
11-14-րդ դարերում Կենտրոնական և Արևելյան Հայաստանի քարեղեն տարեգրությունը հարստացավ ինքնատիպ խաչքար-կոթողներով՝ ազդարարելով հայոց պաշտամունքային ճարտարապետության նոր տեսակի՝ որմնափակ խաչքարերի ծնունդը։ Քարակերտ այս աղոթքների արձագանքը հասավ նաև Արցախ աշխարհ, որտեղ դեռևս 1071 թվականին Դահրավ և Դռնավարզ գյուղերում կանգնեցվել էին դրանց վաղագույն, ավաղ՝ այժմ միայն հիշատակություններում պահպանված օրինակները։
Դահրավի որմնափակ խաչքարերի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ են հաղորդել 19-րդ դարի հայտնի հետազոտողներ Սարգիս Ջալալյանցն ու Մակար Բարխուդարյանցը։ 1276 թվականի խաչքարի մասին Ս․ Ջալալյանցն իր աշխատության մեջ նշել է․ «Դահրաւ է գիւղ Հայոց․ տունք են երեսուն, ունի զեկեղեցի, առ սովաւ է գեղեցկաշեն մահարձան կանգնեալ ʼի Հասանայ որդոյ Վասակայ ʼի վերայ Գուրգենայ և Ուքանայ ʼի թուին Հայոց ։ՉԻ։ ին․․․» ։
19-րդ դարավերջին անվանի ազգագրագետ Մակար Բարխուդարյանցի աչքից չվրիպեցին Դահրավի որմնափակ երեք խաչքարերը, որոնք դեռևս պահպանել էին հնամենի արձանագրությունները։ Քարին փորագրված վիմական տողերն ընթերցելով ու վերծանելով՝ նա դրանք փրկեց ժամանակի անողոք կորստից և որպես թանկարժեք մասունք ներկայացված են նրա «Արցախ» աշխատության մեջ․ «Գիւղիս հիւսիս-արևմտեան կաղմում կայ երեք բեմ․ Ա․ Հարաւային բեմի զոյգ խաչերի գլխակալ քարի վերայ․«Ի ԹՎ․ ՉԻԵ (1276) ԵՍ ՀԱՍԱՆ ՈՐԴԻ ՎԱՍԱԿԱՅ ԿԱՆԳ ՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲԱԻՐ ԻՄՈՅ ՋՈԻՐՃԻՆ ՈԻՔԱՆԱՅ Ի ՓՐԿՈԻԹԻՒՆ ՀՈԳՒՈՅ․ ՈՎ ԿԱՐԴԷՔ, ՅԻՇԵՑԷՔ Ի ՏԷՐ»։։ Բ․ Բեմի վերայ, որ քարընկէց հեռի է առաջինից, փորագրուած է․ «ԹԻՒ ՇԻ․ ԵՍ ՈՀԱՆ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԹԻԹԵՂՆԻԿԱՅ, ԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԵՔ»։ Գ․ Բեմն կիսակործան է, որ նոյնպես քարընկեց հեռի է երկրորդից» ։
Դահրավի «Փռշնի նահատակ» սրբատեղիի տարածքում, երեք հուշարձաններից պահպանվել է միայն հարավային կողմում բնական քարաժայռերով երիզված բլրի վրա տեղադրված, 1276 թվականի որմնափակ խաչքարը։ Կոթողը հարավային և արևելյան կողմերից հենվում է երկաստիճան պատվանդանին։
Հուշարձանն իր մեջ ամփոփում է գրեթե համանման զույգ, հյուսկեն խաչքարեր, որոնցից յուրաքանչյուրի սրտում քանդակված է զույգ եռաբողբոջ խաչաթևերով ծաղկած խաչը։ Խաչաքանդակների վերին անկյուններից դեպի կենտրոն են խոնարհվում զույգ բուսազարդերը, իսկ խաչի հիմքից սկզբնավորվելով՝ դեպի հորիզոնական թևերն են բարձրանում նրբագեղ հյուսվածքով, խորհրդանշական արմավաճյուղերը։ Խաչարմատից ցած կոթողների հորինվածքն ամբողջացնում են մեծադիր, շրջանաձև ծաղկազարդ վարդյակները, իսկ հորինվածքն երեք կողմից ներփակում է լայն, հյուսկեն զարդագոտին։ Զույգ խաչքարերի հիմնական տարբերությունն արտահայտված է դրանց զարդագոտիների ինքնատիպ նախշազարդման մեջ
Երկու խաչքարերի ստորին հատվածները՝ վարդյակների հատվածում, պատված են մրի ու մոմերի հավերժական հետքերով, ինչը լուռ, բայց խոսուն վկայությունն է դրանց շուրջ դարեր ի վեր չմարող ժողովրդական աղոթքի, ուխտի և կենդանի հավատքի։
Խաչքարերը ներփակված են կամարակապ խորանի մեջ և պսակված սրբատաշ, կիսաշրջանաձև բարավորով, որի վրա փորագրված է 1276 թվականի վեցտողանոց վերոնշյալ արձանագրությունը։ Խաչքարերը գրկող ճարտարապետական այս կառույցն ունեցել է երկթեք տանիք, որն, ավաղ, ժամանակի ընթացքում չի պահպանվել։
Հուշարձանը ներկայումս լուրջ սպառնալիքների տակ է, քանի որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքում։ Ադրբեջանական իշխանությունների կողմից տարածքի հայաթափումից հետո արձանագրվել են հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, վանդալիզմի և պատմական հետքի արհեստական ջնջմանն ուղղված հետևողական գործողություններ։
Արմինե Հայրապետյան