Խորհրդարանում արձանագրվել է արցախցիների բնակարանային «փակուղին»

Այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ արցախցիների բնակարանային խնդիրները կրկին գլխավոր տեղում էին, ինչը ապացուցում է, որ բռնի տեղահանումից 3 տարի անց այդ խնդիրները չեն լուծվել, իսկ առաջարկած մեխանիզմները չեն գործում։ “Փակուղին” այնքան ակնհայտ է, որ նույնիսկ խորհրդարանում է դա արձանագրվել։  

Մասնավորապես, երեկ արցախյան հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի հետ հանդիպումից հետո՝ ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն այսօր հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, որ “արցախցիների խոցելի խմբերի համար գործող երկու աջակցության ծրագրերը, ըստ որոշման, ավարտվելու է այս տարվա դեկտեմբերին”։  Նա հարցրել, թե ինչ կլինի այդ ծրագրերի հետ։ Նաև արձանագրել է, որ փոքր ընտանիքների հարցը մնում է չլուծված, և 1 անձին տրված 4 մլն․ դրամով անհնարին է տուն գնել։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ասել է, որ “30 հազարների աջակցությունը, որը տրվում է երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, հետո կձևափոխվի։ Եւ 40+10 հազար դրամների աջակցությունը ևս կշարունակվի մեկ տարի”։

“Երբ որ մենք ասում ենք, կշարունակվի թե՞ ոչ, խոսքը դրա մասին է, որ նրանք, արդեն որպես Հայաստանի լիարժեք բնակիչներ, կօգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնցից ՀՀ բոլոր քաղաքացիներն օգտվում են։  Փախստականների համար ծրագրերից օգտվող մարդիկ իքս պահի արդեն կօգտվեն ընդհանուր ծրագրերից, ասել է Փաշինյանը։

Այս ընթացքում մենք պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքացիության ընդունման, բնակարանային ապահովման ծրագրերը մաքսիմալ արդյունավետ լինեն, ասել է նա։

Սակայն հենց այստեղ է թաքնված շան գլուխը, այսինքն՝ փակուղու պատճառը․ “քաղաքացիություն” և բնակապահովման սերտիֆիկատներ ստանալու ներկայիս տեմպերով հազարավոր արցախցիներ շատ շուտով կհայտնվեն մի վիճակում, երբ որպես փախստականների նրանց տրամադրվող սոցիալական աջակցությունը կավարտվի, սակայն սեփական բնակարան ձեռք բերելը նախկինի պես  երազ կմնա։

Բացի այդ, նույիսկ նրանք, ովքեր քաղաքացիություն և սերտիֆիկատ են ստացել, չեն կարողանում իրացնել այն՝ բնակարանների բարձր գների, վարկերի անհասանելիության, վարկերի պետական երաշխիքների և սուբսիդավորման բացակայության պատճառով։ 

Փաշինյանը, որը անտեղյակ էր երևում և ինչ-որ մեկին էր անընդհատ նայում, չի ասել, թե ինչպես պետք է մարդիկ տուն գնեն 4 մլն․ դրանով․ “Շունն ու կատու” հեքյաթի պես փողը այնքան մանր մասերի են բաժանել, որ նորմալ “գլխարկ” չի ստացվում։ Նա չի ասել, թե ինչու այդ գումարով տներ չսարքեցին և մարդկանց չտրամադրեցին՝ մեկին վարկով, մեկին որպես սոցիալական բնակարան, մյուսին էլ՝ անվճար։

“Մենք միայնակ անձանց համար ծրագիր ունենք, և այդ դեպքում ոչ թե բնակարանի ձերքբերման ծրագիրն է գործում, այլ վարձակալության երկարատև ծրագիր”, ասել է նա։ Սակայն ոչ ոք նրան չհիշեցրեց, որ այս տարվա հուլիսի 1-ից գործող սույն ծրագրին բառացիորեն ոչ ոք չի դինել։ Թե ինչ է լինելու այդ ծրագրի համար նախատեսված և չօգտագործած հսկայական գումարների հետ, ոչ ոք չգիտի։

Արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանը իր հերթին հայտնել է, որ բնակվարձի բարձրացման պատճառով մի քանի ընտանիքներ ստիպված են եղել բնակություն հաստատել ԼՂ ներկայացուցչության շենքում։

Պատասխանելով պատգամավորի խոսքերին՝ Փաշինյանը հայտարարել է, որ դրանով Ղարաբաղի ժողովրդին վատ ծառայություն է մատուցվում։ «Ձեզ թվում է՝ Հայաստանում բնակարան չունեցող մարդիկ չկա՞ն։ Ինչո՞ւ ներկայացուցչությունում։ Թող ձեր տուն գնան»,- հայտարարել է Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է վարձակալությանը, ապա Հայաստանում միայն Երևանն ու նրա կենտրոնը կամ Արաբկիրը չեն։ Կան տասնյակ բնակավայրեր, որտեղ ազատ տներ կան, և մենք պատրաստ ենք օգնել այնտեղ բնակություն հաստատել։ Արդեն օգնել ենք հազարավոր ընտանիքների։ 8 հազար ընտանիք ստացել է սերտիֆիկատներ։ 4 հազարը տուն է գնել։ 800 միլիարդ դրամ է ուղղվել բնակարանային հարցերի լուծմանը», – հայտնել է Փաշինյանը։ Ի պատասխան՝ փախստականներին կառավարական ամառանոցում բնակեցնելու առաջարկին, նա պահանջել է պատասխանել, թե ինչու Հովսեփյանն Երևանում բնակարան ունի, իսկ մյուս ղարաբաղցիները չունեն։ Ըստ նրա՝ Ղարաբաղից որոշ մարդկանց պատկանում են ամբողջ շենքեր, տասնյակ տներ և հյուրանոցներ, թող դրանք տան փախստականներին, ասել է Փաշինյանը։

Սակայն նա էլ գիտի, որ դա լուծում չէ․ “հարուստ ղարաբաղցիները” տները ոչ մի ղարաբաղցի չի կարող վերցնել, իսկ պետությունը եթե վերցնում էլ է, հաստատ արցախցիներին չի տալիս։ Հայաստանի ոչ մի բնակավայրում 2-3 սերտիֆիկատով տուն գնելը հնարավոր չէ։ Եւ նախկին արդարացումները, որ արցախցիները չեն ուզում քաղաքացիություն վերցնել, արդեն չեն աշխատում՝ 40 հազար մարդ նոր անձնագիր ունի, 8 հազար ընտանիք՝ վկայականներ, բայց դրա կեսն էլ չի կարողանում տուն գնել, և 800 մլրդ․ դրամը աշխատում է ոչ արցախցիների օգտին։

“Ծրագիրը դինամիկ է, անցած տարի մենք քննարկում ունեցանք Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների հետ, և ծանրակշիռ փաստարկներ տեսնեկով, արդյունքում որոշակի փոփոխություններ մտցրեցինք։ Հիմա եթե տեսնենք, որ կան արդարացված և էֆեկտիվ մոտեցումներ, որոնք կարող են հասցեական լուծել խնդիրները, չեմ բացառում փոփոխություններ։ Բայց այս պահին մեր բանաձևրն այն են, ինչ հրապարակել եմ”, ասել է Փաշինյանը։

Փաստարկներն ավելի քան ծանրակշիռ են․ բնակարանների թանկացումների և ցածր աշխատավարձերի ֆոնին արցախցիների ոչ վարձերն են կարողանում փակել, ոչ տուն գնել։ Եթե չլինեն փոփոխություններ, ծրարգերը կկանգնեն, և արցախցիների անելանելի վիճակում կհայտնվեն։ 800 մլրդ․ գումարն էլ “կլռվի” ինչ-որ տեղում կամ “տոկոսներ կաշխատի” ոչ արցախցիների համար։

Նաիրա Հայրումյան