
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ-ն ստացել է ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարության N 33 հավաստագիրը՝ իրավունք ստանալով սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Սա կարևոր քայլ է կենտրոնի գործունեության զարգացման և ավելի շատ երեխաների ու ընտանիքների աջակցելու ճանապարհին։
2023 թվականին Արցախից բռնի տեղահանությունից հետո Ստեփանակերտում տարիներ շարունակ գործող կենտրոնը ստիպված եղավ դադարեցնել իր աշխատանքը։ Հետագայում հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանի և մասնագիտական թիմի ջանքերով կենտրոնը վերսկսեց գործունեությունը Եղվարդում՝ շարունակելով իր առաքելությունը նոր պայմաններում։
Step1.am-ի հետ զրույցում Վարդան Թադևոսյանն անդրադարձել է կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին և ծառայությունների շարունակականության կարևորությանը։ Նրա ներկայացրած փորձը ցույց է տալիս, որ նման կենտրոնների դերը չի սահմանափակվում խնամքի և վերականգնողական աջակցության տրամադրմամբ։ Դրանք նաև միջավայր են, որտեղ երեխաներն ու նրանց ընտանիքները կարող են շփվել, նոր կապեր հաստատել, զարգացնել կարողությունները և աստիճանաբար ներգրավվել համայնքի կյանքում։ Հատկապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նման միջավայրը կարևոր է նոր պայմաններին հարմարվելու և սոցիալական մեկուսացումը հաղթահարելու տեսանկյունից։
Կենտրոնի աշխատանքի նշանակությունը տեսանելի է նաև նրա շահառուների պատմություններում։ Եղվարդում բնակվող Աշոտ Մխիթարյանը աուտիզմ ունեցող դեռահաս է։ Նա հաճախում է դպրոց, այցելում կենտրոն, գեղեցիկ նկարում, մասնակցում գեղարվեստական մրցույթների և լավ տիրապետում անգլերենին։ Նրա հետաքրքրություններն ու կարողությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար ունենալ սովորելու, ստեղծագործելու և սեփական ուժերը բացահայտելու հնարավորություն։
Կենտրոնը միավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, Արցախից բռնի տեղահանված անձանց և համայնքի այլ բնակիչների։ Այս շփումը նպաստում է փոխըմբռնմանը, սոցիալական կապերի ձևավորմանն ու ներառմանը՝ օգնելով հաղթահարել այն խոչընդոտները, որոնք հաճախ մարդկանց մեկուսացնում են հասարակական կյանքից։
N 33 հավաստագրի ստացումը կենտրոնի համար ոչ միայն պաշտոնական ճանաչում է, այլև գործունեության շարունակական զարգացման նոր հնարավորություն և պատասխանատվություն։ Այն կարևոր հիմք է երեխաների խնամքի ու աջակցության ծառայություններն ամրապնդելու և նրանց զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու ճանապարհին։
Արսեն Աղաջանյան