
Ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանը ուշ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպումից հետո հայտարարեցին, որ համախմբվում են «ալիևյան սահմանադրության պարտադրանքը» մերժելու շուրջ:
Բացի Սահմանադրությունից, ընդդիմադիրները նշում են, որ համախմբվում են «առանց միակողանի զիջումների ու տարածքային կորուստների խաղաղության, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգման շուրջ»:
Թե ինչ քայլեր են հետևելու այս հայտարարությանը, Նարեկ Կարապետյանը չբացահայտեց: Ըստ նրա՝ հաջորդիվ կփորձեն հասարակական գործիչների հետ «կոնսենսուսի գալ» իրենց գաղափարների շուրջ:
Փողոցային պայքարի մասին հարցին էլ Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ պայքարի բոլոր հնարավոր օրինական միջոցները հնարավոր է գործածել, բայց այսօր փողոցային պայքարի մասին ինքը չի խոսի:
Ընդդիմադիր գորիչը նաև ասաց, որ այսօրվա հանդիպումը նախաձեռնել էր Սամվել Կարապետյանը, սակայն իշխանությունները «նրան ձերբակալելով փորձել են տապալել այն»:
Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը.
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։
«Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»