Հանրային քննարկում` արցախցիների զբաղվածության, կրթության և առողջապահության իրավունքների վերաբերյալ

Հուլիսի 16-ին Երևանում կայացավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, կրթության և առողջապահության իրավունքներին նվիրված հանրային քննարկում, որը կազմակերպվել էր Փախստականների երևանյան խորհրդի նախաձեռնությամբ։
Բաց քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տեղահանվածների համար առկա զբաղվածության խթանման ծրագրերին, մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացման հնարավորություններին, աշխատաշուկա մուտք գործելու առկա խոչընդոտներին և այն գործոններին, որոնք սահմանափակում են տեղահանված անձանց կայուն եկամտի և երկարաժամկետ տնտեսական ինքնուրույնության ապահովումը։
Քննարկման ընթացքում հատկապես շեշտադրվեց տեղահանված ուսանողների համար վարձավճարների փոխհատուցման ծրագրերում առկա մի շարք սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մեկնարկող ուսումնական տարում ընդունված ուսանողներին ևս առկա ծրագրերում ընդգրելու կարևորությունը։
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին և մտահոգություններին, որոնք վերաբերում էին տեղահանված անձանց համար բժշկական ծառայությունների հասանելիությանը, առողջապահական համակարգում նրանց ընդգրկմանը, դեղորայքային ապահովմանը և ոլորտային կարգավորումներին առնչվող այլ խնդիրների։
Հանրային քննարկման ընթացքում ձևակերպված առաջարկություններն ու դիտարկումները կամփոփվեն և կներկայացվեն շահագրգիռ կողմերին՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության, կրթության և առողջապահության իրավունքների առավել արդյունավետ իրացմանը։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։