Ինչո՞ւ արցախցիներին աջակցելու համար առանձին հիմնադրամ և մարմին չի ստեղծվում

Արցախահայերի աջակցության հարցը շարունակում է մնալ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ 2026 թվականի նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Սենատում այս խնդիրը բարձրացրել է սենատոր Մարի-Արլետ Կառլոտին՝ Ֆրանսիայի կառավարությունից պահանջելով հստակեցնել, թե 2023 թվականից արցախցիներին աջակցելու նպատակով մոբիլիզացված շուրջ 32 միլիոն եվրոյից որքան գումար է փաստացի փոխանցվել, ինչ ծրագրերի է ուղղվել և ովքեր են եղել շահառուները։ Նա նաև բարձրացրել է առաջիկա տարիներին բնակարանային, առողջապահական և զբաղվածության խնդիրների լուծման համար լրացուցիչ աջակցության անհրաժեշտության հարցը։

Ֆրանսիացի սենատորի հարցադրումը կարևոր է ոչ միայն Ֆրանսիայի տրամադրած օգնության, այլև միջազգային աջակցության ընդհանուր արդյունավետության տեսանկյունից։ Խնդիրը միայն հավաքագրված գումարների չափը չէ, այլև այն, թե որքանով են դրանք հասնում արցախցիներին և լուծում նրանց իրական կարիքները։

FIP.am-ի ուսումնասիրության համաձայն՝ միջազգային կառույցների և գործընկերների կողմից արցախցիներին աջակցելու նպատակով մոբիլիզացված օգնության ընդհանուր ծավալը գնահատվել է շուրջ 165 միլիոն դոլար կամ 64,5 միլիարդ դրամ։ Սակայն Հայաստանի կառավարության տվյալներով՝ ուսումնասիրության պահին շահառուներին փոխանցվել էր ընդամենը շուրջ 8 միլիարդ դրամ՝ ընդհանուր գումարի մոտ 12,4 տոկոսը։

Այս ցուցանիշը չի նշանակում, որ մնացած միջոցները չեն օգտագործվել․ դրանց մի մասն ուղղվել է միջազգային կազմակերպությունների ծրագրերին և ծառայություններին։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հստակեցնել, թե որտեղ են գտնվում այդ միջոցները և ինչ իրական արդյունք են ապահովում տեղահանվածների համար։

Այս հարցում պատասխանատվությունը ոչ այնքան միջազգային դոնորների վրա է։ Հայաստանի կառավարությունն է պատասխանատու արտաքին աջակցությունը համակարգելու, պետական միջոցները նպատակային բաշխելու և արցախցիների կարիքներին համապատասխան քաղաքականություն մշակելու համար։

Կառավարության ներկայիս մոտեցումը ենթադրում է կարճաժամկետ սոցիալական աջակցությունից աստիճանական անցում դեպի հասցեական ծրագրեր, զբաղվածություն և տնտեսական ինքնուրույնություն։ Սակայն այդ քաղաքականության արդյունավետությունը պետք է գնահատվի իրական արդյունքներով։

2026 թվականի նոյեմբերի 9-ին Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են աջակցության ծրագրերի ընթացիկ վիճակն ու առաջիկա փոփոխությունները։ Նախարարության ներկայացուցիչ Էդգար Բզնունու խոսքով՝ որոշ սոցիալական ծրագրեր կավարտվեն 2026 թվականի դեկտեմբերին, իսկ մյուսների պայմաններն ու ֆինանսավորման չափերը վերանայվում են։ Միաժամանակ զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է զբաղվածության նոր ծրագիր, որը հնարավորություն կտա աշխատանքի տեղավորվել նաև վերջին տարիներին աշխատանքային հարաբերություններ չունեցած տեղահանված անձանց։

Կառավարությունը հոկտեմբերի 29-ի որոշմամբ երկարաձգել է նաև սոցիալական աջակցության ծրագրերը։ Առանձին խմբերի համար նախատեսված ամսական 30 հազար դրամ աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի հունիսը, սակայն ապրիլից կնվազի մինչև 15 հազար դրամ։ Միաժամանակ կարիքավոր ընտանիքների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2027 թվականի դեկտեմբերը։ Հոկտեմբերի տվյալներով՝ դրանից օգտվում էր 8600 ընտանիք։

Այսպիսով, մի կողմից՝ կառավարությունը երկարաձգում է սոցիալական ծրագրերը, մյուս կողմից՝ որոշ խմբերի համար կրճատում աջակցությունը՝ տնտեսական ինքնուրույնության խթանման հիմնավորմամբ։ Սակայն արդյոք այս մոտեցումն իրատեսական է, երբ շատ ընտանիքներ դեռ չունեն կայուն աշխատանք, բավարար եկամուտ և բնակարանային ապահովություն։

Բնակարանային ծրագրում նույնպես  խնդիրներ կան։ 2026 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շրջանակում հաստատվել էր 9042 հավաստագիր, որոնցից 5372-ն արդեն իրացվել էր։ Այսինքն՝ պետական աջակցությամբ շուրջ 25 հազար արցախցի Հայաստանում ձեռք է բերել անշարժ գույք կամ գտնվում է բնակարանի կառուցման փուլում։ Միաժամանակ, հավաստագիր ստացած ընտանիքների մի մասը դեռ չի կարողացել այն իրացնել։ Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ պատրաստի բնակարանների առաջարկի նվազման պայմաններում շահառուներն ավելի հաճախ են ընտրում կառուցապատման տարբերակը։ 2026 թվականին ծրագրի համար նախատեսված 31 միլիարդ դրամի շուրջ կեսն արդեն օգտագործվել էր, իսկ 2027 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 42 միլիարդ դրամ։

Դրան զուգահեռ արցախցիների մոտ  հարցեր են առաջանում ծրագրի մատչելիության վերաբերյալ, քանի որ անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում պետական հավաստագիրը հաճախ բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար։

Այս մտահոգությունները բարձրաձայնել է նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ ԱԺ-ում արցախահայերի սոցիալ-տնտեսական խնդիրների քննարկման ժամանակ նրա գնահատմամբ՝ արցախցիների շրջանում աղքատությունը հասնում է 60-70 տոկոսի, իսկ պետական քաղաքականությունը բավարար արդյունավետ և հասցեական չէ։ Նա քննադատել է սոցիալական աջակցության կրճատումը՝ ընդգծելով, որ բնակարանային խնդիրը դեռևս լուծված չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է աջակցության բովանդակությունը փոխել՝ հրատապ հումանիտար օգնությունից անցում կատարելով երկարաժամկետ լուծումների։ Բնակարանի, կայուն աշխատանքի, առողջապահության, կրթության և մասնագիտական վերապատրաստման խնդիրները փոխկապակցված են։ Այս առումով կարևոր է նաև Հայկ Խանումյանի առաջարկած մոտեցումը՝ շեշտը դնել տնտեսական ինքնուրույնության և երկարաժամկետ զարգացման վրա։ Ծրագրերի արդյունավետությունը պետք է չափվի ոչ թե անցկացված վերապատրաստումների կամ տրամադրված դրամաշնորհների քանակով, այլ ստեղծված աշխատատեղերով, գործող փոքր բիզնեսներով և մարդկանց եկամուտների աճով։

Այս պայմաններում անհրաժեշտ է քննարկել աջակցության կառավարման ավելի համակարգված մոդել։ Արցախցիների համար նախատեսված միջոցները կարող են համախմբվել միասնական հիմնադրամում, որը կմիավորի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի և մասնավոր նվիրատուների ֆինանսավորումը։ Այն պետք է գործի անկախ հասարակական խորհրդի վերահսկողությամբ՝ ներգրավելով Արցախի ներկայացուցիչների, տնտեսագետների, ֆինանսիստների, իրավաբանների և հասարակական կազմակերպությունների։

Հիմնադրամի կարևորագույն սկզբունքները պետք է լինեն թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ծրագրերի առաջնահերթությունները պետք է որոշվեն արցախցիների իրական կարիքներով՝ բնակարանային ապահովություն, առողջապահություն, վերականգնում, կրթություն, զբաղվածություն և փոքր բիզնեսի զարգացում։ Առանձին ուշադրություն պետք է դարձվի խոցելի ընտանիքներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց։

Նման հիմնադրամը կամ փախստականների հարցերով զբաղվող առանձին մարմինը կարող են լրացնել միջազգային դոնորների համաժողովի բացակայության հետևանքով առաջացած բացը։ Արտակ Բեգլարյանը բազմիցս առաջարկել է նման համաժողով հրավիրել՝ միջազգային հանրությունից և Սփյուռքից լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար։ Step1.am-ի հարցազրույցում նա քննադատել է կառավարության՝ նման համաժողով չկազմակերպելու դիրքորոշումը։

Պետությունը, միջազգային կառույցներն ու բարեգործական կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն ոչ միայն հատկացված միջոցների, այլև դրանց արդյունքում արձանագրված փոփոխությունների համար։ Եթե աջակցությունը չի հասնում շահառուներին կամ չի լուծում նրանց հիմնական խնդիրները, անհրաժեշտ է վերանայել ոչ միայն ֆինանսավորման բաշխման մեխանիզմը, այլև աջակցության ամբողջ քաղաքականության տրամաբանությունը։

Արսեն Աղաջանյան