Կպահպանվի՞ առողջապահական պետպատվերը արցախցիների համար

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Հայաստանում արցախցիների բժշկական օգնությունը հիմնականում կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում։ Հիմա, երբ պետպատվերը փոխարինվում է առողջության ապահովագրությամբ, արցախցիների մոտ հարցեր է առաջանում։ 

ՀՀ կառավարության գործող կարգավորումներով Արցախից բռնի տեղահանված անձինք ներառված են այն խմբերի շարքում, որոնք ունեն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման իրավունք։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե միայն ՀՀ քաղաքացիների, այլ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց մասին է։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն չունենալը ինքնին չի վերացնում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստանալու իրավունքը։

Պաշտոնական միասնական ծառայությունների հարթակն այսօր ևս նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժումը, հատուկ հետազոտությունները և բժշկական ցուցումով նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով ծառայությունները կազմակերպվում են պետական պատվերի շրջանակներում՝ անվճար։

Սակայն 2026 թվականից Հայաստանի առողջապահական համակարգը մտել է նոր փուլ։ Հունվարի 1-ից մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է փուլային ընդլայնել առաջիկա տարիներին։ Նիկոլ Փաշինյանը հունիսին հայտարարել է, որ համակարգը ոչ միայն չի դադարեցվելու, այլ առաջիկա տարիներին ընդլայնվելու է։ Առողջության ապահովման համակարգը գործում է միայն ՀՀ քաղաքացի համարվող անձանց համար։ 

Այս փոփոխությունը հատկապես կարևոր հարց է առաջացնում այն արցախցիների համար, որոնք մինչև այժմ ՀՀ քաղաքացիություն չեն ստացել։ Հիշեցնենք, որ մինչ օրս ՀՀ նոր անձնագրեր ստացել են միայն 40 հազարի մոտ արցախցիներ՝ ներառյալ անչափահասների։ Մնացածները կամ չեն ուզում ստանալ նոր անձնագրեր, կամ չեն կարողանում։ Բացի այդ, քաղաքացիություն ստանալու գործընթացը տևում է բավականին երկար՝ միջինը 6 ամիս, թե ոչ ավել։ 

Գործող օրենսդրությունը, սակայն, թույլ չի տալիս ասել, որ ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո այդ մարդիկ պարզապես կմնան առանց պետական բժշկական աջակցության։

2025 թվականի դեկտեմբերի 25-ի կառավարության N1974-Ն որոշմամբ առանձին կարգավորվել են նաև չապահովագրված անձանց բժշկական օգնության պետական երաշխիքները։ Որոշումը սահմանում է չապահովագրված անձանց բժշկական օգնության նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, իսկ պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով նախատեսում է փոխհատուցել այդ ծառայությունների արժեքը։

Ավելին՝ նույն որոշման մեջ Արցախից բռնի տեղահանված անձինք առանձին նշված են որպես բժշկական օգնության լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող խումբ։ Սա կարևոր իրավական հիմք է այն մտահոգության համար, որ առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջական ներդրումը ինքնաբերաբար չպետք է նշանակի քաղաքացիություն չունեցող արցախցիների՝ բժշկական օգնությունից զրկում։

Միևնույն ժամանակ, այստեղ դեռ կա կարևոր բաց հարց․ գործող կարգավորումները հստակ սահմանում են ներկայիս պետական երաշխիքները, սակայն պաշտոնական փաստաթղթերում այս պահի դրությամբ չկա հստակ հրապարակված պատասխան այն մասին, թե առողջության համընդհանուր ապահովագրության բոլոր փուլերի ավարտից հետո քաղաքացիություն չունեցող արցախցիների համար գործող պետական պատվերի ներկայիս ամբողջ փաթեթը պահպանվելո՞ւ է նույն ծավալով, թե՞ փոխվելու է դրա ֆինանսավորման և տրամադրման մեխանիզմը։

Այս հարցը չպետք է թողնել անորոշության մեջ։ Խոսքը միայն վարչական կարգավիճակի մասին չէ. Հայաստանի առողջապահական համակարգում կան արցախցիներ, որոնք ունեն շարունակական բուժման, վերականգնողական կամ հատուկ բժշկական ծառայությունների կարիք։ Նրանց համար կարևոր է ոչ միայն այն, որ պետությունը այսօր երաշխավորում է բուժօգնությունը, այլև հստակ իմանալը, թե ինչ է լինելու այդ երաշխիքի հետ առողջության համընդհանուր ապահովագրության վերջնական փուլում։

Այս խնդիրը հատկապես տեսանելի է Անուշ Գևորգյանի պատմության դեպքում։ Ասկերանի շրջանի Վարդաձորից բռնի տեղահանված Անուշը մանկուց ունի մանկական ուղեղային կաթված։ Շրջափակման հետևանքով նրա բուժումն ու վիրահատությունը ժամանակին կազմակերպել չէր հաջողվել, իսկ տեղահանությունից հետո նա վիրահատվել է Երևանում և անցել վերականգնողական բուժում։ Սակայն նրա համար վերականգնողական ծառայությունը մեկանգամյա բուժում չէ․ արդյունքը պահպանելու և ինքնուրույն շարժունակությունը զարգացնելու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք։

Անուշի պատմությունն այս առումով ավելի լայն խնդիր է ցույց տալիս․ բժշկական օգնության իրավական հասանելիությունը և դրա իրական շարունակականությունը նույն բանը չեն։ Եթե մարդը կարող է ստանալ վիրահատություն, բայց հետագա վերականգնողական բուժման ծավալը բավարար չէ, ապա համակարգը չի լուծում խնդիրը ամբողջությամբ։

Այսօր արցախցիների համար առողջապահական համակարգի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ինքնին դարձել է կարևոր խնդիր։ Հուլիսին հրապարակված հատուկ տեղեկատվական գրքույկում ներկայացվել են Արցախից բռնի տեղահանված անձանց հասանելի բժշկական ծրագրերը, ծառայությունները և դրանցից օգտվելու մեխանիզմները։ Սա կարևոր քայլ է, քանի որ առողջապահական համակարգի փոփոխության պայմաններում նույնիսկ առկա իրավունքները կարող են գործնականում չիրացվել, եթե շահառուները չգիտեն՝ որ ծրագրից, ինչ պայմաններով և որտեղ կարող են օգտվել

Այսպիսով, այսօր կարելի է արձանագրել երեք կարևոր փաստ։

Առաջինը՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող արցախցիներն այս պահին չեն զրկվում պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնությունից միայն քաղաքացիություն չունենալու պատճառով։

Երկրորդը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընդգրկվել ապահովագրական համակարգում, ընդհանրապես կմնան առանց պետական բժշկական երաշխիքների․ օրենսդրությունը նախատեսում է նաև չապահովագրված անձանց համար պետական ֆինանսավորմամբ բժշկական օգնության որոշակի ծավալ։

Նշենք միայն, որ 2026 թվականի օգոստոսին կառավարությունը լուծարեց Պետական ​​առողջապահական գործակալությունը, որը և զբաղվում էր պետական պատվերով։

Երրորդը՝ դեռևս անհրաժեշտ է հստակեցնել, թե ամբողջական ապահովագրական համակարգի ներդրումից հետո հատկապես ՀՀ քաղաքացիություն չունեցող արցախցիների համար ինչ ծավալով և ինչ մեխանիզմով կշարունակվի ներկայում գործող պետական բժշկական աջակցությունը։

Եվ հենց սա է այն հարցը, որի պատասխանը պետք է ստացվի նախքան անցումային շրջանի ավարտը, ոչ թե այն ժամանակ, երբ մարդը արդեն կանգնի բուժօգնություն ստանալու խնդրի առաջ։

Արսեն Աղաջանյան