
Հոկտեմբերին Փախստականների Երևանի համայնքային խորհուրդը կսկսի իր աշխատանքները մասնակիցների նոր խմբով։
Խորհրդի երկրորդ տարվա անդամակցության դիմումների ընդունումն արդեն ավարտվել է։ Նոր խումբը կսկսի աշխատել Երևանի և հարևան շրջանների՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի բնակիչների համար։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը իրականացվում է «Արցախ միության» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Էստոնիայի փախստականների խորհրդի, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի», «Կանանց նկատմամբ բռնության վերացման կոալիցիայի» և «Քամմիթ Գլոբալի» հետ համատեղ։ Այն նպատակ ունի աջակցել և հզորացնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ։
«Խորհրդի գործունեության երկրորդ տարին սկսվում է այն ժամանակ, երբ արցախցի շատ ընտանիքներ շարունակում են բախվել չլուծված բնակարանային խնդիրների, զբաղվածության դժվարությունների և կայուն եկամտի աղբյուրների բացակայության։ Այս պայմաններում հատկապես կարևոր է, որ ներքին տեղահանված անձինք չմնան օգնության պասիվ ստացողներ, այլ կարողանան մասնակցել իրենց կյանքին ազդող որոշումների վերաբերյալ քննարկումներին։
Նոր խումբը կշարունակի ամրապնդել փախստականների, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը: Հիմնական նպատակներից մեկն այն է, որ ներքին տեղահանված անձանց մտահոգություններն ու առաջարկները չսահմանափակվեն միայն քննարկումներով, այլ հաշվի առնվեն աջակցության ծրագրերի մշակման և որոշումների կայացման գործընթացում։
Խորհրդի հիմնական նպատակն է ներքին տեղահանված անձանց լիազորել ինքնուրույն ներկայացնել իրենց համայնքների շահերը, բացահայտ քննարկել առկա խնդիրները և մասնակցել լուծումների որոնմանը։ Տարվա ընթացքում խմբում ընդգրկված արցախցիները կքննարկեն իրենց համայնքների սոցիալական և իրավական խնդիրները և կմշակեն իրենց իրավունքների պաշտպանության առաջարկներ», – ասաց «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը։
Անցած տարվա ընթացքում Խորհուրդն անցկացրել է 11 նիստ, իրականացրել երեք համայնքային նախաձեռնություն, կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ և երկու հանրային քննարկում, որոնց մասնակցել է ավելի քան 120 մարդ։ Հանրային հանդիպումներում, որոնց մասնակցել են պետական մարմինների, տեղական և միջազգային բարեգործական և մարդու իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչներ, Խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկներ արցախցիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական և իրավական մարտահրավերները լուծելու համար։
Իր հերթին, կազմակերպություններն ու ընկերությունները ներկայացրել են իրենց աջակցության ծրագրերը՝ ընդգծելով արցախցի ընտանիքների համար հասանելի հնարավորությունները։ Մարդու իրավունքների կազմակերպությունները հաշվետվություն են ներկայացրել իրենց աշխատանքի մասին, բացահայտել առկա մարտահրավերները և ընդգծել փախստականների իրավունքների պաշտպանությունը շարունակելու և այս հարցը որպես առաջնահերթություն դիտարկելու անհրաժեշտությունը։
Ալվարդ Գրիգորյան