
Արցախում հայկական հոգևոր ներկայության փաստացի բացակայության պայմաններում վերջին օրերին կրկին օրակարգ մղվեց ամենացավոտ հարցերից մեկը․ ի՞նչ է մնում Արցախի թեմի առաքելությունից, երբ նրա պատմական տարածքը դուրս է հայկական վերահսկողությունից։
Այս քննարկումների նոր ալիքը բարձրացավ Գանձասարի շուրջ ծավալված զարգացումների ֆոնին։ Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցելեց Գանձասար և Դադիվանք։ Սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով վանքերի հայկական պատկանելիությունը ժխտող և դրանք «աղվանական» ներկայացնող փորձերը։ Մայր Աթոռը ընդգծեց, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանանան Հայաստանի իշխանությունների պատշաճ գնահատականին և կանխարգելիչ քայլերին։
Նույն օրը հարցը տեղափոխվեց խորհրդարան։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից պահանջեց հստակ դիրքորոշում հայտնել Գանձասարի հայկական պատկանելիության և Բաքվի հայտարարությունների վերաբերյալ։ Ռուբինյանի պատասխանը, սակայն, շրջանցեց բուն պատմամշակութային ինքնության հարցը․ նա արձանագրեց միայն, որ նման հայտարարություններն «օգտակար չեն խաղաղության համատեքստում», բերանի մի կողմով նշելով, որ նրանք անհիմն են։
Այսպիսով, ԱԺ ամբիոնից ի հայտ եկավ երկու իրարամերժ մոտեցում․ մի կողմից՝ ազգային-մշակութային ինքնության պաշտպանությունը, մյուս կողմից՝ արտաքին քաղաքական խաղաղության օրակարգը։
Լռության գինը և «խաղաղության օրակարգի» վտանգավոր խոսույթը
Գանձասարի «ալբանացման» փորձերը խոր ցավ ու վրդովմունք են պատճառել հանրությանը։ Շատերի համար դարավոր սրբավայրերի ուրացումը ոչ միայն գոյաբանական հարված է, այլև ահազանգ, որ որդեգրված քաղաքականությունը վերածվում է միակողմանի զիջումների շղթայի։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ըստ էության խուսափում են հազարամյա ժառանգության բացահայտ խեղաթյուրմանը կոշտ գնահատական տալուց՝ մնալով միայն խաղաղության օրակարգի պաշտպանության տիրույթում, այն էլ՝ Ադրբեջանից փոխադարձ ընդառաջ քայլերի բացակայության պայմաններում։
Այս մոտեցման վառ արտահայտությունն էր ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը․
«Ադրբեջանից կրակոցի դեպքում մի սպասեք պատասխան կրակոցի, որովհետև դա չի տանում մեր նպատակին, չի տանում դեպի խաղաղություն»։
Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ պետական քաղաքականության առանցքում դրված խաղաղության ձգտումը հանգեցնում է լռության՝ թե՛ սահմանային կրակոցների, թե՛ պատմամշակութային յուրացումների դեպքում։ Սա խորացնում է հանրային անհանգստությունը, որ անորոշ խաղաղության խոստման դիմաց աստիճանաբար ստվերվում են ազգային ինքնությունն ու պատմական արդարությունը։
Եկեղեցու միջազգային առաքելությունը և պետության դիրքորոշումը
Այսօր Արցախի թեմի պաշտոնական առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը իր գործունեությունը շարունակում է Երևանից (Այգեձորի փողոց 53բ)։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Մայր Աթոռում ստեղծված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը, որը նույնպես ղեկավարում է Վրթանես Սրբազանը, ցույց է տալիս, որ թեմի գործունեությունը միայն կրոնական կառույցի պահպանում չէ․ այն դարձել է միջազգային հարթակներում Արցախի ժառանգության պաշտպանության հիմնական օղակը։
Եկեղեցու այս առաքելությունը հետևողական բնույթ է կրում․
2025 թ․ մայիս (Բեռն, Շվեյցարիա)․ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում Գարեգին Բ Կաթողիկոսն ահազանգեց Ադրբեջանի կողմից հայկական վանքերը «աղվանական» ներկայացնելու և ինքնությունից զրկելու քաղաքականության մասին։
2026 թ․ հունիս․ Վեհափառ Հայրապետն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին՝ քննարկելով բռնի տեղահանվածների հոգևոր-սոցիալական կարիքներն ու մշակութային կորուստները։
2026 թ․ սեպտեմբերի 9․ «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» պատվիրակության հետ հանդիպմանը կրկին բարձրացվեցին ժառանգության պահպանության, արցախցիների իրավունքների և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցերը։
Մինչդեռ կառավարական մակարդակում ընկալումն այլ է։ 2026 թվականի օգոստոսի 24-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ «ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ» պատարագի ընթացքում աղոթում են Արցախի Հանրապետության պահպանման համար՝ դա որակելով որպես «պատերազմի քարոզչություն»։
Իրավական անդունդն ու գլխավոր հարցադրումը
Այս հակասության մեջ կարևոր է տարբերակել եկեղեցական-կանոնական պատկանելիությունը, պատմամշակութային ինքնությունը և իրավական սեփականության իրավունքը։
Թեև Հայաստանի կառավարությունը 2001 թվականին ՀՀ տարածքի վանքերն ու եկեղեցիները սեփականության իրավունքով հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցուն, դրանից ինքնաբերաբար չի հետևում Արցախի տարածքում գտնվող հուշարձանների նկատմամբ իրավական նույն կարգավիճակը։ Ուստի Գանձասարի խնդիրը միայն այն չէ, թե ով է այս պահին տիրապետում տարածքը, այլ այն, թե ով է տեր կանգնում դրա պատմական ու կրոնական ինքնությանը։
Այսօր ձևավորվել է երեք տարբեր խոսույթ․
Ադրբեջանը խոսում է Գանձասարի մասին՝ այն յուրացնելով որպես «աղվանական» ժառանգություն։
Մայր Աթոռը բարձրաձայնում է դրա հայկական հոգևոր ինքնության մասին։
Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության գործընթացի և հայտարարությունների «նպատակահարմարության» մասին։
Այս պայմաններում Արցախի թեմի առջև կանգնած գլխավոր հարցն այն չէ, թե որտեղ է գտնվում նրա նստավայրը։
Ավելի խորքային հարցն հետևյալն է․ եթե Հայաստանի պետությունը նպատակահարմար չի համարում Արցախի հարցը պահել իր արտաքին քաղաքական օրակարգում, ապա ո՞վ և ի՞նչ իրավական ու քաղաքական մեխանիզմներով է միջազգային ատյաններում պաշտպանելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Մարիամ Սարգսյան