
Հայաստանում բնակվարձերի չափերի աճը արցախցիների ընտանիքների համար աստիճանաբար վերածվում է ոչ միայն սոցիալական, այլև բնակարանային անվտանգության խնդրի։
Տեղահանությունից երեք տարի անց բազմաթիվ ընտանիքներ դեռևս սեփական բնակարան չունեն, իսկ նրանց եկամուտները հաճախ չեն համապատասխանում շուկայական վարձավճարներին։ Արդյունքում որոշ ընտանիքներ արդեն ստիպված են եղել լքել վարձակալած բնակարանները, իսկ մյուսները կանգնած են նույն իրավիճակում հայտնվելու վտանգի առաջ։
Վերջին ամիսներին Երևանում վարձակալության գների աճի պատճառների թվում արցախցիները նշում են նաև Ռուսաստանից Հայաստան նոր բնակիչների, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայերի ներհոսքը, և տանտերերը հաճախ բարձրացնում են բնակվարձը։
Արդյունքում բնակարանի վարձը շատ արցախյան ընտանիքների եկամուտների համեմատ դառնում է անհամաչափ բարձր։ Հատկապես, որ, ըստ ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանի՝ արցախցիների միջին աշխատավարձը մոտ 150 հազար դրամ է։ Բազմաթիվ արցախցիներ աշխատում են ոչ ֆորմալ, ինչի պատճառով բանկային վարկ ստանալը ևս դժվար է։
Խնդիրը արդեն ունի կոնկրետ մարդկային պատմություններ։ Լիանա Այվազյանը, որը միայնակ մեծացնում է չորս երեխաներին, բնակվարձի բարձրացումից հետո ստիպված է եղել ապաստան գտնել Արցախի ներկայացուցչության շենքում։
Առավել ծանր է Բերտա Շահրամանյանի ընտանիքի վիճակը։ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Բերտան կորցրել է ընտանիքի չորս անդամներին՝ հորը, երկու անչափահաս եղբայրներին և ամուսնուն։ Այժմ նա ապրում է մոր և զինվորական հաշմանդամություն ունեցող եղբոր հետ։ Ընտանիքը վարձակալում է բնակարան, սակայն վարձավճարի բարձրացումը նրանց ևս կանգնեցրել է այն լքելու վտանգի առաջ։ Իսկ 3 գոգու սերտիֆիկատով տուն գնելը ոչ իրական է։
Այս պատմությունները ցույց են տալիս նաև փոքր՝ մեկից երեք անդամ ունեցող ընտանիքների առանձնահատուկ խոցելիությունը։ Նրանց համար բնակարանային հավաստագրի արժեքը բավարար չէ շուկայում բնակարան ձեռք բերելու համար, իսկ վարձակալության աջակցության գործող ծրագիրը ևս չի ապահովում իրական լուծում։
Կառավարությունը նման ընտանիքների համար առաջարկում է ամսական 40 հազար դրամի վարձավճարի փոխհատուցում, սակայն դա ակնհայտ լուծում չէ։
Այս տարվա հուլիսի 1-ից գործող ծրագրով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է ամսական 40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով, սակայն այս ծրագրից օգտվելու համար որոշակի խոցելի խմբերի ընտանիքները պետք է հրաժարվեն բնակարանային աջակցության ծրագրից կամ հավաստագրից։ Այդ պատճառով մինչ այժմ ծրագրին դիմումներ գրեթե չեն ներկայացվել։
Կառավարության կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ արդեն 7000-ից ավելի ընտանիքներ ստացել են հավաստագիր, սակայն դրանցից միայն մոտ 4000-ն են փաստացի իրականացրել այն։ Մնացած ընտանիքների դեպքում խնդիրներից են բնակարանների շուկայական բարձր գները, հավաստագրի և բնակարանի արժեքի տարբերությունը և լրացուցիչ վարկային միջոցների անհասանելիությունը։
Այսպիսով, որոշ ընտանիքների համար ստեղծվել է փակ շրջան․ վարձակալել չեն կարող, իսկ հավաստագրով բնակարան գնել՝ նույնպես։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կառավարության ծրագրով առաջիկա տարիներին նախատեսվում է մոտ 800 միլիարդ դրամ ուղղել Արցախից տեղահանվածների բնակարանային խնդրի լուծմանը։ Սակայն այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ ինչ անել այն ընտանիքների հետ, որոնք այսօր չունեն բավարար եկամուտ՝ շուկայական վարձը վճարելու համար, իսկ բնակարանային հավաստագիրը դեռ չեն կարողացել իրացնել։
Օգոստոսի 15-ի սոցիալական բնակարանների վերաբերյալ քննարկման ժամանակ ներկայացված մոտեցումներից մեկը մատչելի բնակարանային ֆոնդի ստեղծումն էր։ Դրա տրամաբանությունն այն է, որ պետությունը ստեղծում է նոր և մատչելի բնակարանների առաջարկ։
Դեռևս 2024 թվականին Հայաստանի կառավարությանը առաջարկվել էր արցախահայերի համար բնակելի թաղամասեր կառուցել, սակայն այդ գաղափարը դիտարկվել էր նաև «գետտոյացման» վտանգի տեսանկյունից։
Բայց արդեն կա կոնկրետ նախադեպ՝ Ոսկեհատի ծրագիրը։ Այն նախատեսում է 1-3 անդամից բաղկացած ընտանիքների համար կառուցել 132 բնակելի միավոր՝ 5-10 մլն դրամ արժեքով։
Այսպիսի ծրագրերը կարող են դառնալ բնակարանային խնդրի լուծման ավելի երկարաժամկետ ճանապարհ։ Եթե պետությունը սեփական միջոցները ուղղում է նոր մատչելի բնակարանների կառուցմանը, ստեղծվում է իրական և նոր բնակարանային ֆոնդ։
Միաժամանակ, մասնավոր կառուցապատողների ներգրավումը պետք է ուղեկցվի պետական հստակ կարգավորմամբ և վերահսկողությամբ։ Մասնավոր ընկերությունը կարող է արդյունավետորեն իրականացնել շինարարական ծրագիր, սակայն սոցիալական բնակարանաշինությունը չի կարող ամբողջությամբ թողնվել շուկայի տրամաբանությանը։
Այս առումով ավելի արդյունավետ կարող է լինել պետության, մասնավոր կառուցապատողների, համայնքների և բարեգործական կազմակերպությունների համագործակցությունը՝ պետության կողմից հստակ կանոնների, գների և շահառուների իրավունքների վերահսկմամբ։
Հետևաբար խնդրի լուծումը կարող է ունենալ առնվազն երկու ուղղություն՝ սեփական բնակարանի ձեռքբերում պետական հավաստագրով և մատչելի բնակարանաշինություն կամ սոցիալական տների կառուցում։
Իսկ այն ընտանիքների համար, որոնք արդեն կանգնած են անօթևան մնալու վտանգի առաջ, անհրաժեշտ է նաև անհապաղ միջամտության մեխանիզմ՝ ժամանակավոր կացարան, լրացուցիչ վարձավճարի աջակցություն կամ անհատական սոցիալական գնահատում։ Հակառակ դեպքում երկարաժամկետ ծրագրերի իրացման ընթացքում ընտանիքները կարող են պարզապես կորցնել իրենց ներկայիս բնակության վայրը։
Այսպիսով, երեք տարի անց բնակարանային խնդիրը կարող է վերածվել տեղահանված ընտանիքների համար երկրորդային սոցիալական տեղահանության․ մարդիկ, որոնք արդեն կորցրել են իրենց տները, այսօր կարող են կորցնել նաև այն վարձակալած բնակարանները, որտեղ փորձել են կյանքը վերականգնել Հայաստանում։
Արսեն Աղաջանյան