն է։ Անկլավների և էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությանը խոչընդոտելու ծրագիր», – հավաստիացրել է Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ Բաքվի հետ թեման չի քննարկվում, իսկ հարցերով զբաղվում է դելիմիտացիայի հանձնաժողովը, որի կանոնադրությունը երկրները վավերացրել են։
Փաշինյանը կտրականապես չի համաձայնել այն պնդման հետ, թե տարածքների փոխանցումը կխախտի երկրի մարզերի միջև հաղորդակցությունը, ինչի ապացույցը, նրա խոսքով, Կիրանցի օրինակն է։
Նրա խոսքով՝ փոխանցումը չպետք է ուղեկցվի մարդկանց միգրացիայով։ Այսինքն, Տիգրանաշենի բնակիչները կհայտնվեն Ադրբեջանում, իսկ Արծվաշենի ներկայիս ադրբեջանցի բնակիչնեչը՝ Հայաստանո՞ւմ։