Օսիպյան. Եթե չեն կարողանում ընտրություններ կազմակերպել, թող այդպես էլ ասեն

«Իսկ ինչո՞ւ չպետք է լինեն Արցախի խորհրդարանի նախագահի նոր ընտրություններ։ Վախենո՞ւմ են, որ Փաշինյանը գործ կհարուցի նրանց դեմ։ Ի՞նչ խնդիր կա։ Բոլոր պատգամավորները Հայաստանում են. կարող են գնալ Արցախի ներկայացուցչություն և ընտրել խոսնակ։ Եթե վախենում են, ուրեմն պատռում են դիմակները և ասում՝ այո, մենք անկարող ենք պաշտպանել ժողովրդի շահերը։ Միշտ էլ այսպես է եղել՝ նրանք կուրծք են ծեծել՝ խոստանալով պաշտպանել ժողովրդին, բայց դժվարին պահին ժողովրդին լքել են, թողել փողոցներում անտեր և ոչ մի քայլ չեն անում ժողովրդին կազմակերպելու, ընտրություններ անցկացնելու կամ Արցախը վերադարձնելու համար»։

Այս մասին ասել է հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը Step1.am-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի հրաժարականը և նոր խոսնակ չընտրելու հավանականությունը։

«Եթե չեք կարող, պարզապես ասեք, որ էս ենք։ Միշտ էլ վաճառել եք ձեր պատասխանատվությունը՝ սեփական կաշին փրկելու համար։ Ի՞նչ են նրանք արել մինչ օրս։ Նամակ գրեցին Վենսին և հիշատակեցին միայն տարածքային ամբողջականությունը՝ առանց ինքնորոշման իրավունքի։ Ավելի լավ կլիներ ընդհանրապես չգրել», – նշեց Արթուր Օսիպյանը։

«Արցախի Ազգային ժողովը չափազանց կարևոր ինստիտուտ է, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո ես իմաստ չեմ տեսնում դրա գոյության մեջ՝ ի դեմս այն պատգամավորների, ովքեր այժմ ցուցադրում են իրենց անգործունակությունը կամ ծառայում են տարբեր ուժերի։ Արցախի ժողովրդի կողմից ընտրված ինստիտուտը կարող է մեծ ներուժ ունենալ, բայց իր ներկայիս կազմով ես տեսնում եմ միայն բացասական, քայքայիչ ազդեցություն», – նշեց Օսիպյանը։

Ալվարդ Գրիգորյան

Տեսանյութն այստեղ