Ինչո՞ւ են արցախցիները բնակություն հաստատում Հայաստանի սահմանամերձ գյուղերում

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 120 հազար հայեր կանգնեցին մի ընտրության առաջ, որը հաճախ ավելի բարդ էր, քան պարզապես բնակարան գտնելը։ Պետք էր ընտրել ոչ միայն տուն, այլև աշխատանք, համայնք, դպրոց, ապագա։

Հանրային քննարկումներում հաճախ քննադատվում էր, որ տեղահանվածների զգալի մասը նախընտրում է բնակություն հաստատել Երևանում կամ մայրաքաղաքին հարակից բնակավայրերում։ Սակայն այդ քննարկումները հազվադեպ էին հաշվի առնում մեկ կարևոր հանգամանք․ մարդիկ ընտրում էին ոչ միայն բնակարան, այլ այն միջավայրը, որտեղ հնարավոր կլիներ վերականգնել բնականոն կյանքը։

Արդեն մեկ տարի ապրելով Տավուշի մարզի սահմանային Կոթի գյուղում՝ ես հասկացա, որ սահմանամերձ բնակավայրերի մասին ձևավորված պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։

Եթե պետական քաղաքականության մեջ ավելի մեծ շեշտ դրվեր ոչ միայն սահմանին վերաբնակեցման անհրաժեշտության, այլ նաև այն հանգամանքի վրա, որ Տավուշը, Լոռին և Սյունիքը շատ առումներով նման են Արցախին՝ բնությամբ, կլիմայով, գյուղատնտեսական կենսակերպով, երբեմն նույնիսկ բարբառով, ապա հավանաբար ավելի շատ արցախցիներ հենց այս մարզերը կընտրեին որպես իրենց նոր բնակավայր։

Այսօր արդեն բազմաթիվ տեղահանված ընտանիքներ հաստատվել են Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Նրանցից ոմանք սեփական բիզնես են հիմնել, ոմանք՝ օգտվել պետական բնակարանային ծրագրերից, իսկ մյուսները դեռ փորձում են հաղթահարել նոր կյանք սկսելու դժվարությունները։

«Հայաստանն ամբողջությամբ սահման է»

Տավուշի մարզի սահմանային Տավուշ գյուղում արդեն երկրորդ տարին է ապրում Միլանա Գրիգորյանի ընտանիքը, որը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանից։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) աջակցությամբ ընտանիքը ձեռք է բերել բնակարան և հացի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Այսօր Բերդ քաղաքում շատերն արդեն ճանաչում են «արցախցիների հացը»։

Միլանան հիշում է, որ առաջին անգամ գյուղ մտնելիս իրեն թվացել է, թե վերադարձել է Արցախ։

«Նույն բնությունն էր, շատ նման  բարբառը, նույն սարերը։ Շատ արագ զգացինք, որ այստեղ կարող ենք մեզ մեր տանը զգալ»։

Սահմանին ապրելու վերաբերյալ հաճախ տրվող հարցերին նա պատասխանում է.

«Երբ զանգում են ու հարցնում՝ ո՞նց եք ապրում սահմանին, ես միշտ ասում եմ՝ Հայաստանն այսօր ամբողջությամբ սահման է։ Արցախում էլ էինք սահմանին ապրում, դրան սովոր ենք»։

Միլանայի ընտանիքի պատմությունը բացառություն չէ։ Շատ արցախցիներ նշում են, որ հատկապես Տավուշում և Սյունիքում իրենց ավելի արագ են հարմարվել՝ բնության, մարդկանց և գյուղական առօրյայի նմանությունների շնորհիվ։

Պետական ծրագրերը. բնակարան կա, բայց արդյո՞ք բավարար է

Սահմանամերձ բնակավայրերում վերաբնակեցումը խրախուսելու նպատակով կառավարությունը մի քանի տարի է իրականացնում է բնակարանաշինության աջակցության ծրագիր, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «16 միլիոնի ծրագիր»։

Ծրագրի շրջանակում երիտասարդ ընտանիքները կարող են պետական աջակցություն ստանալ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Ընտանիքի երկու անդամների տարիքների գումարը չպետք է գերազանցի 70 տարին, իսկ կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ ընտանիքը պետք է ունենա սեփական հողատարածք, որի վրա կառուցվելու է տուն։

Սակայն հենց այստեղ են սկսվում արցախցի բազմաթիվ ընտանիքների դժվարությունները։

Տեղահանվածների մեծ մասը սեփական հողատարածք չունի։ Միաժամանակ բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակում տրվող բնակարանային հավաստագրերի և սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու աջակցության ծրագրերի համատեղ կիրառման հարցում կան սահմանափակումներ, ինչի հետևանքով շատ ընտանիքներ ստիպված են ընտրություն կատարել ծրագրերի միջև։

Այսպիսով, պետական աջակցության ծրագրերը, որոնք առաջին հայացքից լրացնում են միմյանց, գործնականում միշտ չէ, որ հասանելի են նույն ընտանիքի համար։

«Տուն գնելու պահին գներն անմիջապես փոխվում էին»

Տավուշի մարզի սահմանային Կոթի գյուղում բնակվող Զոյա Մակինյանը 2020 թվականին տեղահանվել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքից։

Նրա ընտանիքը յոթ հոգուց է բաղկացած։ Ամուսինը մահացել է Արցախում, և Զոյան վեց երեխաների հետ վերջին տարիներին ապրել է Հայաստանի տարբեր համայնքներում։ Վերջին երեք տարիներին բնակվում են Կոթիում։

Միայն մեկ տարի առաջ ընտանիքը կարողացավ իրացնել բնակարանային հավաստագիրը և ձեռք բերել սեփական տուն։

«Երբ իմանում էին, որ բնակարանը պետական ծրագրով ենք գնում, գինը միանգամից բարձրանում էր։ Շատ տներ էլ այնպիսի վիճակում էին, որ երբեմն գոմերից չէին տարբերվում»,- պատմում է նա։

Վերջապես ընտանիքը 14 միլիոն դրամով տուն է ձեռք բերել։

Զոյայի պատմությունը եզակի չէ։ Տեղահանված շատ ընտանիքներ նշում են, որ բնակարանային հավաստագրերի ներդրումից հետո որոշ բնակավայրերում անշարժ գույքի գներն աճել են, իսկ վաճառողները հաճախ իրենց գինը կապում են պետական աջակցության չափի հետ։

Քաղաքացիությունը՝ որպես նոր նախապայման

2020 թվականի պատերազմից հետո տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը պարտադիր չէր։ Արցախում ստացած անձնագիրն ամբողջությամբ բավարար էր պետական ծրագրից օգտվելու համար։

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո իրավիճակը փոխվեց։

Այսօր բնակարանային հավաստագրի ծրագրից օգտվելու համար նախ անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Շատ ընտանիքների համար դա դարձավ պետական աջակցության առաջին, բայց լրացուցիչ փուլը։

2026 թվականի հունիսի դրությամբ բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակում ավելի քան 2970 ընտանիք արդեն ձեռք է բերել տուն կամ բնակարան։

Բնակարանը բավարար չէ, անհրաժեշտ է նաև աշխատանք

Ստեփանավանում բնակություն հաստատած Հարութ Ավանեսյանը բնակարան է ձեռք բերել պետական բնակարանային հավաստագրի միջոցով։

Այսօր նա Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի աջակցությամբ դասընթացներ է անցկացնում՝ սովորեցնելով Արցախում ժամանակին լայն տարածում ունեցող ճուվարանագործությունը։

Այս օրինակը ցույց է տալիս, որ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելու համար միայն բնակարան տրամադրելը բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև աշխատանք, եկամտի աղբյուր և համայնքում ինքնուրույն ապրելու հնարավորություն։

Այս պատմություններում նկատելի է մեկ ընդհանրություն․ գործնականում բոլոր հաջողված օրինակներում պետական աջակցությանը զուգահեռ գործում են նաև միջազգային կամ հասարակական կազմակերպությունները։

AMAA-ն աջակցել է Միլանա Գրիգորյանի ընտանիքին՝ օգնելով ոչ միայն բնակարան ձեռք բերել, այլև ստեղծել սեփական բիզնեսը։ Էստոնական խորհուրդը նպաստում է ավանդական արհեստների պահպանմանն ու եկամտի ստեղծմանը։ Այսինքն՝ հաջող ինտեգրման օրինակներում բնակարանին զուգահեռ ստեղծվում է նաև աշխատանքի հնարավորություն։

Իսկ որտե՞ղ են պետական խթանները

Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում բնակություն խրախուսելու նպատակով հիմնականում առաջարկում է բնակարանաշինության ծրագրեր և բնակարանային հավաստագրերի դեպքում սահմանային համայնքների համար ավելի բարձր ֆինանսավորման շեմ։ Սահմանամերձ բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող տան համար տրամադրվող աջակցությունը արժենում է մինչև 5 միլիոն դրամ, ինչը նպատակ ունի խրախուսել վերաբնակեցումը։

Սակայն սահմանին բնակվելու ընտրությունը միայն ֆինանսական հաշվարկ չէ։

Այստեղ կարևոր են նաև աշխատանքի հնարավորությունները, երեխաների կրթությունը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը, համայնքի վերաբերմունքը և անվտանգությունը։

Այդ պատճառով շատ ընտանիքների համար բնակության վայրը շարունակում է ընտրվել ոչ թե պետական ծրագրի չափով, այլ այն հարցով, թե որտեղ կարող են երկարաժամկետ կյանք կառուցել։

Սահմանը՝ որպես ընտրություն, ոչ թե պարտադրանք

Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերում արդեն ձևավորվում են արցախցիների նոր համայնքներ։

Նրանցից ոմանք հաց են թխում, մյուսները վերականգնում են ավանդական արհեստները, մյուսները պարզապես փորձում են նոր տուն կառուցել՝ պահպանելով այն կենսակերպը, որ ունեցել էին Արցախում։

Սահմանամերձ բնակավայրերում վերաբնակեցումը հնարավոր է, երբ մարդիկ տեսնում են ոչ միայն պետական աջակցություն, այլ նաև իրենց ապագան։

Պետական քաղաքականությունն այսօր հիմնականում կենտրոնացած է բնակարանային ապահովման վրա։ Սակայն սահմանամերձ համայնքում երկարաժամկետ բնակություն հաստատելու համար ընտանիքներին անհրաժեշտ են նաև կայուն աշխատանք, գյուղատնտեսական արտադրության խթանում, շուկաների հասանելիություն և փոքր բիզնեսի զարգացման ծրագրեր։ Այս ուղղություններով հիմնական աջակցությունն առայժմ ապահովում են միջազգային կազմակերպությունները, մինչդեռ պետության աջակցությունը հիմնականում սահմանափակվում է բնակարանային ծրագրերով։

Մարիամ Սարգսյան