Գերիների հարցը չի լուծվի առանց միջազգային դատարանի. օգոստոսի 31-ը՝ վերջնաժամկետ

Ադրբեջանը պետք է մինչև օգոստոսի 31-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրի Բաքվում պահվող հայերի նկատմամբ կայացված դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը, ինչպես նաև նրանց առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Եթե Բաքուն չկատարի այս պահանջը, դա կարող է ամրապնդել Հայաստանի պնդումները արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Ըստ Սահակյանի, չնայած Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիտը հաջողվել է ստանալ, մնացած 15 հայերի դեպքում իրավիճակն այլ է։

Հայ գերիների հարցը չի կարող լուծվել առանց միջազգային դատարանի: Սակայն Բաքուն չի ցանկանում, որ հայկական կողմը հայց ներկայացնի միջազգային դատարան: Այս մասին ակնարկ կա Դավիթ Բաբայանի Բաքվի բանտից ուղարկված վերջին հաղորդագրության մեջ. նա հայտնել է, որ Ադրբեջանում ավարտել են իրենց գործերի քննությունը բոլոր ատյաններում, և ժամանակն է հայց ներկայացնել միջազգային դատարան: Սակայն Դավիթ Բաբայանը, հղում անելով մի փաստաբանի, ասում է, որ Բաքուն ցանկանում է կանխել միջազգային դատական ​​հայցը, քանի որ «գործերի նյութերի 95%-ը կեղծված է»։

Հայկական կողմը ևս չի ցանկանում դատական ​​հայց ներկայացնել միջազգային դատարան՝ կարծելով, որ դա կարող է խոչընդոտել «խաղաղության գործընթացին». «խաղաղության համաձայնագրի» տեքստում նույնիսկ  կետ կա, որով կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ դատական պահանջներից։

«Գործը հիմա ուղարկվում է, և շուտով հայտարարություն կարվի», – ասել է Սիրանուշ Սահակյանը, հաստատելով, որ հայկական կողմը հայց կներկայացնի։

Այնուամենայնիվ, չկա որևէ երաշխիք, որ Բաքուն ևս դատի չի Հայաստանին միջազգային դատարանում՝ «ռազմական և այլ հանցագործությունների» համար։ Դատական ​​հայցը չի լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ, որոնք արդեն դատվել են Բաքվում, այլ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության։

Սա պարապ հարց չէ, հատկապես հաշվի առնելով ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն, ինչպես նաև արցախցի գեներալները քրեական հետապնդման ենթարկելու հարցը։

«Մարդու իրավունքներ առանց սահմանների» ՀԿ անդամ Աննա Մելիքյանը գրում է, որ «մինչ Հայաստանի իշխանությունները փակում են ադր-ցիների կողմից կատարված պատերազմական հանցանքների համար պատասխանատվության թեման, հստակ ասում են, որ նպատակահարմար չէ, ադր-ցիները շարունակում են պահանջել արդարադատություն։ Օրինակ՝ դժգոհ են, որ նախկին նախագահներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել, բայց չեն դատում պատերազմական հանցագործությունների համար»։

Նա մեջբերում է ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումները. «Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններն ու դատարանները մեղադրանքներ են առաջադրում նախկին ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և նրանց մերձավոր շրջապատի դեմ: Սեփականաշնորհման և ֆինանսական հոսքերի օրինականությունը դարձել է ներքին հետաքննությունների կիզակետ: Սակայն այս դատավարությունների մեջ բացակայում է ամենակարևոր կետը՝ պատասխանատվություն այդ նույն անձանց կողմից ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիայի ընթացքում կատարված ծանր ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: Նման մոտեցումը ոչ մի կապ չունի իրական արդարադատության հետ»:

Նման հայտարարությունները նշանակում են, որ Բաքուն, 2023 թվականի հոկտեմբերին պատանդ վերցնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մի քանի տարի շարունակ կեղծ դատավարություններ է անցկացրել՝ «ապացույցներ» հավաքելու և միջազգային դատարանում հայց ներկայացնելու համար, այս անգամ՝ Հայաստանի և նրա ղեկավարության դեմ:

Միջազգային դատարանները կընդունե՞ն այս պահանջները, թե՞ ոչ, այլ հարց է, բայց դրանք կարող են դառնալ Բաքվի ձեռքում գործիք՝ Հայաստանից հետագա զիջումներ կորզելու համար՝ նրան ահաբեկելով Ղարաբաղը «օկուպացնելու» մեղադրանքներով:

Միջազգային հանրությունը մինչ օրս չի արձագանքել այն փաստին, որ Բաքուն երեք տարի գերի է պահում ​​մարդկանց, որոնց հետ միջազգային միջնորդները հանդիպել և բանակցություններ են վարել Ստեփանակերտում։

1988 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ոգևորված խոսում էին Ղարաբաղի մասին՝ որպես ժողովրդավարական խորհրդանիշի, որը վերջ տվեց խորհրդային տոտալիտարիզմին։ Արևմտյան երկրները երբեք կասկածի տակ չեն դրել Արցախի ինքնորոշման իրավունքը կամ այս իրավունքի իրականացումը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի վերամիավորման ակտի միջոցով։ Նրանք երբեք կասկածի տակ չեն դրել Հայաստստանի Անկախության հռչակագիրը կամ Սահմանադրությունը, որոնք հղում են կատարում 1989 թվականի որոշմանը։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, երբեք չի խոսել Հայաստանի կողմից Արցախի «օկուպացիայի» մասին։

Սակայն եթե Հայաստանն ինքը ճանաչի «օկուպացիայի» փաստը, միջազգային հանրությունը անզոր կլինի որևէ բան անել։

Բաքվում գերի գտնվող Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանում դիմեց արևմտյան հանրությանը. ի վերջո, դուք էիք, որ աջակցեցիք և խրախուսեցիք Արցախում ժողովրդավարական շարժումը։ Ինչո՞ւ եք թույլ տալիս Բաքվի ռեժիմին մեղադրել ինքնորոշման համար պայքարած Արցախի ղեկավարությանը «օկուպացիայի» մեջ։

Նաիրա Հայրումյան