
Step1.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
–Պարոն Կարաբեկյան, Արցախի հարցով միջազգային ընդունված բանակցային ձևաչափը, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, լուծարվեց։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականի մայիսին Ստեփանակերտում հայտարարել էր, որ ինքն այլևս չի բանակցելու Արցախի անունից, ինքը լիազորված է բանակցելու միայն Հայաստանի անունից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ միջազգային ընդունված բանակցային ձևաչափից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն էր, հայկական կողմի պաշտոնական բանակցողը միակողմանի դուրս էր եկել դեռևս այն ժամանակ։ Արդյո՞ք դա Մոսկվայի, Բաքվի և մյուսների հետ պայմանավորվա՞ծ քայլ էր։
– Մինսկի խմբի լուծարումը նախ և առաջ Ադրբեջանն է նախաձեռնել, առաջարկը դրել, և փաստորեն այնպես ստացվեց, որ Մոսկվա-Բաքու տանդեմին նախ և առաջ արձագանքեց հենց Հայաստանը։ Այնպես ստացվեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ է այդ խումբը կազմալուծվել, և Արցախյան հիմնախնդրի համապարփակ լուծումն ինքնստինքյան տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» կնքման դաշտ։
Նույնիսկ Ադրբեջանի կողմից խոսակցություն կար, որ Մինսկի խմբի ձևաչափը արդյունավետ չէր, բայց դեռևս հարց է ծագում՝ միգուցե հնարավոր լիներ այլ միջնորդական ֆորմատով փոխարինել Մինսկի խումբը։ Սակայն դարձյալ հայերի ձեռքերով փորձում են այդ խնդիրը փակել։ Մասնավորապես, օրինակ, Շվեյցարիան 2023 թվականից հետո, Ֆրանսիան 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև Նիդերլանդները, Բելգիան և այլ երկրներ առաջ քաշեցին Արցախի ճանաչման խնդիրը, որն Արցախի ղեկավարության ու Հայաստանի ղեկավարության բարձրագույն նպատակն էր։ Սակայն նրանք բոլորն, օրինակ, ֆրանսիացիները պնդում են, որ հենց Հայաստանը խոչընդոտեց Արցախի անկախության ճանաչմանը։
Իսկ 2020 թվականին, երբ ԵԱՀԿ գործող նախագահը եկել էր Հայաստան, Արայիկ Հարությունյանը մերժել էր նրա հետ հանդիպման հրավերը, որն աննախադեպ երևույթ է՝ չճանաչված պետության ղեկավարը մերժում է այն պաշտոնյայի հետ հանդիպումը, որը փաստորեն կարգավորում է 55 երկրի ջանքերը։ Բացի դրանից, երբ Եվրամիության անդամները, այդ թվում՝ Մինսկի եռյակը, օրինակ, Ֆրանսիան և Ամերիկան, առաջարկեցին Ադրբեջանի հետ բանակցությունների անցկացումը Բուլղարիայում, արցախյան կողմը մերժեց։ Երբ փորձ կատարվեց Ֆրանսիայի հետ հանդիպել կամ Ֆրանսիան նույնիսկ գործադիր իշխանության մակարդակով առաջարկեց Արցախը պետականորեն ճանաչել, դարձյալ Արցախից ձայներ հնչեցրին, ընդ որում, այդ կեղծ պրոեվրոպական քաղաքական բարձրաստիճան գործիչների կողմից, որ Արցախի անկախության ճանաչումը կխոչընդոտի Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և կխանգարի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում կայունության հաստատման ՌԴ ջանքերին։
Այսինքն՝ Հայաստանը միանշանակ գործում էր Բաքու-Մոսկվա-Թուրքիա եռյակի ազդեցության տակ։ Եվ փաստորեն դրանց հետևում կանգնած էին այլ ուժեր՝ Ամերիկան, Անգլիան։ Եվ փաստորեն իրավիճակը հիշեցնում է այն աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ավելի քան մեկ դար առաջ եղել են աշխարհում և Հարավային Կովկասում։ Փաստորեն բոլշևիկյան Ռուսաստանը, ստանալով անգլոսաքսոնների և թուրքերի աջակցությունը, Եվրոպային դուրս մղեց արցախյան բանակցություններից։ Ազգերի լիգայի որոշումը մնաց օդում՝ Արցախի մասով չիրագործված։ Եվ փաստորեն այդ եռյակը՝ Մոսկվա-Բաքու-Անկարա, ի վերջո նախաձեռնեցին և կնքեցին Կարսի պայմանագիրը, որտեղ Հայաստանի մասնակցությունը խիստ ձևական էր։ Դա կապիտուլյացիոն պայմանագիր էր, և այսօրվա «խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանը մեկնաբանում է Սահմանադրության փոփոխությամբ, ռևանշիզմի քարոզի բացակայությամբ։
Կամ Թուրքիան ասում է՝ պետք է տարածքային պահանջները մոռանաք Ադրբեջանի և մեր նկատմամբ, Սահմանադրությունը փոխեք, բանակը կրճատեք և այլն։ Դա այն նույն կապիտուլյացիոն պահանջներն են, որոնք ժամանակին դրվել են Հայաստանի առաջ Կարսի պայմանագրով։ Այն ժամանակ ևս հայերը հրաժարվեցին Սևրի պայմանագրից, մինչ այդ՝ Մուդրոսի պայմանագրի պայմաններից, որով վերջ էր դրվում Թուրքիայի գոյությանը՝ որպես պետության, և այն սահմաններն ընդունեցին, որը թելադրեցին Նարիմանովը, Աթաթուրքը և Լենինը։
Այսինքն՝ Մինսկի խմբի լուծարումը, չար, ագրեսիվ, կործանարար ուժերի անդրկուլիսյան պայմանավորվածության ու գործարքի արդյունք էր։ Եվ ամենացավալին այն է, որ հայերը ևս այն գործիքն են, որն օգտագործում են և Թուրքիան, և Անգլիան ու Ռուսաստանը, որպեսզի Մերձավոր Արևելքում և աշխարհում ուժերի նոր դասավորվածություն լինի, որպեսզի լարվածության նոր օջախ ստեղծվի։ Այդ խաղերը հանգեցրել են երկու համաշխարհային պատերազմի։
-Իսկ կարո՞ղ է նոր ֆորմատ ձևավորվել Արցախի հարցով, ընդհանրապես ո՞վ է լիազորված բանակցելու հիմա արցախցիների անունից։
– Ըստ էության ամենավատն այն է, որ արցախցիներն ի սկզբանե կուրորեն վստահում էին Մոսկվային։ Օրինակ՝ նույն Արայիկ Հարությունյանը կամ Բակո Սահակյանը գործում էին որպես Հայաստանի ղեկավարության ենթականեր, ոչ թե որպես գոնե ձևականորեն անկախ պետության ղեկավարներ։ Նրանք անում էին այն, ինչ թելադրվում էր Երևանի կողմից, և հիմա այս պայմաններում, երբ արցախյան իշխանությունների վերընտրվելու ժամկետը սպառվել է, մենք չկարողացանք այն մեխանիզմը ստեղծել, որպեսզի ժողովրդի կողմից վստահություն վայելող գործադիր և օրենսդիր իշխանություն ձևավորվի։
Արդյոք մենք համաձա՞յն ենք Արցախի մասով այն հարցադրումներին, որն ընդունում են Հայաստանի իշխանությունները, արդյո՞ք մենք ընդունում ենք այն կրկնակի ստանդարտները, որոնք կիրառել է Ռուսաստանը։ Իրենք ըստ էության ընդունել են Աբխազիայի և Աջարիայի ինքնորոշման իրավունքը, բայց Արցախի ինքնորոշման իրավունքը չեն ընդունել։ Ինչո՞ւ 20-25 տարվա ընթացքում թեկուզ Հայաստանի կողմից Արցախը չճանաչվեց։ Այն մոտեցումները, որոնք առաջարկում էր աշխարհը, արգելափակվեցին Հայաստանի միջոցով և Ռուսաստանի թելադրանքով։ Եվ ըստ էության փաստորեն այն տպավորությունը ստեղծվեց, որ Արցախի վիճակը 32 տարվա մեջ պահվում էր սառեցված վիճակում, որպեսզի Արցախը ամբողջությամբ Ադրբեջանի միջոցով հանձնվի սիոնիստներին։
Այսինքն՝ ինչպես Մենախեմ Բեգինը՝ Իսրայելի վարչապետն էր դեռ Արցախյան շարժման սկզբին ասել՝ «դա մեր հողն է, դրախտավայրն է և դա մեզ կվերադառնա», ինչպես 1918 թվականին սիոնիստներն ասում էին՝ «Շիրվանը փաստորեն Կովկասի սիոնիստական պետությունն է, և առաջին ադրբեջանական անկախ պետությունը ստեղծվել է հենց Գանձակի շուրջ, այդ Գանձակն է եղել կենտրոնը, հենց Ղարաբաղում է ստեղծվել առաջին մահմեդական պետությունը՝ սիոնիստական պետություն», նույնը հիմա է կատարվում։ Եվ ամենացավալին այն է, որ նախաձեռնող կողմը Ռուսաստանն է։ Անգլիացիները նույնիսկ այնքան չէին ջանում, որ Ադրբեջանը որպես պետություն ճանաչվի, որքան Ռուսաստանը։ Եվրոպայի հրեական լոբբին ավելի շատ ազդեցություն գործեց Ադրբեջանի ճանաչման գործում, քան բուն անգլիացիները։ Անգլիացիներին նավթն էր պետք։
Ու հիմա ըստ էության նույնն է կատարվում։ Օրինակ՝ ես նկատեցի, որ նախկին ղեկավարությունը Մոսկվային վերաբերվում է, ինչպես սովետական ժամանակներում խորհրդային հանրապետությունները վերաբերվում էին կենտրոնին։ Հայաստանի ղեկավարությունը փորձում էր հաճոյանալ և նույնիսկ Մոսկվայի թելադրանքը որպես հրաման էր ընդունում։ Սերժ Սարգսյանը մեկ օրվա մեջ կասեցրել է Եվրամիություն ինտեգրման խնդիրը։ Փաշինյանն այդ պրոցեսն ավելի է երկարացրել։ Այսինքն՝ հիմա ըստ էության մեր օրակարգում Եվրամիությանը միանալու խնդիր չկա։ Արդեն ոնց որ բաժակաճառ է ասում Փաշինյանը, ասում է՝ ես 20 տարի հետո Հայաստանը տեսնում եմ Եվրամիության կազմում։
Ինչ վերաբերում է նոր ֆորմատին, դեռ պաշտոնապես որևէ բան չկա։ Այսպիսի խոսակցություն կա, որ միգուցե Եվրամիությունը կամ որևէ առանձին երկիր որպես միջնորդ հանդես գան։ Ու փաստորեն երկու տարբերակ կա՝ մեկը, որ Ադրբեջանը կարող է այդ դերը տա Մոսկվային՝ այն պայմաններով, որ Մոսկվան որոշակի զիջումների կգնա, որոշ հարցերում իրեն և Թուրքիային կընդառաջ։ Եվ նոյեմբերի 9-ի համաձայնությունը կվերակենդանանա, Մոսկվան էլ կստանա այսպես ասած այդ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը։ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանության ևս մի մասը։ Երկրորդը՝ ինչպես ասացի, դա հավաքական Արևմուտքն է՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ որևէ առանձին սուբյեկտ։ Բայց ես ասեմ՝ հիմնականում ով է մերժում հիմա։ Հիմա հիմնական խոչընդոտողը Հայաստանն է, բայց Հայաստանի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, որն ուզում է այդ խնդիրը իրենով անել։ Նաև կանգնած է Թուրքիան, որը, օգտվելով նրանից, որ Ռուսաստանը թույլ է, բոնուսներ է ստանում նավթի առևտրից, կարողանում է իր ազդեցությունը Բաքվի վրա օգտագործել և լրացուցիչ արտոնություններ ստանալ նավթամթերք, գազամուղ, ֆինանսական աջակցություն և այլն։ Ու ըստ էության Հայաստանն այն դիրքում է, որ ինքն իր ժողովրդի ապագայի, իր ազգային միասնության հաշվին, իր ինքնության հաշվին հաճոյանում է այն երկրներին, որոնք իրեն խաղաքարտ ու մանրադրամ են սարքել։
Ի՞նչն է հետաքրքիր, որ այս իրավիճակը ժամանակավորապես շահում է միայն իշխանությունը և այն էլիտան, որն իշխանության հետ առնչություն ունի՝ օրինակ՝ օլիգարխները, բանկերի տերերը, բարձրագույն չինովնիկները, ուժայինների որոշ հատված, որոնց արտոնությունները անասելիորեն շատացել են։ Բայց ընդհանուր առմամբ ժողովրդի համար շատ ծանր վիճակ է։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում ուժեղ փոխակերպումներ են, նոր աշխարահարկարգ է ստեղծվում։ Եվ երրորդ համաշխարհային պատերազմի ու Ռուսաստանի կործանման վտանգը գնալով ավելի է հասունանում։ Իսկ մեր լինել-չլինելու հարցը՝ որպես ազգ, ավելի ակտուալ է դառնում։ Ես կասեի՝ հիմա ավելի սուր է այդ հարցը, որովհետև 1918-20 թվականին Արցախ կար, ինքնապաշտպանության ջոկատներ էին, հայերն ավելի մեծ մանևրելու տեղ ունեին։ Հիմա մեր շանսերը այնքան էլ շատ չեն, և միակ լավ բանն այն է, որ մեր հարևանը Իրանն է, ինքը մեզ ըմբռնումով է մոտենում։ Իրանը դեռևս որևէ թշնամական քայլ մեր հանդեպ չի արել, թեկուզ գիտակցում է, որ ԹՐԻՓՓ-ն իր դեմ է։
Այն խաղը, որը Հայաստանը տանում է Թուրքիայի միջոցով լարվածություն, լարվածության օջախ պահպանելու համար, շատ վտանգավոր է։ Փաստորեն, ըստ էության, Թուրքիայի մուտքը տարածաշրջանային հակամարտության մեջ ապահովեց Մոսկվան, և մերոնք ահագին օգնեցին, «բայրաքթարները» մեզ մոտ ազատ գործեցին։
Կարելի է ասել, Թուրքիան էլի կարողացավ Ռուսաստանի դեմ արդյունավետ խաղալ, և իմ կանխատեսումը սա է՝ Թուրքիան ավելի շատ բան է պոկելու Ռուսաստանից, և Հայաստանի վիճակը ավելի վատթար է լինելու։ Թուրքիայում անցկացված այդ հայտնի գագաթնաժողովում Փաշինյանին չորրորդ շարքում կանգնեցնելը այդ մասին է փաստում։ Բոլորը կանգնած, Փաշինյանին ձեռքով են անում, ասում են՝ դու էլ արի։
Ռոզա Հովհաննիսյան