
“Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ”, 2025 մարտին այսպիսի վերտառությամբ հաղորդագրություններ էր տարածում ՊՆ գրեթե ամեն օր: “Կինո” ենք նայում ամբողջ գիշեր, ասում էին խնածախցիները` նկատի ունենանոլով ադրբեջանական դիրքերից կրակոցները Սյունիքի մարզի այս գյուղի ուղղությամբ: Քարոզարշավի ժամանակ այդպես էլ ոչ մի քաղաքական ուժի լիդեր չի այցելել այս գյուղ: Տեղացիներն ասում են, որ նրանց ներկայացուցիչները եկել են, սակայն ոչ առաջնորդները:
Ի՞նչ է փոխվել անցած մեկ տարում
Step1.am-ը գրել էր, որ գյուղ մտնելիս, առաջինը հսկա ադրբեջանական եւ մի քիչ փոքր հայկական դրոշներն էին ուշադրություն գրավում, որոնք տեղադրված են գրեթե գյուղի տարածքում գտվող մարտական դիրքերում:
Այսօր, սակայն, այնտեղ այլ պատկեր է. դրոշները չկան եւ առաջինը, որ “կասկած է” առաջացնում, այն է, որ միթե՞ այստեղ էլ են որոշել սահմանազատում անել: Բայց ոչ, տեղացիներն ասում են, որ պարզապես քամու պատճառով դրոշներն երբեմն հանում եւ նորից տեղադրում են ժամանակ առ ժամանակ, չգիտենք: Ավելին, ասում են նաեւ, որ Ադրբեջանը ինժիներական աշխատանքներ է կատարում` էլ ավելի ամրապնդելով դիրքերը, նախկին արահետներն այլեւս ռազմական ճանապարհներ են, որոնք տեսանելի են գյուղից:
Դրոշների փոխարեն այս անգամ դպրոցն էր ուշադրություն գրավում, որ կառուցվում է արդեն մի քանի տարի: Ֆասադն արդեն դեղին են ներկել, սակայն շինարարական աշխատանքները չեն ավարտվել: Այս դպրոց պետք է հաճախեն նաեւ հարակից Խոզնավարի երեխաները, սակայն նրանց ծնողները դա չեն ցանկանում: “Եթե մի բան լինի, խնածախցին վազելու է իր երեխայի հետեւից, իսկ մենք մինչեւ խոզնավարից հասնենք…”, մտահոգություն է հայտնում մի խոզնավարցի: “Հետո, ձմռանն ինչպես են նրանք դպրոց հասնելու ցրտին ու այս վատ ճանապարհների պայմաններում”, ասում է նա:
Step1.am գրել էր նաեւ Դավիթ Բաբայանի մասին, ով այս մեկ տարում ավելի է բարկարգել իր տունը Խնածախում։ Դա նրա երրորդ շինարարությունն է: Դավիթը Սյունիքի Որոտանից Արցախի Իշխանաձոր էր տեղափոխվել եւ 2020 պատերազմի ժամանակ դիակներ էր հանում մարտադաշտից: “Շտաբից եկել եւ ասել են, թե պատերազմ է եւ քո “ՈՒԱԶ-ը” վերցնում ենք: Ես էլ ասացի իմ մեքենան ոչ մեկին չեմ տա, ինչ պետք է, ես անելու եմ”, ասում է Դավիթը:
Նա սարսափելի դեպքեր է նկարագրում պատերազմից, եւ ասում, որ ինչ նա արել է, դժվար թե ուրիշները կարողանային: “Բառացիորեն դարսում էի դիակները մեքենայի մեջ”, հիշում է նա։ “Հրահանգված էր դիակները Կապան, իսկ վիրավորներին Գորիս տանել: Չգիտեմ ինչ զենքերից էին կրակում, դիկաները հրկիզվում էին: Շատերը մերկ էին՝ իմ հասկանալով, ինչ որ զենքից էին այրվել”, ասում է նա:
Խնածախում տեղացիներն ասում են, որ այո, Ալիեւ-Փաշինյան-Թրամփ վաշինգտոնյան հանդիպումից հետո կրակոցներ չեն լսում, հանգիստ է, բայց չգիտեն, թե որքան կտեւի այս հանգիստը:
Մնացած սոցիալական բողոքները նույնն են: Գորիսից ընդամենը կես ժամվա ճանապարհ է Խնածախ հասնելու համար, սակայն հանրային տրանսպորտ չի գործում: Այս գյուղն անգամ մի տեսակ Գորիսից է իզոլացված: “Երիտասարդները հեռանում են, տեսնում եք, թե ինչպես է տան պատը փլվել: Եթե դուռը բացող, կրակ վառող չկա` փլվում է այն: Միայն ծերերն են մնացել համարյա: Գնումներ անելու համար Գորիս ենք գնում”, ասում է տիկին Զինան:
Նա ասում է նաեւ, որ գյուղում արցախցիներ չկան, չեն մնացել, սակայն որքան նա գիտի, Խոզնավարում մի քանի ընտանիք կան, քանի որ այնտեղ բոստան անելու տարածք ու ջուր կա՝ ի տարբերություն իրենց գյուղի:
Մեկ այլ Դավիթ, ով գյուղի տարեցներից է, հաստատում է, որ Սյունիքի Խնածախը անմիջական կապ ունի Արցախի Խնածախի հետ: “Նույն ժողովուրդն են, նույն գյուղերն են: Վաղ ժամանակներում կլիմայական պայմանների պատճառով հիվանդություններ են եղել այստեղ, մարդիկ տեղափոխվել են Արցախ եւ նույնանուն գյուղը հիմնադրել, հետո վերադարձել են: Արդյունքում երկու Խնածախ է ձեւավորվել, որից մեկն այսօր չկա ցավոք”, ասում է Դավիթ պապիկը:
Մարութ Վանյան
Լուսանկարներում՝