Ծառուկյանի ձեռնաշղթաները և Հայաստանի զարգացման ուղին. ինչի համար է Փաշինյանը ստացել մանդատը

Հայաստանում ընտրությունները «ջան սաղություն» չեն բերել, այլ ավելի մեծ պառակտում. Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց ձերբակալություն, Նարեկ Կարապետյանի ձերբակալման միջնորդություն, նոր խորհրդարանը «դժոխքի» վերածելու, իսկ ընդդիմությունը՝  բոմժ սարքելու խոստումներ, գույքի բռնագրավում և այլ: Պառակտումը և «անձնական» հետապնդումները ամբողջությամբ ստվերել են Հայաստանի քաղաքական օրակարգը, որը հայտնվել է ևս մեկ կարևորագույն հանգրվանում: Հայաստանում քննարկումները կենտրոնանում են հետապնդվողների շուրջ՝ իշխանություններին մեղադրելով կամ արդարացնելով, մինչդեռ չկա որևէ քննարկում այն ​​մասին, թե որտեղ է գնում Հայաստանի «գնացքը». «հալածված ընդդիմությունը» զբաղված է դատավարություններով, իսկ իշխանությունները ապագա քայլերի տակ «ժողովրդի մանդատն» են դնում:

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում ՉԿԱ միասնական նավի զգացում և ՉԿԱ առաջիկա ռիսկերի միասնական ընկալում։ “Մենք պետք է պատրաստ լինենք Կովկասյան խաղաղությանը, դրա համար պետք է լինենք գրագետ և ռացիոնալ։ Կովկասում խաղաղության պատրաստ չլինելը մեծագույն ռիսկ է”, համարում է նա։

Իր հերթին, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ցավով գրում է, որ Երևանն ու Բաքուն դարձել են «քույր-քաղաքներ» և գործում են լիովին համակարգված՝ շարժվելով դեպի մեկ նպատակ։

2020-2023 թվականների պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց «տարածաշրջանայինացման» և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաշտեցման ուղու մասին՝ հիմնվելով խորհրդային սահմանների վրա։ Բաքուն պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի 1990 թվականի Անկախության հռչակագրից և ինքնիշխան որոշումներից։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Անկախության հռչակագիրը չպետք է ներառվի նոր Սահմանադրության մեջ։ Մինչդեռ 1921 թվականի Կարսի պայմանագիրը չի չեղարկվել, թեկուզ լիովին չի գործում։

Անկախ ազգային զարգացման ուղու և «տարածաշրջանային հաշտեցման» միջև հակամարտությունը գոյություն ուներ ի սկզբանե՝ դեռևս այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, և ի հայտ եկան անկախ Հայաստանի ուղու մասին գաղափարներ։

Ըստ Արցախյան շարժման հիմնադիրներից մեկի՝ Մանվել Սարգսյանի, ԽՍՀՄ փլուզման ժամանակ գոյություն ունեին մի քանի գաղափարներ։

“Դիսիդենտական գաղափարից ծնվել է մի գաղափար, թե ինչ անի հայ ժողովուրդը։ Դրա իմաստն այն էր, որ սովետական ժողովուրդնեը ձեռք ձեռքի տված պետք է գնան դեպի Արեւմուտք։ Այդ գաղափարին մի քիչ մոտիկ կար ավելի քաղաքականացված գաղափար, այն էր, որ ԽՍՀՄ-ը քայքավելու պահից մենք պետք է հաշտվենք մեր հարեւանների հետ։

Պարույր Հայրիկյանը առաջ էր մղում այլ գաղափար․ եթե Խորհրդային միությունը վերանա, 1915-1923 թվականի գենոցիդի հետեւանքները պետք է վերացնենք։

Եվ եղել է նաեւ գաղափար, որը այդ ժամանակ հաղթեց, դա այն էր, որ մեր երկու հայկական միավորումները՝ ստեղծված Խորհրդային միության Սահմանադրության հիման վրա՝ Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ-ը՝, պետք է միանան ու մեկ պետություն սարքեն եւ հետագայում գնան անկախության։

Այս մեկը հաղթեց, ի վերջո 1988 թվականին հաստատվեց այն գաղափարը, որ պետք է գնանք միացման, մեկ պետություն ստեղծենք։ Միցումի գաղափարի հիման վրա ազգային ինքնորոշում էր գնում։

Այդ խնդիրը մեծ մասին համոզեց, Ղարաբաղ կոմիտեն ստեղծվեց։ Բայց զուգահեռ անընդհատ գոյություն ուներ նաեւ թուրքերի հետ հաշտվելու այդ թեզը։ Երկու գաղափարներն էլ 1988 թվականից զուգահեռ աշխատում էին, ինչ-որ ներքին պայքար կար դրանց մեջ։

Մինչեւ այսօր էլ այդպես է։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները եւ թուրքերն այդքան մտահոգված Միացումի գաղափարով, որովհետեւ կոնկրետության մեջ որպես քաղաքականություն խնդիրը եղել է Արցախի եւ Հայաստանի միացումը՝ որպես ինքնորոշում, այսինքն՝ սուվերեն ռազմավարություն։ Մյուս տարբերակը սեփական ռազմավարություն չէր, այլ ենթադրում էր ենթարկվել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրին”, ասել է Մանվել Սարգսյանը Step1.am-ին տված հարցազրությում։

Ծառուկյանի ունեցվածքի շուրջ աղմուկը և նրա ձեռքերին չփակվող ձեռնաշղթաները ստվերում են թողնում Հայաստանի զարգացման ուղու կարևորագույն հարցը։ Փաշինյանը պնդում է, որ ստացել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման, Անկախության հռչակագրից հրաժարվելու և այլնի մանդատ։ Ընդդիմությունը ձևացնում է, թե այս հարցերը իրեն չեն վերաբերում։