
Step1.am-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
-Պարոն Հայրիկյան, իշխանությունները հայտարարել են, որ հավանաբար նոյեմբերի ընթացքում կհրապարակեն նոր Սահմանադրության նախագիծը։ Այսինքն՝ ձեր առաջարկած Սահմանադրության նախագիծն ամբողջովին մերժվե՞ց իշխանության կողմից, ի՞նչ տեղի ունեցավ։
-Դա միայն իմ նախագիծը չէր, 17 քաղաքական ուժերի հավանությանն արժանացած առաջարկ էր։ Իրենք խախտեցին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը և քննարկման չդրեցին մեր նախագիծը։ Այսինքն՝ հստակ ապացուցեցին, որ իրենք արդեն ոչ թե կրկնահանցագործ են, այլ բազմահանցագործ են։ Եթե սահմանադրական օրենքի հատուկ պահանջը, որը երաշխավորում է ժողովրդավարությունը Հայաստանում, խախտվում է, դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով՝ իշխանության չարաշահում կամ անփութություն։ Երկուսն էլ քրեական ու կոռուպցիոն հանցագործություններ են։ Եվ այդ արարքը կատարողները վաղ թե ուշ դատարանի առաջ են կանգնելու։
Մյուս հանցագործությունն այն է, որ եթե իրենք նորմատիվ իրավական ակտով սահմանել են Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության նախագիծ հրապարակելու ժամկետ և այդ ժամկետների մեջ չեն տեղավորվում, նորմատիվ իրավական ակտն արդեն չի գործում։ Հարց է ծագում՝ հիմա ինչի՞ հիման վրա է հանրությանն առաջարկվում փաստաթուղթ, այն էլ Սահամանադրություն, որովհետև սահմանադրական բարեփոխումների մասին առաջին իրավական ակտն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 12-ին, հետո մի քանի անգամ ժամկետները փոխվել են, չեղարկվել է։ Վերջում դա դրվել է արդարադատության նախարարության վրա։ Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհի ոչ մի երկրում գործադիր իշխանության կառույց չի կարող Սահմանադրության նախագիծ գրել, նրանք պարտավոր են ենթարկվել։ Սահմանադրության նախագիծ գրում են միայն սահմանադրական հանձնաժողովները կամ սահմանադրիր ժողովը, բայց ոչ գործադիրը։ Գործադիր կառույցի գրած Սահմանդրության նախագիծը նշանակում է իր համար Սահմանադրություն գրող կառույց։
Այսինքն՝ այստեղ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։ Եվ ես կարծում եմ, որ չնայած պոռոտախոսության դրսևորումներին, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում Նիկոլ Փաշինյանի կամակատարն է։ Նրանք խոսում են ընդամենը հակադարձելու մասին, այն դեպքում, երբ կա պատրաստի նախագիծ, որը արհեստական բանականությունն իդեալական համարեց՝ 21-րդ դարի ժողովրդավարության գագաթ։ Դրա մասին չեն էլ խոսում, իրենց գոհացնում է, որ օրվա իշխանությունները կատարում են կոռուպցիոն հանցագործություն և ժողովրդավարությունն ամրագրող օրենքը խախտում են։
–Բայց խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ կողմ չեն քվերակելու իշխանության նախագծին։ Ի՞նչ եք նկատում, ընդհանուր քաղաքական դաշտում կա՞ կոնսենսուս այս նախագծի շուրջ։
-Դրանք մանկապարտեզի մակարդակի խոսակցություններ են, Սահմանադրությունը տարբեր ճանապարհներ է նախանշել դրա համար։ Սա Մուսոլինիի Սահմանադրությունն է, ոչ միայն Նիկոլի ու Սերժի, այլ Մուսոլինիի՝ չարագործի։ Օրինակ՝ մեկ տարբերակ՝ հանկարծ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ստորագրահավաք են կազմակերպում։ Եվ դրա պատասխանը պառլամենտական մեծամասնությունն է տալու։ Այսինքն՝ իրենք հավաքում են 200 հազար և ավելի ստորագրություն և ասում են՝ այս նախագիծը մենք դնում ենք հանրաքվեի։ Հազար ու մի տարբերակ կա այնտեղ։
-Փաշինյանն ասում է, թե «Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է», ի՞նչ հետևանք կունենա Անկախության հռչակագրից հրաժարվելը։
-Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, 30 տարվա ընթացքում որևէ բացասական դեր չի կատարել։ Անկախության հռչակագիրը լավ կամ վատ ձևով ամրագրել է մինչև իրեն տեղի ունեցած զարգացումները։ Անկախության հռչակագիրը նախորդ իշխանություններն էլ ամբողջությամբ չեն կարողացել կատարել։ Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում միայն Անկախության հռչակագրի սկզբունքներին, դա խանգարում է միայն բռնապետ Ալիևին և բռնապետ դառնալու երազանք ունեցող Նիկոլ Փաշինյանին, որն ըստ էության ծպտյալ բռնապետ է։ Մենք գործ ունենք ժողովրդավարություն ու եվրոպամետ խաղաղացող աշխարհի ամենաստոր բռնապետի հետ։
Այս ամենի նպատակը հայ ժողովրդին բարոյալքելն է և Հայաստանի վերջնական ոչնչացումը նախապատրաստելը։ Դրա ճանապարհին ժամանակին կանգնած ենք եղել մենք և անկախության պայքարին ու ինքնորոշման գաղափարին հավատարիմ ազգային գործիչները։ Հետո դա դասրձավ մի ամբողջ ազգի սեփականությունը։ Այսօր փորձում են ինձ և իմ գաղափարներին չեզոքացնել, մեկուսացնել, որպեսզի իրենց բացասական գործերն անեն։ Ես չեմ ասում՝ ես դառնամ վարչապետ, ասում եմ՝ այս Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացին թող դառնա ՀՀ նախագահ։ Ես տալիս եմ այդ բանաձևը, և եթե դրա մասին որևէ քաղաքական գործիչ չի խոսում, ամենամեղմ բառն եմ ասում՝ ինքը պարզապես սրիկա է։
Ռոզա Հովհաննիսյան