
-Պա տու սկացա՞ծս մարտակերտցուց տական կլխան զուրուցնեն։
Եթե հասկացաք՝ ուրեմն Մարտակերտի բարբառը դեռ ձեզ հետ է։ Իսկ եթե ոչ՝ մարտակերտցիները լավ նորություն ունեն․ իրենց քաղաքի ամենազվարճալի պատմությունները հիմա կարելի է ոչ միայն լսել, այլեւ տեսնել։
Վիդեո
https://www.facebook.com/reel/27553036271042095
Արդեն երկրորդ տարին է, ինչ Մարտակերտի քաղաքի օրը նշվում է ՀՀ-ում։ Տեղահանությունից հետո այդ օրը լավագույն առիթն է, որ մարտակերտցիները մեկ օրով ավելի մեծ թվով հավաքվեն իրար շուրջ, հիշեն իրենց քաղաքը, խոսքը, մարդկանց ու այն փոքրիկ պատմությունները, որոնցից էլ իրականում կազմված է համայնքի կյանքը։
Այս հիշողությունը պահելու մի հետաքրքիր ճանապարհ է ընտրել «Մարտակերտը մունք ընք» ստեղծողների թիմը։ Նրանք վերցրել են Արմեն Սարգսյանի հավաքագրած՝ Մարտակերտում հայտնի զվարճախոսությունները եւ փորձել դրանք տեղափոխել ժամանակակից աշխարհ՝ նկարազարդ գրքույկի ու անիմացիոն տեսանյութերի միջոցով։
Բայց այստեղ պատմությունը միայն պատմությունը չէ։ Կարեւոր է՝ ինչպես է այն պատմվում։ Մարտակերտցի երաժիշտ Սպարտակ Օսիպյանին առաջարկել են հենց ինքն էլ հնչյունավորի այդ պատմությունները։ Նրա համար սա պարզապես ձայնագրություն չէ։
«Նպատակը բարբառի պահպանությունն է։ Կատակները միայն մեր բառերով պիտի ասել․ երբ վերածում ես բարբառի, կորչում է համը»,- ասում է Սպարտակը։
Այդպես Մարտակերտի առօրյայից ծնված զվարճախոսությունները դառնում են նոր ժամանակի պատմություններ։ Դրանք վիզուալիզացվում են, վերածվում անիմացիաների, որպեսզի այն մարդիկ էլ կարողանան ճանաչել ու սիրել, ովքեր գուցե երբեք չեն ապրել Մարտակերտում, իսկ մարտակերտցիների համար դրանք դառնում են հիշողության մեկ այլ պահոց։ «
Գրքույկն արդեն հրապարակվել է, իսկ պատմությունների հիման վրա ստեղծվող անիմացիաները նույն նպատակի շարունակությունն են՝ Մարտակերտի հումորը, խոսքն ու մարդկանց պատմությունները դարձնել հասանելի ու փոխանցելի»,- ասում է Միլենա Ավետիսյանը, ով հմտորեն պատմությունները վերածում է աբ-ով ստեղծված պատմությունները։
Վիդեո
Ուրախությամբ է նշում, որ տեսանյութերը մեծ արձագանք են ունեցել, իսկ գրքույկների վաճառքի նպատակը հաջորդ տարի միջոցառման համար գումար պահեստավորելն է՝ համայնքի օրը նշելու համար։
Որովհետեւ համայնքը միայն տարածքը չէ։ Երբեմն այն մի բառ է, որ ուրիշ տեղ նույնը չի հնչում։ Մի կատակ է, որի իմաստը միայն «մենք» ենք հասկանում։ Մի պատմություն է, որ տարիներով փոխանցվել է մեկից մյուսին։ Եվ մի ձայն, որը հնչում է այնպես, ինչպես հնչում էր Մարտակերտում։
Իսկ հիմա նրանք փորձում են հիշողության մեջ պահել ծիծաղող, կատակող, իր բարբառով խոսող, իր մարդկանց մասին պատմող Մարտակերտը։ Որովհետեւ երբ քաղաքը այլեւս կողքիդ չէ, նրա մասին պատմելը դառնում է վերադարձի մի փոքրիկ ձեւ։
Ու եթե մի օր էլ լսեք՝ «Պա տու սկացա՞ծս մարտակերտցուց տական կլխան զուրուցնեն», գուցե արդեն ժպտաք։ Իսկ եթե չհասկացաք՝ մի անհանգստացեք։ Մարտակերտցիները դեռ պատմելու շատ բան ունեն։
Մարիամ Սարգսյան