
Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրություններն ու արբանյակային պատկերների համադրումը ցույց է տվել, որ 2026 թվականի մայիսի 9–14-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի հայ-ռուսական հին գերեզմանոցը ոչնչացվել է, Շուշիում անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման պատրվակի տակ, ինչը Ադրբեջանի կողմից կիրառվող բավական հին ու ծանոթ ձեռագիր է։
Գերեզմանոցը գտնվում է քաղաքի արևելյան հատվածում՝ բերդի արևելյան պարսպից մոտ 300 մ հեռավորության վրա։ Այն քաղաքի պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրիչներից է։ Տարածքում պահպանվել էին 19-րդ դարի հայկական և ռուսական գերեզմաններ, ինչպես նաև ժամանակագրորեն ավելի վաղ թվագրվող հայկական խաչքարեր։
2004-2005 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը 2005 թ. հուլիսին այստեղ իրականացրել է հետախուզական աշխատանքներ, որի արդյունքում վավերացվել են 12-13-րդ դարերի հինգ խաչքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ձևավորվել է առնվազն 12–13-րդ դարերում և օգտագործումը շարունակվել է հետագա դարերում։
Գերեզմանատան տարածքում 19-րդ դարի տապանաքարերի հետ մեկտեղ պահպանվել են մեծ թվով անմշակ քարերով թաղումներ, որոնց ձևաբանական առանձնահատկությունները բնորոշ են ինչպես միջնադարյան, այնպես էլ ավելի ուշ ժամանակաշրջաններին։ 15–16-րդ դարերին կարող են վերագրվել տարածքում պահպանված բազմազան անմշակ տապանաքարերը, իսկ 19-րդ դարում գերեզմանատունը կրկին ակտիվորեն օգտագործվել է՝ ձևավորելով թաղումների նոր շերտ։
Եվ այստեղ մենք հանդիպում ենք ուղղափառ դավանանքի հետևորդների գերեզմանների։ Պահպանվել էին ռուսերեն և լատիներեն արձանագրություններով տապանաքարեր, որոնք վկայում են գերեզմանատան՝ 19-րդ դարում բազմակողմանի օգտագործման մասին։ Ըստ առկա նյութի՝ տարածքի հյուսիսային հատվածում գերակշռում էին հայկական թաղումները, մինչդեռ հարավային հատվածում կենտրոնացած են ուղղափառ դավանանքի հետևորդների գերեզմանները։
Պահպանվել են չորս տասնյակին հասնող տապանաքարեր, որոնք թվագրվում են 1810–1871 թվականներով։ Դրանք Շուշիի հայկական և ռուսական համայնքների ներկայացուցիչների՝ այդ թվում արհեստավորների, զինվորականների, բժիշկների, պետական ծառայողների և այլ բնակիչների գերեզմաններ են, որոնց մասին փաստում են տապանագրերը։
Գերեզմանոցում էր ամփոփված նաև 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով մասնակցել էր 1826 թվականի Շուշիի պաշտպանությանը։ Տապանագրի ձեռագիրը ներկայացված է Հրաչիկ Հարությունյանի ձեռամբ։
Մեկ այլ տապանաքարի լատիներեն արձանագրությունը հիշատակում էր Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերին։
Պատմական գերեզմանոցների հետևողական վերացումը, տապանաքարերի ոչնչացումը և տարածքում պահպանված հայկական մշակութային հետքերի ֆիզիկական անհետացումը վկայում են պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության մասին։
Գերեզմանատան ոչնչացման հետևանքով խաթարվել է ոչ միայն առանձին թաղումների և հուշաքարերի պահպանվածությունը, այլև հուշարձանի՝ որպես բազմադարյա պատմական, հնագիտական և հիշողության վայրի ամբողջականությունը։
Արմինե Հայրապետյան