Ի՞նչն է խանգարում արցախցիներին բնակապահովման ծրագրից օգտվել

Հարցման ամփոփում

Բնակապահովման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող երևի թե ամենակարևոր ծրագրերից է բռնի տեղահանված արցախցիների համար: Արցախցիներն, իհարկե, հետաքրքրված են ծրագրից օգտվելու և լուծելու այնպիսի կարևոր հարց, ինչպիսին կացարանի հարցն է: Սակայն այս պահի դրությամբ 30 000 ընտանիքից ընդամենը 8446-ն է ստացել սերտիֆիկատ, և միայն 4824-ը՝ կարողացել իրացնել այն:

Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ կան հապաղումներ և՛ հավաստագիր ստանալու փուլում, այն է՝ քաղաքացիություն ստանալու հետ կապված փաստաթղթային  գործընթացները, և՛ արդեն ստացած հավաստագիրն իրացնելու ժամանակ:

Ի՞նչն է խանգարում արցախցիներին օգտվել բնակապահովման ծրագրից: «Ստեփանակերտ» մեդիա ակումբի հերթական հետազոտության թեման հենց դա էր:

Թեմային անդրադարձել է Անուշ Խաչատրյանը «Սիվիլնեթ»-ում հրապարկված իր հոդվածում: Հոդվածում տեղ է գտել նաև հարցում, որտեղ սոցցանցերի օգտատերերի շրջանակում փորձ է արվել հասկանալ՝ ի՞նչ պատկեր կա խնդրի վերաբերյալ ներկա փուլում:

Հատկապես առանձնացվում է սերտիֆիկատների գումարի և անշարժ գույքի անհամապատասխանությունը, վարձակալության գների բարձրացումը, սոցիալական աջակցության կրճատումը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ սերտիֆիկատը իրացնելու հիմնական խոչընդոտը դրա գումարի չհերիքելն է:

Հարցին, թե ո՞րն է բնակապահովման ծրագրից օգտվելու Ձեր հիմնական խոչընդոտը, հարցմանը մասնակցած օգտատերերը պատասխանել են այս ձևով՝

Գումարը չի հերիքում տուն գնելու համար  49 %

Բանկը լրացուցիչ վարկ չի տալիս 9 %

Դեռ սպասում եմ քաղաքացիությանը 16 %

Համապատասխանում եմ, արդեն տուն ենք գնել 26 %

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը չի կարողանում համապատասխան գումարով բնակարան ձեռք բերել: Բնակարան կարողացել է ձեռք բերել հարցվածների 26 %-ը:

Օգտատերերի գրեթե կեսը նշում է, որ պետական հավաստագրի գումարը պարզապես չի բավարարում բնակարան գնելու համար: Շատ ընտանիքներ չունեն լրացուցիչ միջոցներ կամ գրավ՝ հիփոթեք վերցնելու համար։ Արդյունքում՝ նույնիսկ հավաստագիր ստացածների մի զգալի մասը չի կարողանում այն իրացնել։

Հարցվածների մոտ մեկ քառորդը նշում է, որ խնդիրն արդեն լուծված է։ Սա ցույց է տալիս, որ ծրագիրը որոշակիորեն աշխատում է, բայց միայն սահմանափակ քանակի խմբի համար (հիմնականում ավելի մեծ ընտանիքներ կամ նրանք, ովքեր կարողացել են լրացուցիչ վարկ վերցնել)։

Ծրագրից օգտվելու համար պարտադիր է ՀՀ քաղաքացիություն ունենալ ընտանիքի բոլոր անդամների համար։ Շատերը դեռ սպասում են փաստաթղթերի ընթացքավորմանը, ունեն որոշակի դժվարություններ կամ դեռ չեն դիմել։ Սա լրացուցիչ արգելք է։ Հարցվածների 16 %-ն այս փուլում է:

Օգտատերերի 9 տոկոսը  նշել է, որ բանկերը լրացուցիչ վարկեր չեն տալիս։ Շատ տեղահանվածներ չունեն Հայաստանում վարկային պատմություն կամ գրավադրման ենթակա գույք, ինչը դժվարացնում է լրացուցիչ վարկ ստանալը։

Մեկնաբանությունների բաժնում կարծիքներ են հնչել նաև, որ արցախցիները ցանկանում են միայն Երևանում բնակարան ձեռք բերել, ինչին արցախցիները հակադարձում են՝ նշելով,  որ մարզերում նույնպես դժվար է այդ հարցը լուծել: Անշարժ գույքի շուկայական գների բարձրացումը նաև մարզերում է:

Եզրակացություն

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բնակապահովման ծրագիրը դեռևս լավարկման կարիք ունի: Մեր հոդվածագիրն առաջարկել է փոփոխություններ, որոնք կարող են բարձրացնել ծրագրի արդյունավետությունը: Դրանցից են՝

  • Եկամտահարկի հետվերադարձի մեխանիզմ. Եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանին հարակից մարզերում դադարելու է գործել 2027 թվականին, սակայն եթե այն շարունակի գործել գոնե միայն տեղահանված անձանց համար, ապա դա հնարավորություն կտա քաղաքացիության ընդունման բյուրոկրատիայի պատճառով այս օրենքից օգտվել չհասցրածներին բնակարան/տուն գնել/կառուցել:
  • Զբաղվածության և բնակապահովման ծրագրերի ինտեգրում: Զբաղվածության պետական ծրագիրը, որը մինչև հիմա ցածր արդյունավետություն ունի, պետք է փոփոխել և ուղղակիորեն կապել բնակապահովման հետ՝ ապահովելով կայուն եկամուտ և վարկունակություն: 
  • Հիփոթեքային տոկոսադրույքների սուբսիդավորում. Պետությունը կարող է սուբսիդավորել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ամբողջությամբ կամ առնվազն 50%-ով, ինչը հնարավորություն կտա զգալի թվով ընտանիքների դիմել հավելյալ վարկավորման: 
  • Բնակվարձի փոխհատուցման պահպանում. Բնակվարձի աջակցությունը պետք է շարունակվի տրամադրվել այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքը չի ստացել և փաստացի չի իրացրել սերտիֆիկատը, այլ ոչ թե նախ կրճատել, այնուհետև լրիվ դադարեցնել այն՝ հազարավոր մարդկանց փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնեցնելով:
  • 1-3 հոգանոց ընտանիքների ծրագրի բարելավում. Բնակապահովմանը զուգահեռ գործող 10 տարի շարունակ ամսական 40,000 դրամ տրամադրելու ծրագիրը պետք է վերանայվի և գոնե դարձվի հասանելի ավելի շատ ընտանիքների համար, որոնք ի վիճակի չեն սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել: Իսկ այս ծրագրին չհամապատասխանող այլ փոքր կազմով ընտանիքների համար բնակապահովման ծրագիրը պիտի լրիվությամբ վերանայվի:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ