
Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Երևանի քաղաքացիական դատարանը քննության է առել հայցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արթուր Օսիպյանը։
Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Նիկոլ Փաշինյանին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։
Հիշեցնենք, որ երեկ դատարանը բլոգեր Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրեց հրապարակել «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջիլավյանի (Քյոխ) դեմ իր արած հայտարարությունների հերքումը, որոնք դատարանը համարել էր զրպարտություն։
Անհիմն հայտարարություններն ու զրպարտչական մեղադրանքները, որոնք վերջին տարիներին դարձել են ներքաղաքական պայքարի «լեգալ» միջոց, հատկապես սրվել են նախընտրական շրջանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ժողովրդին վարկաբեկելու առնվազն երեք դեպք կա՝ Արմինե Մոսիյանի, բժիշկ Արփինե Սողոյանի և Արթուր Օսիպյանի հետ կապված սկանդալային գործերը։ Բոլոր դեպքերում «մեղադրանքները» հնչեցվել են “կոլեկտիվ” կերպով՝ այսինքն, ուղղված էին բոլոր արցախցիներին, և բացասական արձագանք են առաջացրել որոշ եվրոպական շրջանակներում։
Զրպարտությունը, անմեղության կանխավարկածի խախտումը, անօրինական զանգվածային հսկողությունը և տեսանյութերի ընտրովի հրապարակումը, որոնք հաճախ անձնական բնույթի են, ավելի ու ավելի հաճախ են դառնում դատական հայցերի առարկա, և արդեն իսկ կայացվել է առնվազն մեկ դատական որոշում, որը պահանջում է հերքում։
Մինչդեռ ՄԱԿ-ի փորձագետները Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի մասնակիցների դեմ ահաբեկչության պատրաստման մեղադրանքները համարել են աբսուրդ։ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը եզրակացրել է, որ առնվազն 109 մարդ տուժել է պետական ճնշումներից: «Մենք մտահոգված ենք իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներով, որոնք չեն համապատասխանում Հայաստանի միջազգային մարդու իրավունքների պարտավորություններին», – ասվում է փորձագիտական զեկույցում:
Անկասկած, անհիմն մեղադրանքներով զանգվածաբար բանտարկվող քաղաքական գործիչները կպահանջեն փոխհատուցում: Տասնյակ մարդիկ բանտարկված են կամ տնային կալանքի տակ՝ ընտրակաշառքի կասկածանքով, բայց մինչ օրս ոչ մի գործ չի հասել դատարան կամ չի ապացուցվել։
Լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի դեմ տարածված մեղադրանքները լիակատար զրպարտություն և էժանագին հնարքներ են, և կուսակցության իրավաբանական թիմն արդեն իսկ դատական հայցեր է պատրաստում այդ հրապարակումների հեղինակների դեմ: Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Կարելի է վստահ լինել, որ հարյուրավոր դատական հայցեր կներկայացվեն ոչ միայն Ծառուկյանի, այլև այլ գործիչների դեպքերով: Սակայն հույս չկա, որ մարդու իրավունքների, անձնական տվյալների գաղտնիության կոպիտ խախտումներ և բացահայտ զրպարտություն թույլ տված պաշտոնյաները կպատժվեն: