Վերականգնողական կենտրոնը շարունակում է իր առաքելությունը

«ԱԴՐԱ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը հերթական անգամ կազմակերպել է էքսկուրսիա իր շահառու երեխաների և նրանց ընտանիքների համար՝ ստեղծելով մի օր, որը միավորել է վերականգնումը, հոգեբանական աջակցությունը, ընտանեկան շփումը և ուրախ ժամանցը։

Օրը հագեցած էր տարբեր միջոցառումներով, որոնք համատեղում էին վերականգնողական, հոգեբանական և սոցիալական բաղադրիչները։

Մասնակիցները նախ այցելեցին եկեղեցի, որտեղ անցկացրին խաղաղ ու հոգևոր մթնոլորտում հանգստի պահեր։ Այնուհետև երեխաները մասնակցեցին ջրային թերապիայի, որը ոչ միայն նպաստում է շարժողական կարողությունների զարգացմանը և ֆիզիկական ակտիվությանը, այլև բարձրացնում է երեխաների ինքնավստահությունը, օգնում հաղթահարել վախերն ու ձեռք բերել նոր հմտություններ։

Մինչ երեխաները մասնակցում էին ջրային թերապիային, նրանց մայրերի համար կազմակերպվել էր հանդիպում հոգեբանի հետ։

Անվտանգ և վստահելի միջավայրում նրանք հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով, խոսելու առօրյա դժվարությունների մասին, ստանալու մասնագիտական աջակցություն և պարզապես մի քանի ժամ հատկացնել սեփական հոգեկան առողջությանը։

Սա հատկապես կարևոր է այն ընտանիքների համար, որտեղ ծնողները շուրջօրյա խնամք են իրականացնում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և հաճախ սեփական կարիքները հետին պլան են մղում։

Էքսկուրսիայի ամենաջերմ դրվագներից մեկը միասին պիցցա պատրաստելն էր։ Երեխաներն ու ծնողները միասին աշխատեցին, ստեղծեցին, ծիծաղեցին և վայելեցին համատեղ աշխատանքի արդյունքը։

Նման նախաձեռնությունները Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատանքի կարևոր մասն են կազմում։ Այս մոտեցումը շարունակությունն է այն երկարամյա մարդասիրական առաքելության, որն արդեն տասնամյակներ իրականացնում է «Մարդասիրական օգնության հիմնադրամ» (HART) միջազգային կազմակերպությունը։

HART-ը երկար տարիներ աջակցել է Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, որը շուրջ 25 տարի եղել է հաշմանդամություն ունեցող երեխաների, մեծահասակների, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց և երկարատև վերականգնման կարիք ունեցող մարդկանց համար կարևորագույն մասնագիտացված հաստատություններից մեկը։

2023 թվականի Արցախից բռնի տեղահանումից հետո կենտրոնի գործունեությունը կանգնեց լուրջ մարտահրավերների առաջ։

Սակայն հիմնադիր և տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ մասնագիտական թիմը շարունակեց իր աշխատանքը Հայաստանում՝ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված փորձն ու ծառայությունների շարունակականությունը։

Վերջերս Step1.am-ի հետ զրույցում HART-ի գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը նշել էր, որ կազմակերպության առաքելությունը չի փոխվել նույնիսկ 2023 թվականի ողբերգական իրադարձություններից հետո։

«Արցախում հազարավոր մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ստանում էին անհրաժեշտ բժշկական և սոցիալական աջակցություն, հանկարծ կորցրեցին այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Այսօր մեր հիմնական նպատակն է վերականգնել մարդկանց արժանապատվությունը, կայունությունը և անհրաժեշտ խնամքի հասանելիությունը։ Սա հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր մշտական մասնագիտական աջակցության կարիք ունեն»,- նշել էր նա։

Սեմ Մեյսոնի խոսքով՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պարզապես բուժհաստատություն չէ, այլ տարիների ընթացքում ձևավորված խնամքի, վստահության և մասնագիտական աջակցության մոդել, որը HART-ը ձգտում է վերականգնել Հայաստանում՝ այն լրացնելով արտագնա ծառայություններով և տնային այցելություններով։

Այս համատեքստում «ԱԴՐԱ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը դառնում են այդ աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկը։

Այս նախաձեռնություններին զուգահեռ, կենտրոնի շահառուները մեծ հույսով սպասում են Եղվարդում կենտրոնի մասնաշենքի լիարժեք վերաբացմանը։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո նրանք ակնկալում են կրկին օգտվել այն մասնագիտական ծառայություններից, որոնք երկար տարիներ հասանելի էին Արցախում։

Նրանցից մեկն է մանկուց հաշմանդամություն ունեցող Արմեն Ասրյանը, ով պարբերաբար վերականգնողական բուժման կարիք ունի։

Ինչպես բազմաթիվ այլ շահառուներ, 2023 թվականից ի վեր նա Հայաստանում վերականգնողական ծառայություններից չի օգտվում և հույս ունի, որ կենտրոնի վերաբացումից հետո կրկին հնարավորություն կունենա ստանալու շարունակական և մասնագիտացված վերականգնողական բուժում։

Արսեն Աղաջայան