
Հուլիսի 16-ին արցախցի երգչուհի և հասարակական գործիչ Լիլիթ Ավանեսյանը կարևոր հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Ոսկեհատ բնակավայրում ավարտվել են բնակարանային սերտիֆիկատ ունեցող 1–3 անդամից բաղկացած ընտանիքների համար նախատեսված բնակելի տների վերջնական նախագծերը։ Նրա հրապարակման համաձայն՝ մեկ անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսված է կառուցել 60 բնակարան՝ 17 քմ մակերեսով և 5 մլն դրամ արժեքով, իսկ երկու և երեք անդամ ունեցող ընտանիքների համար՝ 72 բնակարան՝ 32 քմ մակերեսով և 10 մլն դրամ արժեքով։ Շինարարությունը նախատեսվում է սկսել օգոստոսի 15-ից։
Քանի որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, առաջնահերթությունը կտրվի այն շահառուներին, որոնք արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն և պատրաստ են կատարել 1 մլն դրամ կանխավճար։ Բոլոր գործարքները, ըստ նրա, իրականացվելու են օրենքի պահանջներին համապատասխան՝ նոտարական ձևակերպմամբ և իրավական ամբողջական ապահովմամբ։
Առաջին հայացքից սա հերթական կառուցապատման ծրագրի մասին տեղեկատվություն է, սակայն իրականում այն վերաբերում է բնակարանային ծրագրի ամենացավոտ խնդրին։ Հենց մեկ, երկու և երեք անդամից բաղկացած ընտանիքներն են այն խումբը, որի համար բնակարանային սերտիֆիկատների կիրառումը գործնականում ամենադժվարն է։ Ու եթե կառավարությունը, որն մինչ օրս խոսափում էր կառուցապատման ճանապարհով լուծել արցախցիների խնդիրը, փոխում է իր դիրքը, դա արդեն լավ նծան է։
Step1.am-ը վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ ներկայացնելով թե՛ շահառուների պատմությունները, թե՛ ոլորտի մասնագետների գնահատականները։ Դրանցից պարզ էր դառնում, որ փոքր ընտանիքների համար նախատեսված պետական աջակցության չափը մեծամասամբ չի համապատասխանում Հայաստանի անշարժ գույքի շուկայի իրականությանը։ Արդյունքում հազարավոր մարդիկ, ունենալով բնակարանային սերտիֆիկատ, չեն կարողանում գտնել այնպիսի բնակարան կամ տուն, որը հնարավոր կլինի ձեռք բերել պետական աջակցության շրջանակում։
Այս խնդրի մասին դեռ ամիսներ առաջ Step1.am-ին տված հարցազրույցում խոսում էր նաև Լիլիթ Ավանեսյանը։ Նա համոզված էր, որ անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային լուծումներ՝ կառուցելով փոքր, բայց արժանապատիվ բնակելի տներ, որոնք ֆինանսապես հասանելի կլինեն բնակարանային սերտիֆիկատ ունեցող ընտանիքներին։ Այսօրվա հրապարակումը փաստացի վկայում է, որ այդ գաղափարը սկսում է գործնական տեսք ստանալ։
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ուժը առաջարկել են առանձին ավաններ կառուցել արցախցիների և սոցիալապես խոցելի խավերի համար։ Սոցիալական բնակարաններ կառուցելու մոտակա 10 տարվա պլանների մասին խոսել է նախընտրական շրջանում նաև սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Թե ինչու կառավարությունը շահագրգռված չէր սոցիալական բնակարաններ կառուցել, դեռ հարց է։ Որպես պատրվակ բերում էին “արցախցիների համար գետտո” չստեղծելու ցանկությունը։ Սակայն դա այդքան էլ արդարացված պատճառ չէր․ արցախցիների բնակվարձերի փոխհատուցման և բնակարանային սերտիֆիկատների համար նախատեսված գումարները (որի մեծ մասը պետությությունը միջազգային ֆոնդերից պարտքով է վերցնում) ավելի արդյունավետ է նոր բնակարանների կառուցման վրա ծախսել, քան մարդկանց դատապարտել առնել էժան և ոչ հարմարավետ տներ։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը Step1.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ հասարակական կազմակերպությունները կառավարությանը ներկայացրել էին մի շարք առաջարկություններ, ինչի արդյունքում բնակարանային ծրագրում կատարվել էին որոշ փոփոխություններ։ Սակայն խնդրի լուծումը միայն սերտիֆիկատների գումարի վերանայումը չէ։ Անհրաժեշտ է նաև ստեղծել մատչելի բնակարանային նախագծեր, որոնք կկառուցվեն հենց ծրագրի շահառուների համար և կհամապատասխանեն նրանց ֆինանսական հնարավորություններին, ասել է նա։
Բազմաթիվ անգամ նման լուծումների մասին խոսել է Արցախի օմբուդսմն Գեղամ Ստեփանյանը։ Իսկ Արցախի նախկիտ տարածքային հարցերով նախարար Հայկ Խանումյանի կարծիքով, ՀՀ կառավարությունը 2024-ից չէր ընդունում սոցիալական կառուցապատման միջոցով արցախցիների բնակարանային հարցերի լուծումը, դրա պատճառով կորցրել ենք 2 տարի։ 2 տարի առաջ մարդիկ բնակվարձի փոխհատուցում էին ստանում և կարող էին իրենց թույլ տալ 1 տարի սպասել իրենց տան կառուցմանը, իսկ հիմա պատրաստ են ամենավատ տարբերակին, միայն թե բնակվարձ չտան։
Հենց այս համատեքստում Լիլիթ Ավանեսյանի հրապարակումն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Եթե Ոսկեհատում նախատեսված նախագիծն իրականացվի ամբողջ ծավալով, ապա այն կարող է դառնալ առաջին գործնական օրինակներից մեկը։ Իհարկե, 132 տունը չի կարող լուծել բոլոր փոքր ընտանիքների բնակարանային հարցը, սակայն այն կարող է դառնալ նոր մոտեցման սկիզբ, երբ բնակարանային քաղաքականությունը հիմնված կլինի ոչ թե երկրորդական շուկայից բնակարաններ ձեռք բերման համար ֆինանսական աջակցության, այլև իրական, հասանելի նոր բնակարանային առաջարկի ստեղծման վրա։
Գրեթե երեք տարի անց բռնի տեղահանությունից հետո հազարավոր արցախցիներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում կամ վարձակալած բնակարաններում՝ սպասելով այն օրվան, երբ կունենան սեփական տուն։ Միայն 3000 ընտանիք է կարողացել իրացնել սերտիֆիկատները։ Սոցիալական կառուցապատումը կարող է լուծում դառնալ։
Արսեն Աղաջանյան