Ինչով է զբաղվում Արցախի հանրային խորհուրդը․ հարցազրույց Նարե Սիմոնյանի հետ

Արցախի Հանրային խորհուրդը փորձում է հնարավորինս ակտիվ աշխատանք տանել արցախցիների իրավունքների պաշտպանության, Արցախ վերադարձի իրավունքի ամրագրման եւ Արցախի հարցի բարձրաձայնման ուղղությամբ։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային խորհրդի քարտուղար Նարե Սիմոնյանը։

«Անելիքները շատ են, աշխատանքը շատ է, փորձում ենք հնարավորինս մեր ուժերի ներածի չափով անել, տարբեր առիթներով՝ և հիշատակի օրերին, և տոնական օրերին հիշեցնել մեր խնդրի մասին։ Նաեւ տարբեր իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանից արձագանքների հետ կապված դիմում ենք միջազգային տարբեր հարթակներին և նաև անում ենք հայտարարություններ ու արձանագրում մեր դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։ Անելիքները շատ են, ցավոք սրտի, դժվար է նման անկայուն իրավիճակում գործելը։ Բայց գործելու ենք և փորձելու ենք հնարավորինս ավելի արդյունավետ դարձնել մեր գործունեությունը»,- ասաց Նարե Սիմոնյանը։

Արցախի Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է՝ կոչված բարձրաձայնելու Արցախից բռնի տեղահանված բնակչության քաղաքական, սոցիալական և իրավական խնդիրները, ներկայացնելու առաջարկներ և նպաստելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ու արժանապատիվ վերադարձին։

Չորս հիմնական ուղղություն է առանձնացված, գործում է 4 հանձնաժողով՝ արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, արտաքին հարաբերություններ, սոցիալական և առողջապահական խնդիրներ և կրթություն, գիտություն, երիտասարդություն և կրոնի հարցեր։

«Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը ստեղծվել է ոչ միայն որպես պետական մարմինների համար խորհրդատվական մարմին, այլ նաև իր առաջ ունի առաքելություն ծառայելու որպես կամուրջ՝ արցախյան հանրության և պետական ինստիտուտների միջև, ինչպես նաև արցախյան հանրության և տարբեր տեղական ու միջազգային կառույցների միջև։ Բավականին բարդ ժամանակաշրջանում է ձևավորվել, ձևավորվելուց ամիսներ անց ունեցանք Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի հրաժարականը։ Ամեն դեպքում Հանրային խորհուրդը որոշեց շարունակել իր գործունեությունը և փորձել հնարավորինս նպաստել նույն Ազգային ժողովի նախագահի ինստիտուտի վերաձևավորմանը»,- ասաց Նարե Սիմոնյանը։

Հանրային խորհուրդն արդեն մի քանի քննարկումներ կազմակերպել է՝ և՛ արցախցիների իրավունքների պաշտպանության, և՛ կանանց իրավունքների հետ կապված։ Նարե Սիմոնյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը նաև պարբերաբար արձագանքում է և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ այլ երկրներում Արցախի հետ կապված տարբեր իրադարձություններին։

Նարե Սիմոնյանն ասաց, որ արցախցիները տարբեր հարցերով դիմում են Հանրային խորհրդին, բարձրաձայնված հարցերը քննարկվում են, փորձում են արդյունավետ լուծումներ գտնել, բայց, ցավոք սրտի, գործիքակազմը շատ սահմանափակ է։

«Գիտեք, որ շատ են սոցիալական, առողջապահական խնդիրները, իսկ Հանրային խորհուրդը հանրային գործող կառույց է, չունի որևէ բյուջե, և առավելագույնը, որ կարողանում ենք անել, դա հարցերը բարձրաձայնելն է, տարբեր կառույցներին ներկայացնելն է՝ և տեղի, և նաև հաճախ միջազգային կառույցներին ենք դիմում խնդիրներով։ Ավելի շատ ծառայում ենք խնդիրները լսելի դարձնելու, բարձրաձայնելու հարցում»,- նշեց նա։

Ինչպե՞ս է Հանրային խորհուրդը նպաստելու Արցախի Ազգային ժողովի կայացմանը ստեղծված իրավիճակում, երբ Արցախի ԱԺ-ն չի կարողանում նախագահ ընտրել, հարցին Նարե Սիմոնյանը պատասխանեց․ «Եվ մինչև Աշոտ Դանիելյանի հրաժարականն է Հանրային խորհուրդը հնարավորինս իր ուժերի չափով բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը չսրվի և չգնա հրաժարականի սցենարով, և հրաժարականից հետո դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ լիագումար նիստ հրավիրելու և թափուր մնացած Ազգային ժողովի նախագահի հաստիքը նորից համալրելու առաջարկով։ Տարբեր պատասխաններ են եղել՝ կան կուսակցություններ և պատգամավորներ, որոնք ավելի հակված են խնդրին այս պահին լուծում տալու։ Ցավոք սրտի, կան անձինք, որոնք կարծում են, որ կարող է հենց այսպես շարունակվել, և կան պատգամավորներ ու խմբակցություններ, որոնք կարծում են, որ որոշ ժամանակ պետք է ներքին քննարկումներ և մտքերի փոխանակություն լինի, որից հետո արդեն կգան այդ հանգուցալուծմանը և կկարողանան ընտրել Ազգային ժողովի նախագահ։ Ամեն դեպքում մենք մեր աշխատանքը շարունակում ենք, ինչքանով որ մեր կարիքը կա և կարող ենք օգտակար լինել այդ պրոցեսին, Ազգային ժողովի պատգամավորները և խմբակցությունները գիտեն, որ պատրաստ ենք աջակցել»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի Ազգային ժողովը չի կարողանում  ընտրություն անցկացնել, Նարե Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ դժվար իրավիճակ է Ազգային ժողովում։ Ազգային ժողովը ձևավորվել է նույնիսկ մինչպատերազմական շրջանում, լրիվ այլ իրավիճակում, գործել է այլ իրավիճակում, և 2020-ից հետո, և 2023-ից հետո ամբողջությամբ փոխվել է գործունեության ոլորտը և այն մթնոլորտը, որտեղ աշխատում են։ Չեմ կարող ասել հստակ՝ ի՞նչն է չընտրելու պատճառը՝ գուցե չկա կոնսենսուսային թեկնածու, գուցե կա քայլ անելու մտավախություն։ Տարբեր կարող են լինել պատճառները և տարբեր պատգամավորների մոտ, և տարբեր խմբակցությունների, բայց ակնհայտ է, որ դա նրանց պատասխանատվությունն է, և այդ նոր ընտրությունների կազմակերպելը կամ չկազմակերպելը նրանց գործունեության կամ դրա ոչ այնքան արդյունավետ լինելու մասին է խոսելու»։

Ռոզա Հովհաննիսյան