
Հայաստանը հակառուսական չէ, հանրապետությունը պարզապես ցանկանում է դուրս գալ իր մեկուսացումից։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով երկաթուղու կոնցեսիայի հարցը։
Ինչպես նշել է Ռուբինյանը, խնդիրն այն է, որ ՀՀ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կոնցեսիայի ներքո, իսկ ռուսական ընկերությունները ենթարկվում են պատժամիջոցների։ Այս իրավիճակը ստեղծում է ռիսկ, որ Հայաստանը կկորցնի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, կրելով տնտեսական վնասներ։
Ավելին, երկաթուղին վերանորոգման և վերականգնման կարիք ունի։ ՀՀ խորհրդարանի նախագահի խոսքով՝ ռուսական կողմը դժկամությամբ է նման աշխատանքներ ձեռնարկում, քանի որ այն շահութաբեր չի համարում։
«Սա քաղաքական հարց չէ, այլ տնտեսական… Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի կամ «Ռուսական երկաթուղիների» դեմ։ Բայց մենք խնդիրներ ունենք մեր մեկուսացման հետ կապված, և մենք չենք ուզում մնալ այս իրավիճակում։ Մենք պետք է լուծումներ գտնենք երկաթուղային մեկուսացումը հաղթահարելու և տարանցիկ երկիր դառնալու համար», – ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու հարցը ծագել է այս տարվա սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական ընկերության կողմից երկաթուղիների կառավարումը «զրկում է Հայաստանին իր ռազմավարական դիրքից և մրցակցային առավելություններից»։ Ավելի ուշ նա առաջարկեց Մոսկվային քննարկել կոնցեսիան բարեկամ որևէ երրորդ երկրին փոխանցելու հարցը՝ Ղազախստանը նշելով հնարավոր տարբերակների շարքում։
Ո՞վ է կոնկրետ ռուսական կոնցեսիայի դադարեցումը դրել որպես տարածաշրջանային շրջափակման վերացման պայման։ Երևանը դեռևս չի պատասխանել այս հարցին։ Համենայն դեպս, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իրանը բացահայտորեն նման պահանջներ չեն ներկայացրել։ Ավելին, Ադրբեջանը, Վրաստանը և շատ այլ երկրներ ներկայումս ակտիվորեն համագործակցում են «Ռուսական երկաթուղիների» հետ։
Թե՞ ռուսական կոնցոսիայի հարցն առաջացել է՝ արդարացնելու համար Ադրբեջանի կտրուկ հրաժարումը օգտվել հայկական երկաթուղիներից։ Ադրբեջանը չի պատրաստվում “բացել” Հայաստանը, այն մտադիր է օգտագործել միայն “անարգել” ԹՐԻՓՓ-ը, ինչից Հայաստանի շրջափակումը ավելի կսաստկանա։
Ռուսաստանը, որը TRIPP-ը համարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ առաջարկված «Զանգեզուրի երկաթուղու» ամերիկյան տարբերակը, մտադիր է դառնալ այս նախագծի մաս։ Եվ Հայաստանի կառավարությունը ներկայումս չի կարողանում կամ չի ուզում դրան ընդդիմանալ։
Երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ Հայաստանի տեսակետները, ինչպես նաև բեռնափոխադրումների ավելացման հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի գնահատականները քննարկվել են նոյեմբերի 17-ին Երևանում՝ երկաթուղային հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ հանդիպումը նվիրված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) կոնցեսիոն կառավարման արդյունավետությանը։ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայից դուրս գալու մասին խոսք չի եղել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը հանդիպումից հետո հայտարարել է. «Օրակարգի հիմնական թեմաներն էին վարչապետի կողմից մեր կոնցեսիայի արդյունավետության վերաբերյալ ուրվագծված հարցերը և, իհարկե, այն ոլորտները, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել», – ասել է Իվանյանը՝ հավելելով, որ քննարկված թեմաներից մեկը երկաթուղային հատվածների վերականգնումն է։
Հարցին, թե արդյոք ռուսական կողմը հակված է մասնակցել այս աշխատանքներին, փոխնախարարը պատասխանել է. «Լսեք, սա առաջին հանդիպումն է։ Իհարկե, մենք կվերադառնանք բազմաթիվ տեխնիկական մանրամասների, բայց ընդհանուր առմամբ, մենք նորմալ, բովանդակալից քննարկում ենք անցկացնում»։