«Արևմտյան Ադրբեջանի լեգիտիմացումը կանխավ հիմնավորում է նոր ագրեսիան»

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող, Step1.am-ի համար

ՀՀ վարչապետը անսպասելիորեն խոսեց ու բարձրաձայնեց, որ տեղյակ է Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի գոյության մասին, սակայն ինձ համար այսօր արդեն շատ տարօրինակ է, որ նա կարծես թե ընդունո՞ւմ է ոչ միայն «արևմտյան ադրբեջանի» գոյությունը, այլև անգամ դրա բնակիչներին տալիս է հերթական հորինված ու շատ յուրատեսակ անվանում՝ «արևմտաադրբեջանցիներ» ու հիշեցնում է դրանց վերադարձի իրավունքի մասին։

Ընդ որում, դավադրությունն ու կեղծիքը դառնում է սպառնալից, երբ կշեռքի մի նժարին Լեռնային Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանից հայ փախստականներն են (փաստացի Արևելյան Հայաստանի հիմնական մեծ բեկորի, որի վրա այսօր Ադրբեջան է տեղավորված, հայությունը), իսկ մյուս նժարին «Իրական» Հայաստանում բուն դրած երբեմնի կովկասյան թուրքն է, կամ որ նույն կովկասի թաթարը։

Սակայն, սա դեռ սպառնալիքի տեսանելի մասն է, իսկ որ Կովկասի թուրքի մշակած, ամենօրյա ու անդադար, համախումբ հնչող թունավոր կեղծիքը սահուն հայտնվում է ՀՀ Կառավարության հայտարարության մեջ, սա արդեն ահաբեկչություն է հայկական պետականության հանդեպ։ ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի օգոստոսի 8-ին «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիներ» արտաբերման փաստը լեգիտիմացնում է դրանց գոյությունը ու կանխավ հիմնավորում նոր ագրեսիան։

Տպավորություն է, որ հային մաշեցնելու թուրքի մարտավարությունը այսօր ազդել է ՀՀ կառավարության վրա։ Թեև այդ մարտավարությունը ազդել էր արդեն 1994 թվականին, երբ հայտնվեցին կարծիքներ, անգամ «վերլուծականններ», թե Ղարաբաղը խանգարող կույր աղիք է՝ ապենդիքս, ակնհայտ՝ թուրքական ձևակերպում։ Հային մաշեցնելու թուրքի մարտավարության արդյունքը արդեն հասնում է ՀՀ իշխանությունների կողմից սահմանված «Իրական» Հայաստանին, ու հերթը Սյունիքինն է՝ Զանգեզուրինը։ Միաժամանակ հային մաշեցնելու թուրքի մարտավարությունը այնքան է քայքայել հայկական իրականությունը, որ անգամ հայահունչ, հայկական Զանգեզուր ու Ղարաբաղ բառերից են խրտնում։

Չեմ հավատում, թե ՀՀ կառավարիչը տեղյակ չի «արևմտյան ադրբեջան» եզրույթի զարգացման ընթացքից։  Երբ 1997 թ․ մարտի 31-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը առաջ բերեց ու հռչակեց «ադրբեջանցիների ցեղասպանության օրը», Հեյդարը շատ լավ գիտեր ՀՀ իշխանությունների ապիկարության աստիճանը, որ դրանք այնքան են կքած արտաքին կառավարման տակ, որ փորձ անգամ չեն անի ու գոնե չեն վերահաստատի Հայկ.ԽՍՀ ԳԽ փետրվարի 13-ի որոշումները։

Հեյդարը՝ գնահատելով այս պարարտ իրավիճակը, էլ առաջ գնաց, երբ Հայոց ցեղասպանության և հայ սփյուռքի միջազգային դերն ընկալելով, առաջ մղեց «ադրբեջանցիների ցեղասպանության», «ադրբեջանական սփյուռքի» եզրույթները, զուգահեռաբար ձեռնարկելով քայլեր թուլացնելու Հայոց ցեղասպանության ու հայ սփյուռքի դերը։ Միջազգային հարթակներում թե ինքը, թե դրա որդին հստակ ու նպատակային ծրագրեր իրականացրին, այսօր էլ իրականացնում են։ Հայրը, ապա և որդի շարունակեցին այն, ինչի նախադրյալները դրել էին Միր Բաշիր Բաղիրովը Ստալինի հետ 1948-ին։ Այս ամենից պետք է որ քաջատեղյակ լինի ՀՀ վարչապետը, թե՞ խորհրդականները խուսափում են այդ թեմայից։

Հեյդար Ալիևը ճկուն ու համակարգված փոխելով զոհի ու դահիճի տեղերը, մշակեց հայատյաց կեղծիքի ու դրա տարածման մոդել։

Այդ մոդելը այսօր էլ ընթացքի մեջ է։ Սխալ է կարծել, թե այսօր Բաքվի վերահսկողության տակ աճող սերնդին պարզապես մատուցվում է կեղծիք, ո՚չ, թուրքը ժառանգականորեն շատ լավ գիտի իր արմատները, պարզապես այսօր էլ, ինչպես և միշտ, աճող սերնդին մատուցվում է ինքնահաստատման ու կողոպտածի յուրացման մոդել՝ ստի ու կեղծիքի հաստատման միջոցով։

Միր Բաշիր Բաղիրովի ու Ստալինի 1948-1952 թվականների համատեղ ծրագրով ցնցեցին Գարդմանքը՝ Հյուսիսային Արցախը, սկսվեց հայաթափումը։ Թուրքը 1948-1952 թվականների այդ իրողությունը կհարմարեցնի իրեն ու կտարածի Հայկ. ԽՍՀ-ից ադրբեջանցիների բռնի տեղահանման սուտը, այդ սուտը հայկական պետականության հիմքերը ցնցելու համար է, եկել է հարմար օրը ու Հեյդարի որդի Իլհամը փորձում է ցնցել ու ավերել հայկական պետականությունը։

Նա նաև քաջատեղյակ է, թե իր հոր օրոք և դրա նախաձեռնությամբ ինչ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական բնակավայրերում 1988-1992 թվականներին, որ Սումգայիթ-Կիրովաբադ-Գարդմանք-Բաքու բնակավայրերից հայերին ֆիզիկապես ոչնչացնելով դուրս մղելուց հետո՝ միայն 1989 թվականի վերջերին (վկայում է նաև Հ.Ալիևը) նույն Մոսկվայի ու Բաքվի նախաձեռնությամբ Հայկ. ԽՍՀ-ից այսպես կոչված ադրբեջանցիներին տեղափոխեցին Ադրբ. ԽՍՀ՝ կազմակերպված քարավաններով։

1988-1992 թվականների ոճրագործությունները, դրանց հետաքննված չլինելը, տուժած հայության հանդեպ հենց հայկական իշխանությունների անտարբերությունը ապահովեց Իլհամի հաղթանակը 2020-2023 թվականներին։

Իլհամն արդեն գրանցել է նաև իր բարոյահոգեբանական ճնշման հաջողությունները, ու տանում է կեղծիքի հաջորդ փուլը։ Իսկ հայկական իշխանությունների վարքագիծը, բարոյահոգեբանական կարգավիճակը ճիշտ նույնն է, ինչ որ 1992-1997, 2001-2009 ու 2009-2016, 2016-2018, 2018-2023։ Ոչինչ չի փոխվել նաև Իլհամի վարքագծի մեջ՝ ցինիկ ու նախահարձակ, որքան ակնառու է կեղծիքը, այնքան հարուստ է ավարը։

ՀՀ կառավարությունը իրական խաղաղություն «Իրական» Հայաստանի շուրջ հաստատելու համար պարտավոր է վերհիշել ու իր քաղաքական ռազմավարության ու մարտավարության բաղադրիչներ դարձնել այն, թե ինչպես 1921 թվականին խորհրդային և ադրբեջանական իշխանությունները քաղաքական նպատակներով արգելեցին Նախիջևանից տեղահանված հայ փախստականների վերադարձը հայրենիք, ինչը ծառայեց տարածքի դեմոգրաֆիկ պատկերի փոխելուն և այն Ադրբեջանի կազմում ամրագրելուն:

ՀՀ կառավարությունը պարտավոր է 36 տարի անց վերահաստատել Հայկ. ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումները, այն է՝ «դատապարտել հայկական ջարդերը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններում, գնահատել դրանք որպես հայ ժողովրդի ցեղասպանության շարունակություն և պահանջել ԽՍՀՄ ԳԽ-ից ճանաչել և դատապարտել 1990 թ. հունվարին հայերի ցեղասպանությունը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ բնակավայրերում», ու նաև ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921թ հուլիսի 5-ի որոշումը ճանաչել անօրինական:

Հիշենք, որ այս որոշումները այժմ էլ մնում են ուժի մեջ, և այս հիմքով է նաև Բաքուն այսօր խեղդում հայկական իշխանություններին՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։ Նման թեմաների ամրագրումը և հանրայնացումը  միայն կդառնա թուրքի հետ «խաղաղության» հնարավորություն։

ՀՀ կառավարությունը պետք է ընդունի, որ արտաքին կառավարման տակ կքած ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների, նրանց դեմ տեղ գտած ցեղասպանության փաստի լռության մատնելն էր, որ Իլհամին շանս տվեց 2008-ին արդեն ունենալ 2020 թվականի ագրեսիայի հիմնավորումը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրը փակվելուց հետո 2001 թվականից ակտիվացան Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների նկատմամբ ոտնձգությունները, երբ Ռուսաստանն ու Թուրքիան տարան հակահայ զարգացումների փուլ՝ իրենց հպատակ ՀՀ իշխանությունների սթափ հայացքի ներքո։ 2001 թվականի հունիսին այս երկու երկրները՝ իրենց պատմական հակահայ կեցվածքի մեջ, ստեղծեցին աշխատանքային խումբ Արցախի, էներգետիկայի, ահաբեկչության և նեղուցների հարցերով։

2009 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան ստեղծեցին Կովկասի կայունության պլատֆորմ, որը պետք է լրացներ Մինսկի խմբի կողմից ներկայացված արցախյան կարգավորման գործող միջազգային մեխանիզմները, և վերացներ անվստահությունը Անդրկովկասում առկա հակամարտությունների կողմերի միջև:

Փաստենք, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն որևէ ձևով չեն արձագանքել ոչ 2001 թվականի Արցախի աշխատանքային խմբի ձևավորմանը, և ոչ էլ 2009 թվականին Մինսկի խմբի գործունեությանը «լրացնող» պլատֆորմի ստեղծմանը, լռել են։ Ասես, թե խոսքը մեր ֆիզիկական գոյությանը չէր վերաբերում։

Լռությունը վարակիչ էր և Մինսկի խմբի համար: Արդյունքում սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ տորպեդահարումը, որը փաստացի փոխարինվեց  Թուրքիա – Ռուսաստանի Դաշնություն երկկողմ գործընկերությամբ։ Հողի վրա՝ Մոսկվան 2001 թվականին պաշտոնապես հրավիրեց Թուրքիային զբաղվելու Արցախի հարցերով, իսկ հայկական իշխանությունները և քաղաքական վերնախավը իրենց ամուլ հոգեվիճակով մնացին այդ ընթացիքին անտարբեր ու հակապետական։

Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը կրկին օտարին է վստահված, կամ օտարի թելադրանքի ներքո է։ ՀՀ կառավարությունը միայն կամակատար է, չունի սեփական ռազմավարություն և զուրկ է մարտավարական ճկունությունից։ ՀՀ կառավարության ողջ մարտավարական քայլերը ածանցված են 2020 թվականին հայության դեմ պատերազմ հայտարարած հիմնական մասնակիցների քայլերից ու դրանց արձագանքն են։

ՀՀ վարչապետը վստահ է, որ չի փակվել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի հարցը, անգամ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքը, և այս երկու փոխկապված խնդիրները կանգնած են հայկական պետականության գոյության հիմքում։