Լևոն Հայրապետյանի հիշատակը՝ Երևանի սրտում․ տեղադրվել է մեծ բարերարի կիսանդրին

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվեց ազգային բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան)՝ ի նշան երախտագիտության մի մարդու, որի անունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է հայրենասիրության, առատաձեռնության և ազգային նվիրումի խորհրդանիշ։

Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը պատկանում է բարերարի դստերը՝ Աննային, և թոռնուհուն՝ Անաստասիային։ Այն կյանքի է կոչվել «Հադրութ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ, ռազմական և հասարակական գործիչ, գեներալ-մայոր Ռոման Բալայանի անմիջական մասնակցությամբ։ Կիսանդրու տեղադրմանը հավանություն էր տվել Երևանի ավագանին՝ միաձայն որոշմամբ։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լևոն Հայրապետյանի հարազատները, համագյուղացիները և մարդիկ, որոնց համար նրա անունն ու գործը շարունակում են մնալ թանկ ու հիշարժան։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Այնուհետև ներկայացվեց Լևոն Հայրապետյանի անցած ուղին, նրա բարեգործական գործունեությունն ու հայ ժողովրդի համար իրականացրած նշանակալի նախաձեռնությունները։

Լևոն Հայրապետյանի վաստակը միայն նվիրաբերված միջոցներով չէր չափվում։ Նա ներդրումներ էր կատարում հայրենի Արցախի զարգացման, բնակավայրերի շենացման, մշակութային ժառանգության պահպանման և մարդկանց կյանքի բարելավման գործում։ Նրա աջակցությամբ 2000-2002 թվականներին վերականգնվեց Գանձասարի վանական համալիրը, ներդրումներ կատարվեցին հայրենի Վանք գյուղի ենթակառուցվածքների զարգացման գործում, կառուցվեցին դպրոց և արտադրական ու զբոսաշրջային նշանակության կառույցներ։ 2007 թվականին նա ֆինանսավորեց նաև Խաչեն գետի վրա ջրամբարի կառուցումը։ Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված՝ Արցախում անցկացված մեծ հարսանիքը դարձավ ազգային ավանդույթների պահպանման, ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և արցախահայության հանդեպ նրա հոգատարության վառ արտահայտություններից մեկը։

Լևոն Հայրապետյանի համար բարեգործությունը սոսկ օգնություն չէր. այն սեփական ժողովրդին օգտակար լինելու գիտակցված ընտրություն։

Ողջունելով ներկաներին՝ Ռոման Բալայանը բարձր գնահատեց ազգային բարերարի վաստակն ու նրա անմնացորդ նվիրումը հայ ժողովրդին։

«Այս հուշաքարը կխորհրդանշի այն, որ այստեղ ապրել է մեծ բարերարը, մեծ հայը։ Յուրաքանչյուր գիտակից հայի համար Լևոն Հայրապետյանը հայրենասիրության և հայի բացառիկ կերպարի խորհրդանիշ է։ Իր ապրած կյանքով նա ցույց է տվել, թե ինչ են հայի պատիվը, հայրենասիրությունն ու սերը հայրենիքի հանդեպ։ Նա ազգային բարերար է։ Աստված օրհնի նրա ծնողներին, որ նման զավակ են պարգևել մեր ժողովրդին։ Մեր սերունդները պետք է գիտակցեն, որ հայրենիքը սիրում են առանց շահի՝ նվիրումով և պետք է դառնան Մեծ հայի արժանի հետնորդները»,- նշեց Ռոման Բալայանը։

Կիսանդրու բացման պատիվը վերապահվեց Լևոն Հայրապետյանի դստերը՝ Աննային և թոռնուհուն՝ Անաստասիային։

Հուզիչ էր հատկապես Անաստասիայի խոսքը։ Նա նշեց, որ իր համար մեծ ուրախություն և հպարտություն է իրականացած տեսնել իր մոր՝ երջանկահիշատակ Անժելիկայի երազանքը։ Անժելիկան ցանկանում էր, որ հոր կիսանդրին տեղադրվի հենց այն շենքի պատին, որտեղ նա ապրել ու աշխատել է

Արարողության ընթացքում Լևոն Հայրապետյանի հարազատներն արժանացան նրա անվան հուշամեդալին։

Միջոցառման ազգային ու հայրենասիրական մթնոլորտն ամբողջացրին Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի «Դարե» ավանդական երգի ու պարի խմբի ելույթը և «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաների մասնակցությունը։

Կարինե Բախշիյան