Արցախի հարցը Եվրամիության, եվրոպական երկրների խնդիրը չէ, Արցախի հարցը մեր խնդիրն է

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։

–Տիկին Չոբոյան, Եվրոպայում Արցախի հարցն այսօր օրակարգայի՞ն է, ի՞նչ քննարկումներ կան։

-Չէ, կարծում եմ, որ պետք է իրականությունը տեսնել՝ ակտուալ չէ: Արցախի հարցը Եվրամիության, եվրոպական երկրների խնդիրը չէ, Արցախի հարցը մեր խնդիրն է, և առայժմ պետք եղած ուժգնությամբ և խորությամբ այս խնդիրը չի արծարծվում քաղաքական բեմերի վրա: Ինչո՞ւ իրենց խնդիրը չէ, նախ, որովհետև գլխացավանքից ձերբազատվել են եվրոպական երկրները, նաև բոլոր երկրները, ոչ միայն եվրոպական: Իրականում այդ տարածաշրջանում շահեր չունեցող երկրների համար իսկապես գլխացավանք էր Արցախի խնդիրը, որը բոլորովին բնական է՝ եվրոպացիների շահերի պահպանման կիզակետի վրա գտնվող խնդիր չէր Արցախը: Ընդհակառակը, վերջին տարիներին Ադրբեջանը կարողացավ իրեն վաճառել Եվրոպային՝ որպես էներգակիրների հայթայթման հարցերում անփոխարինելի երկիր։ Իրենց համար այս խնդիրը իրականության մեջ դարձավ հայ-ադրբեջանական երկկողմանի ներքին խնդիր այլևս:

Եվ երբ Հայաստանի իշխանությունները սկսեցին բացահայտ կերպով, այսինքն՝ հանրային հայտարարություններով ճանաչել, որ «Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում», դրանից հետո կարծում եմ, որ Եվրոպան անելիք չուներ: Եվ հավանաբար նաև Եվրոպայի շահերի հետ համընկնում էր այս հայտարարությունը։ Այնպես որ, Արցախի խնդիրն այսօր Եվրոպայում չի լսվում, բոլորովին անլսելի է։

-Բայց արցախցիները կան, նրանց իրավունքները միջազգայնորեն պաշտպանվող իրավունքներ են: Արցախցիների իրավունքների հարցը կա՞ օրակարգում։

– Արցախի խնդիրը երկու մակարդակի վրա պետք է դիտարկել։ Նախ՝ իրավական մակարդակի վրա: Իրավականն այսօր անհատական իրավունքների խնդրի է վերածվել: Մի կողմից միջազգային ատյաններում կա պատերազմի ընթացքում և պատերազմի շուրջ տեղի ունեցած ոճիրների հարցը, այսինքն՝ մարդկային իրավունքների խնդիրը: Մյուս կողմից, Արցախի ամբողջ բնակչության սեփականության խնդիրը կա, բայց դա որպես անհատական խնդիր կարելի է դիտարկել իրավական գետնի վրա: Անհատական խնդիրն այն է, որ այս մարդիկ իրենց ունեցվածքից, իրենց հողերից զրկված են: Եվ Հայաստանի իրավաբանները շատ լավ գիտեն այս խնդիրը։ Կիպրոսի բնակիչ Տիտինա Լուիզիդուի նախադեպը կա մոտ երկու տասնամյակ առաջ, որը նաև օրինակ է բոլոր այն ժողովուրդների, անհատների և խմբերի համար, որոնք իրենց տները և հողերը վայելելու իրավունքից զրկված են:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք տվեց կիպրացի հույն տիկնոջը, որ ոչ թե իր հողի և տան փոխարեն գումար պահանջի Թուրքիայից, այլ սեփականատիրոջ իր իրավունքներից զրկված լինելու համար փոխհատուցում ստանա: Սա իրականության մեջ շատ մեծ բնագավառ է, որի մեջ անպայման պետք է մտնեն արցախահայերը: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ, երբ Արցախի հարցը չկար, մենք մտածում էինք, որ Ցեղասպանության զոհերի զավակները կարող են դա անել: Միակ պայմանն այն է, որ տվյալ երկրի ամբողջ իրավական համակարգով պետք է անցնի գործը, և մերժումների պարագայում հնարավոր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական ատյանին։ Եթե մարդիկ իրենց ունեցվածքի փաստաթղթերն ունեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վստահաբար իրավունք պիտի տա: Բայց շատ երկար գործընթաց է սա: Երկար, բայց շատ կարևոր գործընթաց է, որի արդյունքում եթե անգամ անձը, որն այսօր զրկված է իր սեփականությունից, մահանա, իր զավակները, զավակների զավակները կարող են  այդ հատուցումների իրավունքն ունենալ: Սա հատուցման խնդիր է և անհատական հատուցման խնդիր է:

Մյուս կողմից կա քաղաքական խնդիրը, այն է՝ ամբողջ ժողովրդի վերադարձի խնդիրը: Սա ևս իրավական է, բայց ոչ միայն իրավական։ Իրավականը կարող է իրավունք տալ, այսինքն՝ ժողովրդին, անհատներին կամ խմբին՝ ամբողջ արցախահայությանը, բայց դրա հետ կա քաղաքական ուժի հարաբերությունների խնդիրը, որը բոլորովին այլ հարց է:

–Կա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումը, որն ասում է՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով։ Այս որոշումը չի կատարվել, ինչո՞ւ։

-Չի կատարվում, որովհետև այսօր նախ աշխարհը տակնուվրա է, իրավունքը չի գործում այսօր: Միջազգային իրավունքը իսկապես շատ վարկաբեկված մի կատեգորիա է այսօր, որովհետև շատ երկրներում չի գործում: Մեր աչքի առջև տեսնում ենք, թե Գազայում ինչ է կատարվում, իսկապես ցեղասպանական արարք է, շատ ավելի վայրագ ձևով: Իսրայելը տակավին ամբողջ աշխարհի կողմից մատնացույց չի արվել: Նույնիսկ եթե փորձեր կան, բայց Իսրայելը շարունակում է սպանել պաղեստինցիներին և միջազգային հանրությունից դուրս չի մղվել: Հետևաբար, պետք է իրատես լինենք և տեսնենք, որ այսօր միայն իրավունքները չեն գործում: Այսօրվա իրավիճակում ուժն է, որ թելադրում է, թե ինչ է հնարավոր անել և ինչ հնարավոր չէ անել:

Հետևաբար, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք իրավականը պահպանենք, այսինքն՝ իրավունքների հարթակի վրա պետք եղած աշխատանքը տարվի թե՛ արցախահայերի կողմից, թե՛ արցախահայերի իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից։ Շատ լուրջ և երկարատև աշխատանք պետք է տարվի այս ուղղությամբ։ Իսկ իշխանություններին մի կողմ թողնենք, որովհետև ըստ երևույթին ճիշտ հակառակ ընթացքն է բռնել իշխանությունը։

Ես կարծում եմ այժմեական չէ այսօր ասել, որ արցախահայությունը գալիք տարի կամ մի քանի ամսից, կամ երկու-երեք տարուց պիտի վերադառնա, որովհետև այնպիսի իրավիճակ է ստեղծվել այսօր, որ իսկապես նոր պայմաններ պետք է ստեղծվեն։ Բոլորովին նոր պայմաններ պետք է ստեղծվեն՝ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային առումով, որպեսզի այդ խնդիրը կարողանանք բարվոք ձևով լուծել:

Ռոզա Հովհաննիսյան