
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է «Վերածնվածը» ֆիլմի նկարահանման ընթացքում առաջացած դժվարության մասին։ Ֆիլմի հերոսը մեկնում է Արցախ՝ Գանձասար, իր արմատները գտնելու և «Ո՞վ եմ ես» հարցին պատասխանելու համար։ Սակայն 2023 թվականին, շրջափակման պայմաններում, նկարահանող խումբը չէր կարող մեկնել Արցախ, և անհրաժեշտ էր գտնել Գանձասարին փոխարինող վայր։
Նրանք գտան Մակարավանքը։ Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ վանքը և դրան տանող անտառապատ ճանապարհը հիշեցրել էին Գանձասարը։ «Մեր հերոսը փնտրում էր իր տունը։ Մենք նույնպես»,— գրել է նա։
Այս պատմությունը միայն ֆիլմի մասին չէ։ Այն արտացոլում է հազարավոր արցախցիների իրավիճակը, որոնց համար 2023 թվականից հետո հայրենիքի հետ կապը պահպանելը դարձել է նաև հիշողության պահպանման խնդիր։ Տունը միայն բնակարանը չէ․ այն նաև հարազատ փողոցն է, գյուղը, քաղաքը, եկեղեցին, լեռը և այն միջավայրը, որտեղ ձևավորվել է մարդու անձնական ու ազգային ինքնությունը։
Ջիվան Ավետիսյանը Step1.am-ի հետ զրույցում նույնպես խոսել էր իր հայրական տան, աղբյուրի և Քիրս լեռան մասին՝ նշելով, որ այդ հիշողություններն իրեն ուժ են տալիս շարունակելու ստեղծագործել և հույս հայտնելով, որ մի օր կրկին կտեսնի հայրենի վայրերը։
Այսօր այս թեման առավել կարևոր է նաև Հայաստանում Արցախին և արցախցիներին վերաբերող քաղաքական ու հասարակական գործընթացների համատեքստում, այդ թվում՝ արցախյան մշակույթի և ինքնության հանրային տեսանելիության նվազման մտահոգությունների ֆոնին։ Կարելի է փոխել քաղաքականությունը, իշխանությունները, պետական առաջնահերթությունները, սակայն հնարավոր չէ պարզապես ջնջել այն, ինչ արդեն ձևավորվել է մարդկանց անձնական և հավաքական հիշողության մեջ։
Այդ պատճառով Արցախը հիշողությունից դուրս մղելու ցանկացած փորձ երկարաժամկետ հեռանկարում դժվար իրագործելի է։
Ադրբեջանի՝ հայկական հետքի և հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քաղաքականությունը ցույց է տալիս, որ հիշողության և պատմական ժառանգության հարցը միայն անցյալի մասին չէ։
Հենց այստեղ է Ջիվան Ավետիսյանի գրառման վերջին նախադասության խորհրդանշական նշանակությունը՝ «Հաջորդ ֆիլմը՝ Գանձասարում»։
Մակարավանքը կարող էր ժամանակավորապես փոխարինել Գանձասարին, բայց ոչ՝ վերացնել այն։ Այս փոքր դրվագը ցույց է տալիս, որ հիշողությունը կարող է պահպանել այն, ինչից մարդը ֆիզիկապես զրկված է։
Արսեն Աղաջանյան