
Ընտրությունները լավ առիթ են ներգրավման կարիք ունեցող խմբերի ինտեգրման համար։ Քաղաքական գործընթացներին մասնակցությունը վկայում է ինտեգրման բարձր աստիճանի մասին։
Այդպիսի առիթ պետք է լինեին ԱԺ ընտրությունները բռնի տեղահանված արցախցիների համար։ Քաղաքական պայքարը հարմար առիթ է եղած խնդիրները ձևակերպելու, դրանք հանրայնացնելու, այդ խնդիրների լուծման համար աջակցություն ակնկալելու։
Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացումը, արցախցիների դեմ տարածվող ակնհայտ ատելության խոսքն անհնարին դարձրեցին այս ընտրությունները ինտեգրման համար օգտագործելու պատեհությունը։ Արցախցիների նկատմամբ իշխանությունների կանխատրամադրվածությունն էր հավանաբար պատճառը, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը նախընտրական տարում էականորեն դանդաղեց։
Սակայն եթե համապետական ընտրություններին մասնակցելը ենթադրում է ՀՀ քաղաքացիության առկայություն, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես ընտրող կարող են մասնակցել նաև որոշակի ժամանակով համայնքում հաշվառվում ունեցող ոչ քաղաքացիները։ Սա նշանակում է, որ բռնի տեղահանված գրեթե բոլոր արցախցիները կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
Տեղական ընտրությունը ևս կարևոր նշանակություն ունեն ինտեգրման համար։ Ընդ որում տեղական հարցերի շուրջ բռնի տեղահանված բնակչության ակտիվությունը, այդ հարցերի լուծմանը նոր երանգներ հաղորդելը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան բևեռացված քաղաքական դաշտում համապետական ընտրությունների ակտիվությունը։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական բևեռվածությունը համապետական մակարդակից տարածվում է նաև տեղական մակարդակի վրա։
Ավելին, գործող իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում վարչական ռեսուրսի ուժեղացմանը, ինչն էլ արտահայտվում է ամեն գնով (ընդդիմադիր խմբակցություններից ավագանու անդամ «գողանալուց» մինչև ընդդիմադիր համայնքապետերին ազատությունից զրկելը) համայնքային իշխանությունը վերցնելը։ Այս պարագայում ռիսկ կա, որ արցախցիների ակտիվությունը համայնքային ընտրություններին նրանց կդարձնի թիրախ քաղաքական բևեռացման սիրահարների համար։
Արդյո՞ք սա նշանակում է, որ արցախցիները ակտիվություն չպետք է ցուցաբերեն։ Իհարկե ոչ։ Քաղաքական և հատկապես տեղական ժողովրդավարական գործընթացներից դուրս մնալը կարող է միայն խորացնել մեկուսացումը։ Խնդիրը մասնակցությունից հրաժարվելը չէ, այլ այնպիսի մասնակցության ձևերի ընտրությունը, որոնք թույլ կտան արցախցիներին հանդես գալ որպես սեփական օրակարգն ունեցող քաղաքացիներ և ոչ թե քաղաքական բևեռներից որևէ մեկի հավելված։
Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության դերը։ Արցախցիների ինտեգրմամբ զբաղվող կազմակերպությունները կարող են նպաստել ոչ միայն նրանց սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը, այլև համայնքային կյանքում նրանց մասնակցության ձևավորմանը։ Դրա համար անհրաժեշտ է ընտրությունների վերաբերյալ ընդհանուր իրազեկումից անցնել ավելի համակարգված աշխատանքի՝ խրախուսելով տեղական խնդիրների շուրջ արցախցիների ինքնակազմակերպումն ու մասնակցությունը։
Առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել տեղական ինքնակառավարման և համայնքային ընտրությունների վերաբերյալ իրազեկվածությունը։ Շատերի համար համայնքային իշխանությունը շարունակում է ընկալվել որպես հեռավոր և քիչ ազդեցություն ունեցող կառույց, մինչդեռ համայնքային ենթակառուցվածքների, տրանսպորտի, աղբահանության, սոցիալական ծառայությունների, զբաղվածության և կրթության բազմաթիվ խնդիրներ լուծվում են հենց համայնքային մակարդակում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են հանդիպումների ու քննարկումների միջոցով ներկայացնել համայնքի լիազորությունները, բնակիչների մասնակցության մեխանիզմներն ու ավագանու աշխատանքը։
Երկրորդ՝ անհրաժեշտ է օգնել արցախցիներին ձևակերպել իրենց համայնքային օրակարգը։ Այդ խնդիրները պետք է վերածվեն հստակ առաջարկությունների և ներկայացվեն բոլոր քաղաքական ուժերին ու համայնքային իշխանություններին։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են այստեղ միջնորդական դեր ստանձնել՝ ուսումնասիրելով համայնքային խնդիրները, կազմակերպելով հանդիպումներ և առաջարկությունների փաթեթներ ներկայացնելով ընտրություններին մասնակցող ուժերին՝ առանց որևէ մեկի օգտին քարոզչություն իրականացնելու։ Այս մոտեցումը արցախցիների մասնակցությունը անձնավորված ընտրությունից տեղափոխում է խնդիրների լուծման դաշտ։
Երրորդ՝ կարևոր է խրախուսել արցախցիների մասնակցությունը ոչ միայն որպես ընտրողների, այլև որպես համայնքային կյանքի ակտիվ մասնակիցների։ Ընտրությունները չպետք է ավարտվեն քվեարկության օրը․ անհրաժեշտ է նաև մասնակցել հանրային քննարկումներին, կապ պահպանել ավագանու անդամների հետ, բարձրաձայնել խնդիրները և պահանջել դրանց լուծման վերաբերյալ հաշվետվողականություն։
Միևնույն ժամանակ պետք է խուսափել արցախցիներին համայնքային քաղաքականության մեջ առանձին ուժ ներկայացնելուց։ Ինտեգրումը ենթադրում է ոչ թե նոր փակ քաղաքական խմբի ձևավորում, այլ համայնքի ընդհանուր կյանքում ակտիվ մասնակցություն։ Արցախցիների խնդիրները պետք է դառնան համայնքի ընդհանուր օրակարգի մի մասը՝ համագործակցության, ոչ թե առանձնացման տրամաբանությամբ։
Չորրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել ատելության խոսքին և քաղաքական պիտակավորմանը դիմակայելու մեխանիզմներ։ Քաղաքացիական հասարակությունը կարող է արձանագրել և հանրայնացնել նման դրսևորումները, ներկայացնել համապատասխան կառույցներին, ինչպես նաև աշխատել քաղաքական ուժերի և համայնքային թեկնածուների հետ։ Վերջիններից կարելի է պահանջել հստակ դիրքորոշում բռնի տեղահանվածների ինտեգրման, նրանց նկատմամբ խտրականության անթույլատրելիության վերաբերյալ։
Հինգերորդ՝ պետք է զարգացնել արցախցիների և տեղական բնակչության համատեղ նախաձեռնությունները։ Բակերի, ենթակառուցվածքների, բնապահպանական, կրթական, մշակութային կամ երիտասարդական խնդիրների շուրջ համատեղ աշխատանքը նվազեցնում է բաժանման ռիսկը և ցույց է տալիս, որ ինտեգրումը միակողմանի հարմարվելու գործընթաց չէ։
Վերջապես, կարևոր է առանձնացնել քաղաքական մասնակցությունը կուսակցական պատկանելությունից։ Արցախցիները, ինչպես Հայաստանի մյուս բնակիչները, կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ։ Նրանց միավորողը կարող է լինել ոչ թե ընդհանուր կուսակցական դիրքորոշումը, այլ համայնքի զարգացման և սեփական խնդիրների լուծման նկատմամբ հետաքրքրվածությունը։
Այսպիսով, համայնքային ընտրություններում արցախցիների ակտիվությունը չպետք է նրանց դարձնի քաղաքական բևեռացման թիրախ։ Լուծումը քաղաքական պասիվությունը չէ, այլ կազմակերպված, իրազեկ և ինքնուրույն քաղաքացիական մասնակցությունը։
Արցախցիների ինտեգրմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խնդիրն այս դեպքում պետք է լինի ոչ թե նրանց փոխարեն քաղաքական որոշումներ կայացնելը, այլ մասնակցության կարողությունների զարգացումը՝ իրազեկում, համայնքային խնդիրների քարտեզագրում, սեփական օրակարգի ձևավորում, ընտրություններից հետո վերահսկողություն և տեղական բնակչության հետ համատեղ նախաձեռնություններ։
Համապետական ընտրություններում այդ հնարավորությունը մեծապես սահմանափակվեց քաղաքական բևեռացմամբ և արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ։ Սակայն դա չի նշանակում, որ ինտեգրման համար քաղաքական մասնակցության պատուհանը փակվել է։ Տեղական ինքնակառավարման մակարդակը կարող է դառնալ այդ մասնակցությունը վերականգնելու ավելի անվտանգ և արդյունավետ հարթակ, եթե այն չվերածվի կուսակցական հակամարտությունների հերթական ճակատի։
Ինտեգրումը չի նշանակում պարզապես բնակվել Հայաստանի որևէ համայնքում, ստանալ փաստաթղթեր կամ օգտվել պետական ու համայնքային ծառայություններից։ Ինտեգրված բնակիչը նաև մասնակցում է իր համայնքի կյանքին, բարձրաձայնում խնդիրները, ազդում որոշումների վրա և պատասխանատվություն է կրում համայնքի ապագայի համար։ Հետևաբար արցախցիների ակտիվությունը ոչ միայն նրանց իրավունքն է, այլև ինտեգրման կարևոր պայմանը։
Հայկ Խանումյան