
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիներին ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։
Ներկա էր նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, որն իր ելույթում ասաց մի բան, ինչի մասին լուրջ քաղաքական գործիչները ամոթից լռում են։
Նա ասաց, որ Եվրոպան հանգիստ հետևում է, երբ Բաքուն ինքնորոշման համար պայքարած մարդկանց մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ։
«1990-ականների սկզբին Եվրոպան աջակցում էր Արցախում ինքնորոշման պայքարին։ Իմ հայրը և ուրիշները պարզապես պաշտպանում էին իրենց ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հիմա նրանք դատվում են, իսկ աշխարհը լռում է», – ասաց Արմեն Իշխանյանը։
1990-ականների սկզբին Արցախը, ժողովրդավարական ալիքի վրա, հասավ ինքնորոշման իրականացման և հայտարարեց իր վերամիավորման մասին Հայաստանի հետ։
Այդ կապակցությամբ համաշխարհային մամուլը լցված էր Արցախի և ամբողջ հայ ժողովրդի պայքարի մասին ոգևորված հոդվածներով։ Տարբեր երկրների խորհրդարանները բանաձևեր ընդունեցին, իսկ ԱՄՆ Կոնգրեսը՝ «Ազատության մասին» խարտիայի 907-րդ հոդվածով արգելեց Ադրբեջանին ռազմական օգնությունը, մինչև այն չվերացնի Հայաստանի և Արցախի շրջափակումը և չհրաժարվեր իր ագրեսիայից։ Այս բանաձևերը ուժի մեջ են մինչ օրս, շրջափակումը և ագրեսիան նույնպես։
Սակայն Խորհրդային Միության փլուզումից և Արևմուտքի կողմից նոր Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու փորձերի արդյունքում աջակցությունը ձևափոխվեց․ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Արցախյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու համար: Նախկին դիվանագետների խոսքով՝ այդ ժամանակ, ըստ երևույթին, Ռուսաստանի հրահրմամբ, լռելյալ որոշում կայացվեց, որ հետխորհրդային հակամարտությունները պետք է լուծվեն խորհրդային սահմաններում։
Ալիևը այսօր խոստովանում է, որ 30 տարի շարունակ աշխարհը փորձել է համոզել Ադրբեջանին «կամավոր» հրաժարվել Արցախից և ճանաչել նրա Հայաստանի հետ կապը: Ալիևը խոստովանում է, որ արևմտյան երկրները նրան զգուշացնում էին ռազմական գործողությունների չդիմել՝ սպառնալով պատժամիջոցներով: Հայտնի է նաև, որ 2016 և 2020 թվականներին որոշ երկրներ սպառնացել են ճանաչել Արցախի անկախությունը, եթե Ալիևը շարունակի ռազմական գործողությունները։
Սակայն 2020 թվականի պատերազմից հետո Ալիևի դեմ որևէ սանկցիա չի ձեռնարկվել. Հայաստանը դա չի պահանջել և որևէ քայլ չի ձեռնարկել միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար։
Ավելին, 2022 թվականին եվրոպացի առաջնորդները Պրահայում ապահովեցին Փաշինյանի և Ալիևի միջև հուշագրի ստորագրումը՝ ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային սահմանները: Իսկ Հայաստանի առաջնորդը հայտարարեց, որ Արցախի կորուստը նշանավորեց Հայաստանի ինքնիշխանության սկիզբը։
Սակայն, շատ չի անցել 1990-ականներից, երբ Ղարաբաղյան շարժումը հանգեցրեց ոչ միայն Հայաստանի և այլ խորհրդային հանրապետությունների անկախացմանը, այլև անուղղակիորեն Բեռլինի պատի փլուզմանը 1989-ի նոյեմբերին: 1 ամիս անց Արցախը և Հայաստանը հայտարարեցին վերամիավորման մասին, և դա ցնցությամբ ընդունվեց։
Անցավ երեք տասնյակ տարիներ, և 2020 թվականին պատերազմ սկսած Ալիևի անպատժելիությունը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը և այլ ագրեսիվ գործողությունների, որոնք աշխարհը արդեն հինգ տարի պահում են պատերազմի և ճգնաժամի մեջ։
Արմեն Իշխանյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ հիշեցում է Արցախյան շարժման, իրավունքի և ինքնորոշման նշանակության մասին հենց Եվրոպայի համար և «կանխատեսում» աշխարհում ապագա զարգացումների մասին, որոնք սկիզբ առան Ղարաբաղյան հարցի ուժային լուծումից:
Բաքվում «դատվում» են ոչ թե Ղարաբաղյան շարժման առաջնորդները, այլ Եվրոպայի ժողովրդավարական ռոմանտիզմը, որը նպաստեց ԽՍՀՄ-ի լուծարմանը, սակայն 30 տարի անց հայտարարվեց «ռազմական հանցագործություն»: