
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմնված էր հայերի ազգային իրավունքների վրա: Այս իրավունքները մնացին անվիճելի 35 տարի, այդ թվում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին բանաձևը, ինչպես նաև «պատմական արդարության վերականգնման» կետը։
Հռչակագիրը, որի հղումը կա Հայաստանի Սահմանադրության նախաբանում, այնքան անթերի է իրավական առումով, որ նույնիսկ Արցախի օկուպացիան, հայ բնակչության տեղահանումը իրենց հազարամյա հայրենիքից և Սյունիքը բռնակցելու փորձերը չեն կարող չեղյալ համարել Հռչակագրում ամրագրված օրինական իրավունքները: Թուրքիան և Ադրբեջանը չունեն այլ ընտրություն, քան պնդել Հայաստանում այնպիսի Սահմանադրության ընդունումը, որը հղում չի կատարում Հռչակագրին, և որում Հայաստանը հրաժարվում է իր իրավունքներից և տարածքներից։
ՀՀ կառավարության ծրագրում, որը վաղը կքննարկվի խորհրդարանում, Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում չկա, իսկ նոր Սահմանադրությունը հիշատակվում է քաղաքացիների և պետության միջև «իրականությունների» հիման վրա հիմնված նոր «պայմանագիր» կնքելու համատեքստում։ Սակայն այսօր Հայաստանի կառավարության պաշտոնյաները Անկախության հռչակագրի առթիվ որևէ հայտարարություն չարեցին, այդպիսով ցույց տալով, որ իրենց համար Անկախության օրը այլևս գոյություն չունի, և որ «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, «արդեն ապրում է Չորրորդ Հանրապետության իրականության մեջ»։
Գործող Սահմանադրության պայմաններում նման հայտարարությունը իրավական պետությունում կհամարվեր սահմանադրական կարգի վրա հարձակում, բայց ոչ Հայաստանում, որտեղ հասարակությունն ապրում է մահացու իմունային անբավարարության պայմաններում։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով, ի դեպ, 1990 թվականին ընթերցեց Անկախության հռչակագիրը, այսօր հայտարարեց, որ «Անկախության հռչակագիրը մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է՝ մեր ազգային արժանապատվության դրսևորումը, որի ընդունումը հայ ժողովուրդը ողջունեց մեծագույն երջանկությամբ ու հպարտության զգացումով:
Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը: Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը,Տե՛ր կանգնենք մեր Անկախության Հռչակագրին»:
«1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է և պատմական ժառանգությունը՝ վեր քաղաքական օրակարգերից ու օրվա իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ․
«1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։
Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։
Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։
Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:
Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»։
Նաիրա Հայրումյան