
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պետական հավաստագրումից հետո ձեռնամուխ է եղել կազմակերպական կարողությունների ամրապնդմանն ու երկարաժամկետ զարգացման ռազմավարության վերանայմանը։
Կենտրոնը, որը 2023 թվականին Ստեփանակերտում գործունեության հարկադիր դադարեցումից հետո վերսկսել է աշխատանքը Եղվարդում, 2026 թվականի հոկտեմբերին ստացել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության թիվ 33 հավաստագիրը՝ ծնողական խնամքից զրկված և հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային սոցիալական կենտրոնում խնամքի ծառայություններ մատուցելու իրավունքով։
Պետական հավաստագրի ստացումը կարևոր քայլ է կենտրոնի գործունեության իրավական հիմքերի ամրապնդման և սոցիալական ծառայությունների մատուցման շարունակականության ապահովման ուղղությամբ։
Այս համատեքստում, ինչպես նշվում է կենտրոնի պաշտոնական հաղորդագրության մեջ, նոյեմբերի 11-13-ը կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եռօրյա դասընթացին՝ նվիրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարմանը, կազմակերպական զարգացմանն ու ռազմավարական պլանավորմանը։
Արցախից բռնի տեղահանությունից և գործունեության վերականգնումից հետո կենտրոնի առջև դրված խնդիրը միայն աշխատանքը շարունակելը չէ։ Կարևոր է ձևավորել զարգացման այնպիսի հեռանկար, որը թույլ կտա զարգացնել ծառայությունները, ընդլայնել դրանց հասանելիությունը և ապահովել երեխաների սոցիալական ներառմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի կայուն իրականացումը։
Արսեն Աղաջանյան