
«Ես՝ որպես վարչապետ, խիստ կարևոր եմ համարում, որ ժողովրդին առաջարկվի հստակ ռազմավարական պատկերացում, թե ինչ և ինչու ենք մենք անում։ Եթե չհենվենք «իրական Հայաստանի» տեսլականի վրա, երկրի գոյությունը հարցականի տակ կդրվի»,— հայտարարել է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նախկինում նա ասել է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը հակապետական է, և եթե չհրաժարվենք դրանից և նոր Սահմանադրություն չընդունենք, վտանգի տակ կլինի պետությունը։
Հայաստանի քաղաքական հանայնքը ևս խոսում է անկախ պետությանը սպառնացող վտանգի մասին, բայց հակառակ դեպքում՝ եթե հրաժարվենք Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։
Փաշինյանը ասում է, որ միավորվող ընդդիմությունը ոչ մի փաստարկ չունի, բացի “Ալիևի” անունը տալուց։ Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է շանտաժի մեջ, քանի որ նա ևս այլ փաստարկ չունի։
Ներքաղաքական պայքարը անցնում է որոշիչ փուլ՝ հրաժարվե՞լ պետության հիմքերից և նոր Սահմանադրություն ընդունել, թե՞ պահպանել այն, ինչ կա, հրաժարվելով 2020-ի պատերազմից հետո արմատավորված՝ անվերջ զիջումների տրամաբանությունից։
Հարցը իրականում շատ ավելի խորքային է․ Հայաստանը համաձա՞յն է հրաժարվել ազգային իրավունքներից, որի իրացման շանս կարող է առաջանալ Լոզանի և Կարսի պայմանագրերի մոտակա չեղարկումից հետո։ Փաշինյանի կրծքի քարտեզը՝ առաջարկ է հրաժարվել այն ամենից, ինչի համար ներկայիս կառավարությունը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել։ Խոսքը ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի, Կարսի, Արդահանի մասին է։
Ընդդիմությունը ևս չի հայտարարում, որ պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն, հարցը տանելով մանր ներքաղաքական դաշտ։
Երեկ հայաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարություն են ընդունել։ Նրանք համախմբման հետևյալ առաջնային նպատակներն են նշել․
«Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։
Այլ կուսակցություններ ևս միացել են, առաջարկելով նաև սեփական առաջնահերթությունները։
ԱԺԲ-ն կոչ է անում հայոց պետականության, Եկեղեցու և հայրենիքի անվտանգության դիրքերում կանգնած բոլոր ազգային-քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին՝ երկրորդական տարաձայնությունները մի կողմ թողնելով, համախմբվել երեք առաջնահերթությունների շուրջ․
««Միասնության թևեր» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը»։
Արդյո՞ք նման համախմբումը կարող է Հայաստանում քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ։ Դա կախված կլինի ընդդիմության առաջարկից։