
Step1.am-ի հարցերին պատասխանել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
–Պարոն Հայրիկյան, իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Սահմանադրության նախաբանից հանելու են հղումն Անկախության հռչակագրին։ Ինչպե՞ս եք գնահատում դա, ի՞նչ հետեւանք կլինի Հայաստանի համար։
-Իրենց տարբերակի հիմքում պետական կառավարման համակարգը մնում է Մուսոլինիի նախընտրած համակարգը։ Մուսոլինիի համար գրված համակարգը չի կարող օգտակար լինել, ի վերջո Մուսոլինին բռնապետ էր և արժանացավ բռնապետի վախճանի։ Մյուս բաների մասին խոսելն արդեն ավելորդ է, ներառյալ Անկախության հռչակագիրը հանել-դնելու մասին։ Կա Սահմանադրության նախագիծ, որը ես տվել եմ 2014 թվականից։ Հիմա դիմել եմ պառլամենտական երկու ֆրակցիաների պատգամավորներին, երեկ եմ դիմել և ասել եմ, որ սա է ճանապարհը՝ կամ դուք գնում եք ձեզ սեպտեմբերի 21 նվիրած մարդու Սահմանադրության նախագիծը քննարկելու ճանապարհով, կամ ձեր ճակատներին գրում եք, որ դուք հանցագործներ եք, որովհետև չի կարելի խախտել օրենքը։
Եթե դու գիտես, որ մեկը հանցագործություն է կատարել և լռում ես, դու դառնում ես հանցագործություն պարտակող։ Հիմա մեր ընդդիմադիրները բոլորը դարձել են հանցագործություն պարտակող՝ ամեն ինչի մասին խոսում են Նիկոլի հետ, բացի այն բանից, որ ինքը Հայրիկյանից ու 18 քաղաքական ուժերից ստացել է Սահմանադրության նախագիծ ու չի էլ քննարկել։ Օրենք կա, եթե տեսնում ես, որ մեկը հանցանք է կատարել ու լռում ես, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իսկ այս դեպքում կատարված հանցագործությունը վերաբերում է Կսակցությունների մասին սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետին։ Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ հանցախումբ է դարձրել նաեւ դատախազությունը, արդարադատության նախարարությունը հենց այս մի հարցով։ Այս մի հարցը բավական է, որ մենք հասկանանք, որ ինքը, եթե ունի հանցավոր գործելակերպի տրամադրվածություն, որևէ լավ բան անել չի կարող։
–Հայտարարել է, թե Երրորդ Հանրապետությունը չկա այլեւս, իրենք Չորրորդ Հանրապետոթյան հիմքն են դնում։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Մենք չենք ունեցել Երրորդ Հանրապետություն, որ դրանից անցնենք չորրորդի։ Մեկը կարող է ասել՝ պայծառ Հայաստան, մյուսը՝ գեղեցիկ կամ հիանալի Հայաստան, մեկ էլ կարող է ասել՝ Երրորդ Հանրապետություն։ Դրանք բոլորը հիմարություններ են, իրավագիտության հետ կապ չունեն, Հայաստանն ունի իրավական անուն՝ Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն՝ առանց կցորդների։ Մենք՝ հայերս, երբ որ Սովետական Միության տարածքից դուրս էինք գալիս, հանրաքվե անելիս խոսել ենք անկախ Հայաստանի ստեղծման մասին։ Չի կարող հանրապետությունը լինել ոչ անկախ, այսինքն՝ 2 400 000 մարդ իդիոտ էին, հա՞, կա?ր երկրորդ անկախ Հանրապետություն, եւ այդ երկրորդից անցում կատարեցինք դեպի անկախ Հայաստանի՞ն։ Սա կատարյալ հակագիտական, հակաիրավական գնահատական ու դրսևորում է։
Թեկուզ միայն այն, որ ինչ-որ մեկը Հայաստանից դուրս համարձակվում է իրեն թույլ տալ, պահանջել, որ Հայաստանն իր Սահմանադրության մեջ ինչ-որ բաներ անի, ու Հայաստանի իշխանությունները ընդառաջում են, այն դեպքում, երբ Հայաստանի անկախության կայացման առաջնորդը տվել է նախագիծ, և դա չի քննարկում, դա մեծագույն սրիկայություն է, որը Նիկոլը կարող էր անել։ Հայրիկյանի նախագիծը, այն Հայրիկյանի, որը ժամանակին նույնիսկ գլխավորել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, այդ մարդու նախագիծը չեն քննարկում, բայց Ալիևինը քննարկում են։ Ալիևին չպատասխանելը Հայաստանի որևէ օրենքով հանցագործություն չէ, բայց իմ դիմումը չքննարկելը 21-րդ հոդված, 5-րդ կետի խախտում է։ Ուրեմն, սրանք գնում են հայկական օրենքը խախտելու ճանապարհով, ինչ է թե հաճելի լինեն բռնապետ, հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ալիևի նկատմամբ։
–Արդեն ակնհայտ է, որ անցկացնելու են իրենց մշակած նախագիծը, ի՞նչ հետեւանք կունենա դա Հայաստանի համար։
-Մինչև այդ ես դիմել են պառլամենտական երկու ֆրակցիաների, որ բարձրացնեն այդ հարցը։ Այդ ի՞նչ հանձնաժողով է, որը քննարկում է մեկ տարբերակ՝ անտեսելով այլընտրանքները։ Դուք պարտավոր եք քննարկել, եթե չեք քննարկում Հայրիկյանի նախագիծը, նշանակում է՝ դուք օրենք եք խախտում, պետական կառույցները պարտավոր են քննարկել։
–Պարոն Հայրիկյան, Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից Բաքուն հեռացրեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Հիմա Կարսի պայմանագիրը գործում է, թե՞ ոչ այսօր։
-Կարսի պայմանագիրը կապիկություն է, կա Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի ոչ ենթակա մասնակիցների կնքած ապուշություն է։ Իսկ միջազգային պայմանագրեր կնքում են միջազգային իրավունքի ենթակա ուժերը։ Սրանք խոսում են Ալմա-Աթայի հռչակագրի մասին, հիմարություն է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելիս միջազգային իրավունքի ենթակա որևէ պետություն դեռ չկար, առաջին քայլերն էին արվում։ Միջազգային իրավունքի ենթակա են դառնում միջազգայնորեն ճանաչվելուց հետո։ Ո՞նց կարող էին միջազգային իրավունքի ոչ ենթակա վարչական միավորները միջազգային իրավունքի փաստաթուղթ հրապարակել։
Նույնը վերաբերում է Կարսի պայմանագրին, իսկ Մոսկվայի պայմանագիրը, հակաօրինական, հակահայկական պայմանագիր է եղել։ Եվ մեր իշխանությունների 30 տարվա սխալ քաղաքականության հետևանքն է այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Փաստորեն այսօր այդ պայմանագիրը վավերցնելու ու ամրագրելու ճանապարհով են գնում և ադրբեջանցիները, և թուրքերը։
Ռոզա Հովհաննիսյան