
Ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը պետք է «հաղթանակը» Ուկրաինայում վաճառի իր հանրությանը: Դրան հասնելու համար նրան անհրաժեշտ է Դոնբասի լիակատար բռնակցումը, բայց Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել իր հողերից: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա ասել է, որ չկան երաշխիքներ, որ Պուտինը կդադարեցնի իր ագրեսիան, նույնիսկ եթե Դոնբասի վերաբերյալ իր պահանջները բավարարվեն: Զելենսկու խոսքով՝ Պուտինը մտածում է, թե ինչպես խաբել ռուսներին և գաղտնի կերպով զանգվածային զորահավաք անցկացնել՝ առանց պաշտոնապես հայտարարելու դրա մասին:
Զելենսկին գովաբանել է Ռուսաստանին “խաղաղության հարկադրելու” 40-օրյա «գործողությունը», որի ընթացքում հարվածներ են հասցվել ռուսական նավթավերամշակման գործարաններին և Wildberries պահեստներին:
Զելենսկին չի նշել սակայն, որ ի պատասխան Ռուսաստանը բալիստիկ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին, էներգետիկ օբյեկտներին և բնակելի տարածքներին՝ պատճառելով զգալի վնաս: Ռուսաստանը «Ուկրաինային դժվար ձմռան նախապատրաստունը» ևս անվանում է «խաղաղության պարտադրում»:
Այն փաստը, որ Զելենսկին և Պուտինը պատրաստ չեն փոխզիջման, նշանակում է, որ ուկրաինական պատերազմը տանում են դեպի ավելի լայն սրացում: Տարբերակները շատ չեն՝ կամ Ռուսաստանը հարվածում է եվրոպական որևէ երկրի և բանակցություններ է վարում արդեն ՆԱՏՕ-ի հետ «խաղաղության» շուրջ, կամ միջուկային հարված։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքքան Ֆիդանը, մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմը, ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե ռազմաճակատում և թիկունքում “սպառվի”։ Այս մասին հաղորդել է «Անադոլու»-ն։
«Ռուսաստան կատարած իմ այցի ժամանակ թվում էր, թե այս հարցը կարող է բարձրացվել, քանի որ ասվում էր, որ հանրությունը նմանատիպ բան է պահանջում։ Մենք խոսել ենք մեր արևմտյան գործընկերների հետ այս մասին, և նրանք նույնպես գիտեն դա։ Սա վտանգավոր իրավիճակ է։ Այն ամենն, ինչ այս մարդիկ ասում են, որ տեղի կունենա, ի վերջո տեղի է ունենում», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։