
Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։
–Պարոն Իսրայելյան, Արցախի Ազգային ժողովն օգոստոսի 18-ին վերջնական որոշո՞ւմ է կայացնելու ԱԺ նախագահ ընտրելու հարցում։ Ի՞նչ տեղեկություններ ունեք։
-Նիստ է լինելու, Արցախի ԱԺ խմբակցությունները միասնական հայտարարությամբ են հանդես գալու։
–Արդեն կա՞ Արցախի ԱԺ նախագահի թեկնածու։
-Իրենց հետ քննարկման ժամանակ ասացին, որ այդ հարցով քննարկումները դեռ շարունակվում են, բայց օգոստոսի 18-ին ամեն ինչ պետք է ասեն, թե ով է թեկնածուն։
-Ճի՞շտ է տեղեկությունը, որ դուք առաջադրվելու եք Արցախի նախագահի թեկնածու։ Այսինքն՝ Արցախի խորհրդարանը եւ ԱԺ նախագահ պետք է ընտրի, եւ Արցախի նախագա՞հ։
-Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համար ես չեմ կարող թեկնածություն առաջադրել, որովհետեւ թեկնածուն պետք է լինի պատգամավոր եւ առաջադրվի միայն պատգամավորների կողմից։ Իսկ Արցախի Հանրապետության նախագահը պարտադիր չէ, որ լինի պատգամավոր։ Իմ թեկնածությունը կապված է հանրապետության նախագահի հետ։ Այստեղ գործընթացը հետեւյալն է՝ եթե ԱԺ ֆրակցիաների կողմից Արցախի նախագահի թեկնածու չառաջադրվի, ընթացքում ես ստիպված եմ եղել ասելու, որ ես պատրաստ եմ առաջադրել իմ թեկնածությունը։ Այս դեպքում արդեն ԱԺ մեկ խմբակցություն պետք է իմ թեկնածությունը ներկայացնի։
-Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք, իրավիճա՞կն է ստիպում։
-Այո, եթե թեկնածու չլինի, ես իրենց ասել եմ՝ խնդիր չկա, ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա։ Այս որոշումը կայացրել եմ հանուն այդ ինստիտուտի պահպանության։ Մեր իրավունքների, արցախցիների վերադարձի հետ կապված հարցերի բարձրաձայնման համար դա միակ կառույցն է, միայն այդ ինստիտուտի միջոցով կարող ենք այդ հարցերն առաջ մղել։ Այսօր ամեն մեկս մեր տեղում պայքարում ենք, սա էլ իմ քայլն է, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը։ Իրենց կողմից մեծամասմաբ բերվում են այն պատճառները, որ Հայաստանի իշխանության կողմից կարող են լինել ճնշումներ։ Ես իրենց ասել եմ՝ եթե մտավախություններ ունեք ձերբակալության կամ ճնշումների հետ կապված, թողեք այդ հարվածը ես իմ վրա վերցնեմ, մնացած պատասխանատվությունը դուք վերցրեք, գնացեք։ Միայն թե մեր ժողովրդի այդ իրավունքը մնա։
–Ինչո՞ւ Արցախի խորհրդարանը չի կարողանում նախագահ ընտրել, խնդիրն այն է, որ վախենում են ՀՀ իշխանությունների ճնշումներից, թե՞ այլ պատճառներ էլ կան։
-Իրենց հետ քննարկումների ժամանակ ես այնտեղ երկու հարց եմ տեսել։ Կա պատգամավորների մի խումբ, որը շահագրգռված չէ, որ այդ ինստիտուտը պահվի։ Ես իրականում դա տեսնում եմ։ Եթե խաղաղ ժամանակ հերթ էին կանգնել, թեկնածուի հետ կապված խնդիր չկար, ուրեմն իրենք դրան ուրիշ աչքով էին նայում՝ որպես օգտվելու կամ որպես իրենց կյանքը բարելավելու միջոց։ Եթե հիմա նույն իրավիճակն է՝ ընտրություն է (ցավոք, Արցախը հայաթափված է), բայց Ազգային ժողովում նույն մարդիկ են եւ չեն գնում այդ քայլին, ուրեմն իրենք կամ վախենում են իրենց ունեցվածքը կորցնելուց, կամ էլ համարձակություն չունեն։ Եվ սա վիրավորական է հենց ժողովրդի նկատմամբ։ Երբ ժողովուրդն այդ մարդկանց ձայն է տվել, ընտրել է, դա նաեւ այն հույսով է արել, որ այսպիսի ծանր իրավիճակներում նրանք պատասխանատվություն կկրեն։ Մենք կողջունեինք ու կուրախանայինք, որ գոնե մարդն իրեն տված ձայնն արդարացներ։
Մեզ պետք են այնպիսի ղեկավաներ եւ ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են պատասխանատվություն վերցնել, գնալ համարձակ քայլերի, որոշումներ կայացնել՝ հենց իրենք իրենցից սկսելով, ոչ թե մարդկանց կոչեր ու հորդորներ անել։ Իրենց հայտարարություններով, կոչերով ու հորդորներով ահագին մարդիկ գնացին, իրենց պարտքը կատարեցին հայրենիքի նկատմամբ, շատերն էլ զոհվեցին։ Այսօր եկել է մի պահ, որ իրենք պետք է քայլ անեն, բայց խուսափելու ճանապարհներ են փնտրում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այսօրվա իրավիճակում այդ հարցը հնարավոր էր լուծել 2-3 օրվա ընթացքում, իսկ իրենք մոտ 2 ամիս է՝ լուծում չեն տալիս։ Ամո՞թ չէ, ճանապարհ անցած մարդիկ եք, հիմա որոշումն ու պատասխանատվությունը ձեր դաշտում է, բայց քայլ չեք անում։ Ստիպված մեր նման մարդիկ գալիս ասում են՝ հանուն այդ կառույցի պահպանման պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել։ Բա ամո՞թ չէ, որ այսօր մենք Արցախին վիրավորում ենք դրանով, այն դեպքում, երբ ունենք հնարավորություն այդ ինստիտուտը պահպանելու։
Ես վստահ եմ, որ Արցախի հարցի համար կգան հարմար պայմաններ ու ժամանակներ։ Արցախի հարցը ես չեմ համարում փակված, որովհետեւ ուժի կիրառմամբ, ցեղապսանության ու բռնի տեղահանության միջոցով այդպիսի հարցերը չեն փակվում։ Եվ եթե մենք չենք պայքարում, ուրիշներից ի՞նչ ենք ուզում, միջազգային հանրությունից ի՞նչ ենք պահանջում։
-Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումն ուժի մեջ է նաեւ այսօր, հնարավո՞ր է Արցախի խորհրդարանում այս հարցը քննարկվի, եւ ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ։
-Հետագայում մեր պայքարի ամբողջ ճանապարհը միայն այդ ուղղությամբ պետք է լինի։ Ես չգիտեմ՝ ով ոնց, բայց ես այդ քայլին պետք է գամ։ Ես տեսնում եմ, որ միակ ճանապարհը դա է, այդ ձեւակերպումով ու ձեւաչափով պետք է լինի հետագա պայքարը։
-Այսինքն՝ պետք է դնել Միացումի հա՞րցը։
-Այո, բայց հերթականությամբ։ Սկզբում մենք պետք է նախ այդ ինստիտուտը պահպանենք, հետո անցնենք մեր իրավունքներին ու մնացած կարեւոր հարցերին, դա գեներացնենք, երբ այդ կետին հասնենք, արդեն հաջորդ փուլում այդ հայտարարությունը պետք է լինի։ Արցախի հարցի լուծումը ես միայն այդ ճանապարհով եմ տեսնում, որովհետեւ Արցախը Հայաստանի տարծաքային ամբողջականություն է։ Ուղղակի ճիշտ իրավական քայլերով պետք է գործենք, հիմա, երբ չենք կարողանում անգամ այս ինստիտուտը պահել, նման հայտարարություն անելն անիմաստ է։
Ռոզա Հովհաննիսյան