Նոր վարկ՝ արցախցիների բնակարանային ապահովման համար

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց ՀՀ եւ վերակառուցման եւ Վերկառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին վերաբերող ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Աշխատանքի եւ բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց․ «Ինչպես գիտեք՝ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 880 մլն դոլար։ Այս ծավալի ծրագրի իրականացումը պահանջում է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությունը։ Ծրագիրը նախատեսված է մի կողմից շարունակելու տեղահանված անձանց բնակարանային աջակցության հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ ստեղծելու ավելի երկարաժամկետ եւ կայուն հենք՝ Հայաստանի բնակարանային շուկայի եւ հիպոթեքային համակարգի զարգացման համար»։

Ծրագրի ընդհանուր ծավալը կազում է 284,4 մլն դոլար, որից 264,4 մլն-ը վարկային միջոցներ են, մնացածը՝ դրամաշնորհ։

Ծրագրի առաջին բաղադրիչը, Լուսինե Քոչարյանի խոսքով, վերաբերում է բնակարանային աջակցությանը եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է հիփոթեքային շուկայի զարգացմանը, եւ երրորդ բաղադրիչն ապահովում է ծրագրի արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ բողոքների քննության մեխանիզմի զարգացումը։ Նա նշեց, որ գումարի մեծ մասն ուղղվելու է բնակապահովմանը, միայն մեկ տոկոսն է ուղղվելու մյուս բաղադրիչներին։

Աշխատանքի եւ բարեկեցության  փոխանախարարն իր խոսքում օգտագործեց վերացական «տեղահանված» եզրույթը, ինչը վրդովմունք առաջացրեց պատգամավորների մոտ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հարցրեց․ «Տեղահանված անձինքն ովքե՞ր են, ի՞նչ տեղահանվածների մասին է խոսքը»։

«Տեղահանված անձինք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներն են»,- արձագանքեց փոխնախարարը։

«Ոչ թե տեղահանված, այլ բռնի տեղահանված։ Այդ բռնի բառը չնշելով՝ ես կարող եմ ենթադրել, որ գուցե նոր տեղահանման ռիսկեր են ի հայտ եկել, դիցուք՝ Տիգրանաշենը համարում եք ադրբեջանական տարածք»,- արձագանքեց Հայկ Ֆարմանյանը։

Պատգամավորը հարցրեց փոխնախարարին․ «Եթե ՀՀ տնտեսությունն աճում է, ինչո՞ւ եք քաղաքացիների ուսերին նոր վարկային բեռն դնում»։ Լուսինե Քոչարյանն ի պատասխան ասաց, որ բնակապահովման ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 880 մլն դոլար, մի մասը այս վարկային միջոցներով է իրականացվելու, կա նաեւ Ասիական զարգացման բանկից վարկային մաս, մնացածը պետական բյուջեի միջոցներից է ֆինանսավորվելու։

«Հայաստան» խմբակցության պատգամաբոր Մեսրոպ Մանուկյանը դիմեց փոխնախարարին․ «Տիկին փոխնախարար, տիկին Քոչարյան, մի խորշեք արցախահայություն բառից, մի խորշեք Արցախից։ Նույն ձեւով սեպտեմերի 23-ին, երբ արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրներով քննարկում էր Ազգային ժողովում, դուք 20 րոպեից ավելի չմնացիք։ Այ եթե մնայիք, կտեսնեիք, որ ձեր ծրագրերն այդքան էլ արդյունավետ չեն։ Ես զարմանում եմ՝ ձեր ամբողջ ելույթի ընթացքում ինչո՞ւ չասացիք՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներ եզրույթը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրանը հարց ուղղեց․ «Նախ մի վախեցեք դա ասել՝ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներ։ Արցախի Հանրապետությունից էթնիկ զտման ենթարկված հայերի համար բնակապահովման ծրագրում կա՞ն ծրագրային փոփոխություններ։ Ծրագիրը գործում է 2024 թվականից, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներից 8000 շահառուներ ստացել են հավաստագրերը, բայց իրացրել են 4900-ը։ Դե հիմա բարդ հարցին պատասխանեց՝ 4900 ընտանիք է իրացրել, որովհետեւ փող չկա՞, թե՞ որովհետեւ ծագիրը վատն է»։

Լուսինե Քոչարյանն ասաց, որ ծրագիրն ի սկզբանե միտված է եղել նրան, որ մարդիկ կամավոր ընտրեն՝ որտեղ են ուզում ապրել, ինչ բնակարան են ուզում ձեռք բերել։ «Դիմել է 8000 հոգի, ստացել են հավաստագրերը, այս պահին 4900-ը իրացրել են, մնացածը կգտնեն իրենց ցանկացած բնակարանը եւ կիրացնեն։ Ասեմ, որ տեմպերը շատ արագացել են, եւ ավելի արագ են ստանում հավաստագրերը։ Նաեւ ավելի արագ են ձեռք բերում բնակարաններ։ Ծրագրի վատ լինելու մասին իրականում որեւէ բան ես չեմ կարող ասել, հարցրեք շահառուներին։ Ամեն դեպքում հատկապես վերջին փոփոխություններից հետո շահառուները բավարարված են ծրագրի պայմաններից»,- նշեք փոխնախարարը։

Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Ես ձեզ պարզ հարց եմ տալիս, դուք ասում եք՝ դիմել են կամովին։ Բա կարո՞ղ է դիմեին չկամովին, բռնի տեղահանում եւ բռնի բնակեցո՞ւմ։ Պարզ հարց եմ տալիս՝ պոտենցիալ շահառուներից 5-ից մեկն է դիմել երեք տարվա ընթացքում։ Լավ, կառավարությունը չպե՞տք է մի հատ անդրադառնա՝ ի՞նչն է պատճառը, որ 5-ից մեկն է ընդամենը դիմել։ Ուրեմն ծրագրի փոփոխության կարիք կա։ Պետք է ոչ թե ասել՝ մենք չենք միջամտում, մենք փողը տալիս ենք, գնացեք, ինչ ուզում եք արեք, շատ ավելի արդյունավետ կլիներ սոցիալական բնակարանաշինությունը գնման իրավունքով։ Այլապես իրոք կա խնդիր, բազմաթիվ անգամ հանդիպել ու խոսել ենք պոտենցիալ շահառուների հետ՝ այնտեղ, որտեղ կա աշխատանք, բնակարանների գներն անհասանելի բարձր են, այնտեղ, որտեղ կա բնակարան, աշխատանքի հետ կապված պորբլեմ կա»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ մյուս էական խնդիրն այն է, որ փոքր ընտանիքներին չի բավարարում տրամադրվող գումարը։ Տները չեն սկսվում 5 մլն դրամից, տունն ունի նախնական գին, դրանից  էժան տուն չկա։ Փոքր ընտանիքների համար այս գումարը բավարար չէ, առանց ծրագրի ամբողջական վերանայման խնդիր է առաջանում։ Ըստ Խաչատրյանի՝ փող բերելուց առաջ պետք է նայել փողի ծախսման արդյունավետությունը։ «Ծրագրի շահառուներին հարցրել ենք,՝ 30 հազար ընտանիքից 5000-ն են իրացրել իրենց հավաստագիրը։ Դա նշանակում է, որ 5-ից մեկն է գոհ։ Դա նշանակում է, որ ծրագիրը պետք է վերանայել»,- հայտարարեց Խաչատրյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատագամավոր Իրինա Յոլյանը հարցրեց․ «Այս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է ապահովվելու բնակարանով»։

Լուսինե Քոչարյանը պատասխանեց, որ կոնկրետ այս վարկային ծրագրի շրջանակներում 6500 ընտանիք է ապահովվելու բնակարանով։ Մնացած ընտանիքները, որոնք ընդգրկված են բնակապահովման ծրագրում, բնակարանով կապահովվեն եւ պետական բյուջեի միջոցներով, եւ Ասիական զարգացման բանկի վարկային գումարներով։

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը պատասխանեց ընդդիմությանը․ «Պարոն Խաչատրյան, ընենց անմեղ դեմքով եք հարցնում, թե ինչո՞ւ են քաղաքացիներն այսքան քիչ օգտվում այս ծագրից։ Էնքան էլ ազնիվ չեք, դուք, ձեր ընդդիմադիր շրջանակը գնում էիք Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների մոտ եւ հորդրում էիք քաղաքացիությունից չվերցնել, որովհետեւ ասում էիք՝ այդ անձնագիրը նաեւ ՀՀ անձնագիր է։ Մեզ Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներն են այս մասին տեղեկացրել, ասում էիք ընդդիմադիրներով, որ որոշ գույքային իրավունքներից կզրկվեք, եթե վերցնեք ՀՀ քաղաքացիություն։ Իսկ ՀՀ քաղաքացիությունը պատադիր պայման է բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Այ դրա համար քիչ էին օգտվում, իսկ հիմա դինամիկան շատ արագ է, մարդիկ սկսել են օգտվել, որովհետեւ Ղարաղից տեղահանված քաղաքացիները հասկացել են՝ ինչն ինչ է»։

ՔՊ-ական Տարոն Չախոյանը նույնպես ընդդիմությանը մեղադրեց։ «Էժան շահարկում հնչեց, թե վախենում ենք այս ամբիոնից հնչեցնել արցախահայեր։ Անընդհատ այս էժան շահարկումները շարունակվում են, ժողովուրդ, էս ամբիոնից էլ կարամ ասեմ՝ Արցախ, մի հատ էլ Արցախ։ Անունները փոխելով, պաթոսով հանդես գալով՝ թող ձեզ չթվա, թե ինչ-որ արդյունք եք գրանցելու։ Իսկ ինչ վերաբերու է նրան, որ 8000 հավաստագրից մինչ օրս իրացվել է ընդամենը 4900-ը, գիտե՞ք՝ ինչու, մի պարզ պատճառով, որովհետեւ մեծամասնությունը չունի ՀՀ քաղաքացիություն։ Այս տարիների ընթացքում ամեն անգամ, երբ մի հատ փողոցային շարժում էիք սկսում, հանրահավաք էիք սկսում, երբ գալիս էինք ընտրությունները, փուչ ու կեղծ խոստումներ էիք տալիս ղարաբաղցիներին՝ հեսա գալիս ենք, հետ ենք բերում, սպասեք հլը։ Դրա համար էլ մարդիկ մինչեւ այսօր ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, մեծաթիվ հերթեր են հիմա գոյացել քաղաքացիություն ստանալու հետ կապված, որովհետեւ այդ մարդիկ հասկացան, որ այս ամեն ինչը սուտ է, փուչ է»,- նշեց Չախոյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց փոխնախարարին․ «Միջազգային գործընկերների կողմից ՀՀ-ին որքա՞ն գումար է տրվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Եվ որտե՞ղ են ուղղվել այդ գումարները։ Արդյոք ուղղվե՞լ են նաեւ բնակապահովման ծրագրի իրականացման համար»։

Աննա Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարի ՀՀ ԱԺ-ն վավերացրել է վարկային համաձայնագիր, որով ՀՀ-ին տրվել է 250 մլն դոլար վարկ։ «Մեկ տարին դեռ չի լրացել, Հայաստանն արդեն ստացել է 250 մլն դոլարի վարկ, նորից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման հարցը լուծելու համար։ Այս մի տարվա ընթացքում այդ գումարն ավարտվե՞լ է, ծրագիրը պատշաճ կերպով իրացվե՞լ է, որ մենք հիմա գալիս ենք, նորից 250 մլն դոլարի վարկ ենք ուզում ձեւակերպենք։ Ինչպե՞ս եք իրացրել այդ գումարները, եթե ընդամենը մինչեւ 5000 ընտանիք է կարողացել ձեռք բերել բնակարան։ Ես վստահ եմ, որ այդ 250 մլն դոլարը չի գնացել այդ 5000 ընտանիքների բնակարանների ձեռք բերման համար»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Լուսինե Քոչարյանն այս հարցին չպատասխանեց։

Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների թվին՝ Լուսինե Քոչարյանը նշեց, թե 100 հազար մարդ է տեղահանվել։

«Ասում եք՝ 30 հազար տեղահանված ընտանիք, բայց մենք ունենք մոտավորապես 20 հազար տեղահանված ընտանիք, քանի որ 100 հազար տեղահանված բնակչի մեկ ընտանիքի միջին չափ 4,7 է։ Ունենք 20 հազարից մի փոքր ավելի ընտանիքների քանակ, որոնցից 5000-ը ՀՀ-ում ունեն սեփականություն։ Այսինքն՝ նրանք այս ծրագրի շահառու չեն համարվում, մնացածից 5000-ն արդեն ստացել են հավաստագիր, իսկ մնացած 10 հազարը ստանալու են։ Բնակապահովման հավաստագիր ստանալու 2025-2026թթ․ տարեկան ցուցանիշը գերազանցվել է, քանի որ նախնական ցուցանիշը եղել է 2000, բայց, ինչպես ասացի, արդեն 5000 բնակարան է ձեռք բերվել»,- հայտարարեց փոխնախարարը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց այս նախագծին։

«Ըստ էության «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկելով ՎԶԵԲ-ի համաձայնագրի վավերացմանը, որը միտված էր բնակապահովման խնդրին, այսպիսով փաստեց, որ քաղաքական ուժը դեմ է, որ մեր սիրելի տեղահանված քույրերը եւ եղբայրները սեփական հայրենիքում՝ Հայաստանում տուն ունենան»,- հայտաարեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Քվեարկությունը վերաբերել է մի այնպիսի հիմնավորումներով ֆինանսական հաշվետվությունների որոշակի պատճառաբանվածության ցածր աստիճանի, այդ իսկ պատճառով ձեռնպահ ենք քվերակել՝ վստահաբար ասելով, որ սոցիալ-տնտեսական այն համալիր խնդիրները, որոնց բախված են մեր քույրերն ու եղբայրները, միանշանակ պետք է լուծվեն եւ կլուծվեն»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ ասաց․ «Արցախահայության ամբողջ ունեցվածքը թալանվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Արցախի ընդհանուր կորստի արժեքը շատ մոտավոր հաշվարկներով մոտ 100 մլրդ դոլար է։ Այսինքն՝ հայ ժողովրդի 100 մլրդ դոլարի հարստություն հիմա գոյություն չունի։ Միայն Արցախի Պաշտպանության բանակի նյութական կորուստը 6 մլրդ դոլարից ավելի է։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ թվերի մասին է խոսքը։ Հլա մի հատ գնացեք նայեք՝ իրենց պաշտոնավաման շջանակներում այս իշխանության ներկայացուցիչներն ինչքան տներ են առել։ Ու հիմա եկել են նորից նոր պարտավորության տակ են դնում մեր ժողովրդին։ Այնպես որ, այս թալանի շղթան պետք է ընդհատվի»։

Ռոզա Հովհաննիսյան