
Մինչև տարեվերջ կկայանա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և մուլտիկուլտուրալիզմի վերլուծության կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումն անցկացվելու է Հայաստանում։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ հստակեցվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025-ի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Դրա ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանն ու երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հաստատմանը նպաստելու հարցեր։
Հիշեցնենք, որ քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումները դադարեցվել էին 2026 թվականի սեպտեմբերի սկզբի իրադարձություններից հետո, երբ Ալիևի օգնական Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրեց որպես «Կովկասյան Ալբանիայի» ժառանգություն և Արցախի ժառանգության տերն անվանեց Ադրբեջանին: Հայաստանում դժգոհության մեծ հանրային ալիք բարձրացավ, որը «վրդովեցրեց» Բաքվին, և Ադրբեջանը հրաժարվեց քաղաքացիական հասարակության հանդիպումներ անցկացնելուց: Բաքվում ասել են, որ հայերը չեն կարող մի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչել, մյուս կողմից իրավունքներ ներկայացնել այնտեղ մնացած ժառանգության հանդեպ։
Դուբլինում վերջերս կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «վստահության ամրապնդման միջոցառումների» վերսկսման հնարավորությունը: Ըստ երևույթին, Ալիևն այնուհետև համաձայնություն է տվել քաղաքացիական հասարակության հանդիպումների վերսկսմանը: Արդյո՞ք Փաշինյանը խոստացել է այլևս իրավունքներ չներկայացնել Արցախում մնացած ժառանգության հանդեպ։
Համենայնդեպս, Բաքուն և Երևանը Արցախում հայկական մշակութային ժառանգության հետ կապված «վեճը» համարում են «սպառված»: Ըստ ամենայնի, շուտով տեղի կունենա օտարերկրյա դիվանագետների նոր այց Արցախ՝ «հաստատման» համար։