Պաշտպանության բանակի մարդկային ներուժը․ կորցրած հնարավորություններ և պետական պատասխանատվություն 

Հայկական զինված ուժերի ամենամեծ զորամիավորման՝ Պաշտպանության բանակի կազմալուծումը բացի մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը լինելուց նաև մի շարք հարցեր էր առաջացնում, որոնք ենթակա էին արագ ու օպերատիվ լուծման։ Թեև բանակը կազմալուծվեց, այնուամենայնիվ դրա բազմաթիվ ստորաբաժանումներ, ամբողջական զորամասեր ու ծառայություններ կադրային առումով մարտունակ էին, և արժեր դրանք վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չնայած զինծառայողների որոշ մասի նման ցանկությանը՝ Հայաստանի ռազմական ղեկավարությունը նման քայլի չգնաց, ավելին, 2023թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարության քաղաքացիության վերաբերյալ որոշումը արցախցի այն զինվորականներին, որոնք նպատակ ունեին շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում, դրեց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Շատերը նոր քաղաքացիություն ընդունելու ժամանակահատվածում այլ աշխատանք գտան և հեռացան բանակից։ 

Թեև բազմաթիվ զինվորականներ նշանակվեցին բարձրագույն զինվորական պաշտոններում, բայց դա չէր կարող ծածկել այն հսկայական կադրային ներուժը, որն առկա էր պաշտպանության բանակում։

Բացի սպաներից, Պաշտպանության բանակը, հատկապես իր գոյության վերջին տարիներին, ուներ մեծաթիվ պայմանագրային զինվորներ և սերժանտներ, որոնց կարիքը կար Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում։ Սակայն այս ուղղությամբ առանձնահատուկ աշխատանք չտարվեց և այս կարևոր ռեսուրսը ևս փոշիացավ։

Հույս ունենալ, որ նոր վայրում ընտանիքի հաստատման ու ինտեգրման հարցեր լուծող նախկին զինծառայողները պետք է մտածեն նորից ծառայության մեջ մտնելու, ընտանիքից կտրված ծառայություն իրականացնելու մասին, իրական չէ։ Հարկավոր էր համալիր լուծումներ՝ այս անձանց ծառայողական, բնակապահովման, երեխաների կրթության և ընտանիքի այլ անդամների զբաղվածության հարցերը լուծելու համար։

Այս համալիր ջանքները թույլ կտային պաշտպանության բանակի մեծ մասին կրկին ներգրավել ծառայության մեջ, այդ թվում պաշտպանության տեսանկյունից կարևոր մարզերում, լուծել պաշտպանության ուժեղացման, բանակի համալրման, տարածքային պաշտպանության համար ավելի մեծ բազա ստեղծելու, ժողովրդագրական, տարածքային համաչափ զարգացման ու տնտեսական հարցեր։ Ընդ որում, հավաքագրման բազան կարող էին կազմել ոչ միայն Պաշտպանության բանակի 2023թ․ դրությամբ ծառայողները, այլև պահեստազոր անցած զինծառայողները, զինծառայության պայմանագիրը չերկարաձգածները, այլ ուժային կառույցների ծառայողները։ 

Սրա փոխարեն ժամանակ առ ժամանակ արցախցի զինվորականների դեմ որոշակի հրապարակային թիրախավորում է տեղի ունենում, որը սրվում էր քաղաքական լարված ժամանակաշրջաններում։

Մասնավորապես, հայաստանյան խորհրդարանական ընտրությունների շրջանում արցախյան ծագումով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ ծանուցումներ ստացան պաշտպանության նախարարությունից ստացած իրենց բնակարանները ազատելու վերաբերյալ, չնայած նրանք դա ստացել էին իրենց ծառայության դիմաց և այդ բնակարաններն իրենց միակ կացարանն էին։ Այս քայլերի նպատակը, հավանաբար, հակաարցախյան տրամադրությունները սրելն էր, ցույց տալը, որ Արցախում ծառայած բարձրաստիճան զինվորականները ժամանակին բնակարան են ստացել Երևանում։ Վաղուց պահեստազոր անցած նախկին զինվորականների դեմ նման քայլերը իջեցնում են անձնուրաց ծառայության մոտիվացիան, նամանավանդ պարտություններից, կազմալուծումից, բռնի տեղահանումից հոգեբանորեն ճնշված զինվորականների մոտ։   

Պաշտպանության բանակի կազմալուծումը Հայաստանի համար ռազմական ու պատմական կորուստ լինելուց բացի, փորձություն էր՝ պետության կարողությունը գնահատելու տեսանկյունից։ Պետությունը պետք է կարողանար պահպանել և իր զինված ուժերի կարիքներին համապատասխան օգտագործել այն մարդկային ու մասնագիտական ներուժը, որը ձևավորվել էր տասնամյակների ընթացքում։ Դրա համար անհրաժեշտ էր ոչ թե պարզապես նախկին զինծառայողներին առանձին պաշտոններ առաջարկել, այլ մշակել համալիր քաղաքականություն՝ ծառայության շարունակականության, բնակարանային ապահովության, ընտանիքների սոցիալական կայունության և մասնագիտական վերաինտեգրման ուղղություններով։

Այս քաղաքականության բացակայությունը կամ անբավարարությունը պետք է գնահատվի ոչ միայն որպես արցախցի նախկին զինվորականների խնդիր, այլև որպես պետական կառավարման և պաշտպանական պլանավորման հարց։ Պետք է բացառել նաև նախկին զինվորականների թիրախ դարձնելու փորձերը, ինչպես նաև ծագմամբ պայմանավորված տարբերակված վերաբերմունքը։ Զինվորական ծառայության հեղինակությունը պահպանելու համար պետությունը պարտավոր է հետևողական լինել այն մարդկանց նկատմամբ, որոնցից պահանջել է երկարամյա ծառայություն և անձնական զոհողություններ։

Հայկ Խանումյան