
Step1.am-ի հարցերին պատասխանել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։
–Պարոն Գեւորգյան, Ֆրասիայում Արցախի ներկայացուցչությունը լիարժեք գործո՞ւմ է, ովքե՞ր են իրականացնում Արցախի արտաքին քաղաքականությունը կամ բարձրաձայնում արցախցիների իրավունքների պաշտպանությա հարցերը։
-Այո, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը շարունակում է իր աշխատանքը։ Մենք այլեւս չենք ներկայացնում գործող պետություն, բայց շարունակում ենք ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը եւ շարունակում ենք ֆրանսիական հանրությանը փոխանցել նրանց ձայնը։ Մեր օրակարգը շատ հստակ է՝ արցախահայերի վերադարձի իրավունքի կիրառում, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակում, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն եւ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանություն։ Այս աշխատանքը մենք շարունակում ենք Ֆրանսիայի քաղաքական ու հասարակական շրջանակների հետ։
-Արցախի ներակայացուցչություններ ունենալը տարբեր երկրներում որքանո՞վ է կարեւոր, եւ միջազգային համայնքի հետ աշխատանքներում հնարավո՞ր է արդյունքի հասնել արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։
– Արցախի ներկայացուցչությունների գոյությունը կարեւոր է, որովհետեւ դրանք միջոցներ են՝ բարձրաձայնելու Արցախի հարցը եւ թույլ չտալու, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցանքը, այն է՝ էթնիկ զտումը, որն ի դեպ որակվում է որպես հանցանք մարդկության դեմ, մոռացության մատնվի, եւ Արցախի հարցը վերանա միջազգային օրակարգից։ Լիովին գիտակցում եմ, որ այսօր ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չէ, եւ չէի ցանկանա կեղծ հույսեր ստեղծել։ Բայց հրաժարվել արցախահայերի իրավունքների պաշտպանությունից, նշանակում է ընդունել, որ նրանց բռնի տեղահանումը վերջնական է, իսկ նրանց իրավունքները՝ վերացված։ Մեր պատասխանատվությունն է շարունակել այս հարցը բարձրաձայնել, փաստագրել տեղի ունեցածը եւ աշխատել այն մարդկանց ու կառույցների հետ, որոնք կարծում են, որ ժողովրդի իրավունքները չեն վերանում միայն այն պատճառով, որ Արցախը ռազմական պարտություն է կրել։
–Ֆրանսիայի իշխանության շրջանակներում Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշման փոփոխություն կա՞։ Պառլամենտի եւ կառավարության դիրքորոշումները նույնակա՞ն են, թե՞ տարբերություն կա։ Որքանո՞վ է ընդունելի, որ Հայաստանի կառավարությունը հայտարարում է Արցախի հարցը փակելու մասին եւ հղում է անում ԽՍՀՄ տարիներին ձեւավորված սահմաններին եւ Պրահայում ստորագրված համաձայնագրին, որը նաեւ Ֆրանսիայի նախագահն էլ ստորագրել։
– Ֆրանսիայի կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական չեն։ Կառավարությունն առաջնահերթություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Ֆրանսիայի խորհրդարանը, սակայն, մեծ ուշադրություն է ցուցաբերել Արցախի ժողովրդի իրավունքների եւ արցախահայերի իրավիճակի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության դիրքորոշմանը, ապա Արցախի հարցը, որքանով ես եմ տեղյակ, երբեք տարածքային վեճ չի եղել։ Այն նախ եւ առաջ Արցախահայության իրավունքների պաշտպանության, ազատության եւ ինքնորոշման հարցն է։ 1988 թվականին արցախահայությունը չի պահանջել ուրիշի տարածքը․ նա պահանջել է ազատություն՝ ազատություն հայ մնալու, անվտանգ ապրելու եւ սեփական ճակատագիրը որոշելու համար։ Ինչպես գիտենք, Խորհրդային միությունը կտրականապես հակադրվեց այդ շարժմանը, իսկ Ադրբեջանում հայերի դեմ ջարդերին հաջորդեցին նաև խորհրդային ուժերի մասնակցությամբ բռնի գործողությունները, այդ թվում՝ «Օղակ» գործողությունը Գետաշենում եւ Շահումյանումի շրջանում։ Այդ պատճառով էլ Արցախի շարժումը սկսվել է որպես մարդու եւ ժողովրդի հիմնարար իրավունքների հարց, որպես Հայաստանին վերամիավորվելու կամքի արտահայտություն, իսկ Եվրախորհրդարանը դեռեւս 1988 թվականին բանաձեւ է ընդունել՝ ողջունելով Արցախահայության այդ կամքը։ Այս տեսանկյունից Արցախի ռազմական պարտությունը միայն տարածքային պարտություն չէ, դա հարված է ժողովուրդների ազատության եւ ինքնորոշման իրավունքին։
Ընդհանուր առմամաբ հավելեմ, որ եթե պետությունը ռազմական պարությունից հետո չունի բավարար ուժ՝ իր ժողովրդի որեւէ ձգտում պաշտպանելու համար, նա կարող է ժամանակավորապես նահանջել եւ փորձել ժամանակի ընթացքում ստեղծել այդ ձգտումները պաշտպանելու համար անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, ռազմական ու դիվանագիտական միջոցները։ Բայց եթե պետությունը, իր անկարողությունը հաղթահարելու փոխարեն, սկսում է իր ժողովրդի ձգտումները համապատասխանեցնել իր հնարավորություններին, ապա ռազմական պարտությունը վերածվում է քաղաքական պարտության։ Բոլոր ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում ունեցել են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Եթե 1994 թվականի ռազմական հաղթանակից հետո մենք չկարողացանք այն վերածել քաղաքական հաղթանակի, ապա այսօր պետք է զգույշ լինենք, որպեսզի Արցախի ռազմական պարտությունը չվերածենք մեր ժողովրդի քաղաքական պարտության։ Հենց դա է, որ մենք փորձում ենք կանխել։
Ռոզա Հովհաննիսյան