Մյուս շաբաթ ռուսական երկաթուղու ղեկավարը կայցելի ՀՀ. Փաշինյան

Եկող շաբաթ Հայաստան կայցելի «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ընկերության ղեկավարը։ Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գյումրի-Կարս երկաթգծի հատվածի վերականգնմանն ռուսական կողմի հնարավոր մասնակցության մասին հարցին։

Վարչապետի խոսքով՝ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում կայացած ԵԱՏՄ նիստի ժամանակ։ Այցի ընթացքում տեղի կունենա խորհրդակցություն, որի արդյունքներով եզրակացություններ կարվեն, այդ թվում՝ նշված հարցի վերաբերյալ։ Փաշինյանը նաև նշել է, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև ղազախական ընկերությունը։

Անդրադառնալով ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե ներդրումային ծրագրերի (խոսքը բարձր տեխնոլոգիական նախագծերի մասին է) հետևանքով Հայաստանը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է ունենալու, և թե հստակ երբ դա տեղի կունենա, վարչապետը պարզաբանել է, որ նման հարցերը դիտարկվում են 10 տարվա կտրվածքով։