
Հայաստանի ԱԳՆ-ը չի նկատել եվրոպացի դիվանագետների խայտառակ այցն օկուպացված Արցախ։ Ավելին, չի բացառվում, որ հաջորդը կլինի Արարատ Միրզոյանի այցը Շուշի։ Թեկուզ Ալեն Սիմոնյանի այցը կարող է ավելի արագ ստացվի․ նա ասել է, որ պատրաստվում է մոտակա ժամանակներս այցելել Ադրբեջան, բայց ոչ Բաքու։ Նա ասել է, որ Հիմքետ Հաջիևի Դիլիջան կատարած այցից հետո պատասխան քայլ պետք է լինի։ Կասկած չկա, որ Բաքուն առաջարկել է “պատասխան այցը” կատարել Արցախ, ասենք, Մարտունի։ Չի բացառվում, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ծնվել է Մարտունիում, հրաժարվել է գնալ “Խոջվանդ”։ Իսկ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը նման խնդիր չունեն։
«Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին։
«Հարգելի՛ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ,
Ձեզ եմ դիմում որպես մարդ, որը ծնվել և մեծացել է Արցախում, և որի տունը Ստեփանակերտում էր։
Մի քանի օր առաջ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախ։ Ստեփանակերտում նրանք այցելել են այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգի» և այնտեղ հուշանկար լուսանկարել։
Մինչ դիվանագետները լուսանկարվում են տեղահանված հայերի տների վայրերում, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ հայ պատանդներ։ Սա պարզապես «Հաղթանակի զբոսայգի» չէ։ Սա մի վայր է, որտեղ հաղթանակ է նշվում այն մարդկանց նկատմամբ, որոնց զրկել են իրենց տներից, հայրենիքից և ազատությունից։
Ինձ համար սա վերացական պատմություն չէ։
Այս վայրում ժամանակին կանգնած էր իմ տունը՝ Ստեփանակերտի բնակիչների հարյուրավոր տներից մեկը, որոնք 2023 թվականի սեպտեմբերին նրանց բնակիչների բռնի տեղահանումից հետո հողին են հավասարեցվել՝ ի հեճուկս միջազգային դատական ատյանների որոշումների և Եվրոպական խորհրդարանի բանաձևերի։
Հենց այդ պատճառով էլ դիմում եմ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների՝ նրանց բաքվյան գործընկերներին.
Դուք պետք է հասկանաք, թե հատկապես ինչն եք լեգիտիմացնում՝ մասնակցելով Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող նման այցելություններին։
Այցելելով Ստեփանակերտ և լուսանկարվելով այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգում»՝ դուք չպետք է դառնաք քաղաքական և քարոզչական այն պատումի մաս, որտեղ հայ բնակչության վտարման հետևանքները ներկայացվում են որպես «հաղթանակ» և «ազատագրում»։
Այցելելով Գանձասար և Դադիվանք՝ դուք պետք է տեսնեք ոչ միայն հնագույն վանքերը, այլև այն, թե ինչ է կատարվում դրանց հայկական ինքնության և ժառանգության հետ։
Այցելելով Շուշի՝ դուք պետք է հիշեք քաղաքի հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացման, փոփոխման և ջնջման մասին։
Դուք պետք է հարցեր տաք։
Եթե այցելում եք Ստեփանակերտ, պետք է հարցնեք՝ որտե՞ղ են նրա նախկին բնակիչները։
Եթե այցելում եք հայկական վանք, պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է փոխվում դրա հայկական ինքնությունը։
Եթե այցելում եք Շուշի, պետք է հարցնեք՝ ի՞նչ եղավ քաղաքի հայկական եկեղեցիներին, թանգարաններին և մշակութային ժառանգությանը։
Եվ հատկապես ուզում եմ դիմել Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ այն պետություններին, որոնք տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին և անմիջականորեն ներգրավված էին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում։
Բաքվում ձեր գործընկերները պարզապես չեն շրջագայում տարածաշրջանում։
Նրանք մասնակցում են խնամքով կազմակերպված քաղաքական և տեղեկատվական արշավի։
Դուք պետք է հասկանաք. յուրաքանչյուր դիվանագիտական այց, յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր պաշտոնական ժեստ քաղաքական նշանակություն ունի։
«Վերակառուցված Ղարաբաղի» գեղեցիկ լուսանկարների հետևում կանգնած են իրական մարդիկ, որոնք վտարվել են իրենց տներից։
Այդ թվում՝ ես։
Եվ քանի դեռ մենք խոսում ենք խաղաղության մասին, արդար խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանվածների մոռացության, նրանց ժառանգության ջնջման և ադրբեջանական կալանքի տակ գտնվողների մասին լռության վրա։
Դուք պետք է հիշեք այս մասին հաջորդ անգամ, երբ Արցախում լուսանկարվեք։
Դուք չպետք է թույլ տաք, որ էթնիկ զտումը վերածվի զբոսաշրջային երթուղու»։
Բայց ոչ ոք արտաքին աշխարհից հարցեր չի տալու, քանի Հայաստանի կառավարությունը մի թթու խոսք չի ասել Արցախյան խայտառակության մասին։ Հակառակը, ՔՊ պատգամավորը ասում է, որ գերիների հարցը չեն բարձրացնում, որ չվնասեն Ադրբեջանի “բարի անվանը”։ Իսկ եթե հանկարծ հարցնեն, ո՞ւր են հայկական եկեղեցիների խաչերը, Ադրբեջանի բարի համբավը կարող է տուժել։ Իսկ որպեսզի այդ համբավին վտանգ չսպառնի, պետք է դատարաններով քաշքշել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին, որպեսզի սեփականության իրավունքով չխոսեն Արցախում եկեղեցիների մասին։
Իսկ մինչ այդ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Գանձասար:
Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
Հաջիևը նույնպես խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև «այդ հարցով կեղծ լուրեր և աղավաղված նարատիվներ տարածող լրատվամիջոցներին» կոչ է արել տեղում այցելել պատմական հուշարձաններ և իրականությունը տեսնել սեփական աչքերով: