
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը, խնդիրներն ու հետևանքները
2023թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը ընդունեց Արցախի բնակիչներին պաշտպանության տակ վերցնելու որոշում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունը և այն փաստը, որ բռնի տեղահանության և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով բնակիչներն հնարավորություն չունեն վերադառնալ իրենց երկիր՝ Լեռնային Ղարաբաղ։
Կառավարության որոշման մեջ բավականին ուժեղ նկարագրում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, փաստում, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները Հայաստանում հայտնվել են էթնիկ զտման հետևանքով։ Միևնույն ժամանակ այս որոշմամբ ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետության բնակիչներին դե-յուրե զրկեց Հայաստանի քաղաքացիությունից՝ չնայած Արցախում ՀՀ անձնագրեր ստանալու գործընթացը սկսել էր 1990-ականների կեսերից, Հայաստանում այդ գործընթացի մեկնարկի հետ միասին։
Արցախի բնակչությանն առաջարկվեց կրկին անցնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ որոշակի արագացված կարգով։ Սակայն հանգամանքները ցույց տվեցին, որո որոշ դեպքերում ոչ միայն արագացված ընթացակարգերը չեն գործում, այլ քաղաքացիություն ստանալու գործընթացը տևում է սահմանված ժամկետից զգալիորեն երկար։ Թեև Ներքին գործերի նախարարը նշել էր, որ քաղաքացիություն շնորհելու ուշացումները կախված են բացառապես դիմումների զգալի աճով, այնուամենայնիվ գոյության իրավունք ունի այն վարկածը, որ մինչև 2026թ․ հունիսի ԱԺ ընտրությունները իշխանությունները չեն ուզեցել արագ ընթացք տալ արցախցիների գործերին՝ նրանց համարելով ընդդիմադիր կողմնորոշում ունեցողներ և հնարավորություն չտալով նրանց քվեարկել։ Դիմումների թիվը իրոք ավելացել էր, բայց Ներքին գործերի նախարարությունը պետք է դրան պատրաստ լիներ և լուծումներ գտներ։
Արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու որոշումը տարբեր հետևանքներ ունեցավ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության վրա։ Պարտադիր զորակոչի ենթակա հազարից ավելի երիտասարդ (մեկ տարվա կտրվածքով) չզորակոչվեցին բանակ, քանզի ՀՀ զինված ուժերում կարող են ծառայել միայն ՀՀ քաղաքացիները։ Բազմաթիվ անձինք, որոնք նպատակ ունեին անցնել պայմանագրային ծառայության, հայտնվեցին անձնագիր ստանալու, տարբեր փաստաթղթեր վերականգնելու բյուրոկրատական շրջապտույտի մեջ։ Ու քանի որ այդ գործընթացը որոշակի ժամանակ էր տևում, որոշներն այլ աշխատանքի անցան և հետ կանգնեցին բանակում պայմանագրային ծառայության մտքից։
Հայաստանի քաղաքացիությունից զրկելը արցախցիների համար մնաց չհասկացված։ Այդ չհասկացվածությունը կարող էր բերել օտարացման զգացմունքի, խթանել Հայաստանը լքելու մտքերը։ Եթե նախկինում նույն անձնագրով արցախցիները կարողանում էին գյուղատնտեսական հող ձեռք բերել, ապա այս որոշումից հետո նման հնարավորությունը բացառվեց (գյուղատնտեսական հող կարող են ձեռք բերել միայն ՀՀ քաղաքացիները)։
Քաղաքացիությունը [կրկին] ձեռք բերելու գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում։ Հայաստանյան նոր անձնագիր ձեռք բերելու համար հիմնականում դիմում էին նրանք, որոնք հավակնում էին ՀՀ քաղաքացիություն ենթադրող պաշտոնների (քաղաքացիական ծառայություն, զինվորական ծառայություն, իրավապահ մարմիններ և այլն)։ 2024թ․ մայիսին ՀՀ կառավարությունը ընդունեց արցախցիների բնակապահովմանը վերաբերող որոշում․ պետական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ էր, որ ընտանիքի բոլոր անդամները լինեին ՀՀ քաղաքացի։ 2022թ․ Արցախի առանձին շրջանների բնակիչների համար նախատեսված բնակապահովման ծրագրով ՀՀ կառավարությունը, սակայն, նման պահանջ չէր նախատեսել։
2025թ․ ապրիլին ՀՀ կառավարությունը զգալիորեն կրճատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագրով տրվող գումարները և շահառուների քանակը։ Կառավարությունը դրանով նպատակ ուներ խթանել բնակապահովման ծրագրից օգտվողների թիվը (բնակապահովման ծրագրի ընթացքի մասին մանրամասն՝ այստեղ)։ Աջակցության ծրագրի կրճատումը մեծացրեց արտագաղթը, որը կայունացել էր 2025թ․-ի սկզբներին։ Այն ավելացրեց նաև բնակապահովման ծրագրից օգտվողների թիվը։ Քանի որ բնակապահովումը կապված է քաղաքացիության հետ, ապա ավելացան նաև նոր հայաստանյան անձնագրի համար դիմողները։
2026թ․ օգոստոսի դրությամբ ՀՀ քաղաքացիություն էր ձեռք բերել գրեթե 41 հազար անձ։ Այս թվին կարող ենք ավելացնել նաև մոտ 20 հազար հոգու (իմ գնահատականն է), որոնք Արցախի բնակիչ էին, սակայն իրենց առաջին անձնագիրը ստացել էին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Նրանց համար քաղաքացիություն ձեռք բերելու պահանջ չկար, քանզի եղել են ՀՀ քաղաքացի և երբեք այն չեն կորցրել, թեև հետագայում սկսել են անձնագրավորվել Արցախի անձնագրային բաժանմունքներում։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, թեև պաշտոնապես նպատակ ուներ պաշտպանության տակ վերցնել էթնիկ զտման ենթարկված արցախահայությանը, դե-յուրե նրանց զրկեց Հայաստանի քաղաքացիությունից՝ ստիպելով անցնել քաղաքացիության վերականգնման դանդաղկոտ ու բյուրոկրատական գործընթացով: Այս քաղաքականությունն ունեցավ բազմաշերտ բացասական հետևանքներ։
Կարող ենք ֆիքսել, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու և հետագայում այն ստիպողաբար կամ դանդաղեցված ընթացակարգերով վերականգնելու քաղաքականությունը ոչ միայն բարոյահոգեբանական ու իրավական հարված հասցրեց տեղահանված բնակչությանը, այլև բացասաբար անդրադարձավ Հայաստանի պաշտպանական ռեսուրսների, դեմոգրաֆիկ կայունության և սոցիալական համախմբվածության վրա:
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ