
Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
-Տիկին Դիլբարյան, Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Ձեր քաղաքական ուժը պատրա՞ստ է քննարկումներ ու հանդիպումներ անցկացնել Արցախի իշխանությունների հետ։
-Կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը ճիշտ է, գուցե անգամ կարելի էր մի փոքր ավելի վաղ անցկացնել՝ նախքան խորհրդարանական ընտրությունները։ Հիմա առավել քան ճիշտ է եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ուժերի հետ այդ հանդիպումներն անցկացնել։ Մենք Արցախի Հանրապետության հռչակման օրը եղանք Արցախի ներկայացուցչությունում, դրա մասին խոսվեց, բայց դեռեւս առարկայական քայլեր՝ հանդիպումներ ու քննարկում չեն եղել մեր մասով։
Ինչպես մենք տեսնում ենք, Ադրբեջանը խիստ հարձակվողական եւ ադրբեջանական շահերին համապատասխան դիվանագիտական ակտիվ քարոզչություն է իրականացնում։ Հայաստանի իշխանության դիրքորոշումը սպասելի էր, բայց ես կարծում էի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից հավաքական ու համատեղ, ոչ թե առանձին արձագանք կլիներ, նաեւ արձագանք՝ ուղղված դրսի դիվանագիտական ներկայացուցչություններին, դեսպաններին, այն պետություններին, որոնք դարերով խոսում են ժողովրդավարության, ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների մասին։ Բայց իրականում երեւի ղեկավարվում են չորրորդ, հինգերորդ ստանդարտներով։ Ամեն անգամ գզրոցներից դուրս են բերում նոր թեզեր, եւ այդ թեզն ընդամենը հանգում է ուժի փառաբանմանը։
Եվ հիմա մենք ապրում ենք ուժի միջոցով բոլոր հարցերը լուծելու շատ տխուր ժամանակաշրջանում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք։ Ես կարծում եմ՝ եւ Հայ Առաքելական եկեղեցին, եւ քաղաքական ու հանրային դաշտը պետք է արձագանքեն։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն այդ բողոքի նոտան չի հղում, մենք պետք է ցույց տանք, որ կա պատմական եւ իրական Հայաստանը, որը թույլ չի տալու մեր ազգային շահերի ուրացումը, մեր հոգեւոր ժառանգության յուրացումը, որովհետեւ այն քաղաքականությունը, որն իրականացվում է Արցախում, ես համարում եմ ոչ միայն հակաարցախյան, դա ընդհանրապես հակահայկական, հակահայաստանյան քաղաքականություն է։ Իմ համոզմամբ՝ վերամիավորման գաղափարը, որով մենք մեր երիտասարդության ժամանակահատվածում առաջնորդվել ենք, միակ առարկայական գաղափարն էր։
–Այսինքն՝ միայն Միացումի գաղափարի շուրջ եք տեսնո՞ւմ մեր խնդիրների լուծումը։
Այո, միանշանակ։ Ես ուսանող էի, երբ Շարժումը սկսվեց, իմ կայացումը՝ որպես հայ քաղաքացու, ամբողջացել է, երբ խորտակվեց ԽՍՀՄ կայսրությունը։ Եվ համոզված էինք, որ այդ կայսրությունը խորտակվելու է, ազգերի ինքնորոշումը տեղի է ունենալու, մեր անկախությունը հռչակվելու է, եւ, այո, մենք կարողանալու ենք նվաճել, որովհետեւ ուժը, ցավոք սրտի, աշխարհում միշտ էլ եղել է միակ ու վճռական գործոնը։ Պետք է հասկանալ, որ ուժը ոչ միայն կոպիտ ռազմական ուժն է, այլ նաեւ կան փափուկ ուժը, եւ ամենակարեւորը՝ խելացի ուժը, որն արտահայտվում է դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, հայկական արժեքների իրական քարոզչությամբ եւ ոչ թե այն սուտ եւ կեղծ տեսություներով, որով Ադրբեջանն իր համար ստեղծում է «պատմություն»՝ հայերի պատմության յուրացմամբ։
-Ի՞նչ է փաստում այն, որ Ադրբեջանի իշխանությունները հիմա պահանջում են, որպեսզի ՀՀ իշխանությունները Սահմանադրության նախաբանից հանեն հղումն Անկախության հռչակագրին՝ վերամիավորման որոշումն այսօր էլ է ուժի մե՞ջ։
-Իհարկե, ես համոզված եմ, որ Ադրբեջանը միշտ էլ վախեցել է հենց այդ Միացումից, որը մենք մեր Երեւանի Ազատության վերանվանված հրապարակում հռչակեցինք։ Միաժամանակ դա հռչակվեց Ստեփանակերտում ու Արցախի տարբեր բնակավայրերում։ Երբ բոլորս միասին հռչակում էինք Միացումի կարգախոսը՝ «պայքար-պայքար», հենց այդ ամենից էլ Ադրբեջանը վախենում է։ Եթե ինքը մտածեր, որ վերջնականապես հաղթել է, ինչպես իրենք են սիրում պնդել, թե իբր «լուծել են Արցախի հարցը», ապա այսօր չէին կատարի այս նյարդային շարժումները՝ ամեն կերպ ճգնելով եւ ստիպելով ՀՀ ներկա իշխանություններին այս կամ այն պահանջը կատարել։ Իսկ ՀՀ ներկա իշխանության միակ շարժիչ ուժը սեփական իշխանության կորստի վախն է։
Տեսեք՝ ինչպես են ադրբեջանցիները պայքարում են մեր հուշարձանների դեմ, քանդում են մեր եկեղեցիները, իսկ որտեղ քանդել չեն կարողանում, սկսում են կեղծ «ուդիական» հետքեր գտնել։ Դա նշանակում է, որ իրենք իրենց հաղթող չեն զգում, սարսափում են, իրենք վախենում են անգամ գրված բառերից, այն բառերից, որոնք ամրագրված են մեր Սահմանադրության նախաբանում ու Անկախության հռչակագրում։
-Ձեր քաղաքական ուժը չի՞ ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում։
-Ինչպես կարո՞ղ է որեւէ ողջամիտ հայ, քաղաքական կամ հասարական ուժ ընդունել այդ անհեթեթ պնդումը։ ԽՍՀՄ տարիների ընթացքում էլի մեր վատ դիվանագիտության ու սխալ կողմնորոշումների պատճառով եւ Արցախը, եւ Նախիջեւանը հանձնվել են Ադրբեջանին։ Ընդ որում, այսօր ոչ ոք չի խոսում այն մասին, որ դրանք հանձնվել են՝ Արցախն ինքնավար մարզի, իսկ Նախիջեւանն ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Այն ժամանակ Ադրբեջան որպես այդպիսին, Ադրբեջանի ժողովուրդ չկար այդտեղ ապրող։ Կովկասյան թաթարների անվան տակ փորձեցին ազգ ստեղծել, բայց ո՞ւմ հաշվին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ անգամ ԽՍՀՄ սարսափելի կայսրության տարիներին, որի նպատակը մարդկանց ինքնությունը ջնջելն էր, ազատամտության ու այլախոհության ոչնչացումը, չեն ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Ուրիշ բան է լինել Ադբեջանի կազմում ինքնավար կարգավիճակով, ուրիշ բան է լինել Ադրբեջան։ Դրանք եւ իրավական, եւ քաղաքական, եւ պատմական առումով շատ տարբեր բաներ են։
– Արցախի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերն ինչպե՞ս են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, ի՞նչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։ Ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը կասե՞ք այս հարցերի շուրջ։
-Մեր հավատամքը եւ քաղաքական հիմնական առաքելությունը ներկա պահին արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի եւ հայկական մշակութային ինքնության պահպանումն է։ Իսկ դա ենթադրում է, որ այն պետական մարմինները, որոնք գործել են Արցախում, ընդ որում՝ գործել են բացարձակ ժողովրդավարական եւ իրավական հիմքերի վրա, նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը։ Ես չէի ուզենա այդ բառն օգտագործել, բայց, այո, հիմա երեւի պետք է վտարանդի կառավարություն ունենել։ Արցախի հայությունն իրավունք չունի այդպես հեշտորեն հրաժարվելու ծանր գնով՝ երդվյալների եւ նվիրյալների արյան գնով նվաճած անկախությունից։ Իրենք պետք է շարունակեն իրենց գործունեությունը։ Ես մեծ ցավ ապրեցի, չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Դանիելյանի հետ կապված։ Հասկանում եմ, որ հայի մեջ կա այդ ներքին պառակտման զարհուրելի վարակը, միմյանց քարկոծելու մոլուցքը, բայց գոնե այս պահին ես հայաստանյան ու արցախյան բոլոր ուժերին առաջարկում եմ մոռանալ ներքին հակասությունները եւ համախմբվել՝ պահապանելու բացարձակ ժողովրդավարական, բացարձակ միջազգային իրավունքի կողմից հարգված մի սկզբունք, որն ազգերի ինքնորոշման սկզբունքն է եւ մարդու անբեկանելի իրավունքը՝ ապրելու իր ծննդավայրում եւ տեր կանգնելու իր մշակույթին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այն խորհրդարանը, որն ընտրվել է, որի լիազորությունները կարող են երկարաձգվել, հեռացողների փոխարեն նոր մարդկանց ընտրել։
Ամեն ինչ արվեց, որպեսզի արցախահայությունը համահավաք չապրի մեկ վայրում, նրանց սփռեցին, բայց միեւնույն է, կան ձեւեր՝ ցանցային պայքարը շարունակելու։ Ընդհանրապես ցանցային պայքարը եւ ցանցային պետության գաղափարը քաղաքագիտության մեջ ընդունված, կիրառված, իր գործիքակազմով հայտնի միավոր է եւ պետք է շարունակել գնալ այդ ճանապարհով։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանից արժե սովորել դիվանագիտություն ու հետեւողականություն, հակադրվել ուղեղների լվացմանը, ցույց տալ պատմությունը, իրականությունը՝ հիշելով մեկ բան՝ երբ սուտն անընդհատ տարածվում է, եւ դու լռում ես, հույս ունենալով, որ պատմական ճշմարտությունը բոլորին հայտնի է, դու պարտվելու ես։
Լռողը միշտ պարտվում է, ոչինչ չանողը խաղաղություն չի բերում, բերում է գերեզմանային անդորր, որը հիմա Արցախում կա։ Ոմանք էլ հավաքվել Արցախում, բարբաջում են, կեղծ ու պատիր մտքեր են տարածում, պղծում են մեր հուշարձաններն իրենց ապականված ձեռքերով։ Մենք էլ այստեղ լռում ենք, ասում ենք՝ ով խոսում է, հրահրում է։ Մենք չենք հրահրում, մենք կազմակերպում ենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համար պայքար։
Ռոզա Հովհաննիսյան